ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ուղղված ՌԴ ուղերձը ուղղակի առնչվում է Հայաստանին. Դանիելյան
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ուղղված Ռուսաստանի Դաշնության ուղերձը ոչ թե անուղղակի, այլ ուղղակի առնչվում է Հայաստանին։ Խոսքը միայն ՆԱՏՕ֊ին որևէ կերպ անդամակցելու կամ միջին ու փոքր հեռավորության հրթիռների արգելքին չի վերաբերում, այն առնվազն վերաբերում է նաև զորավարժությունների արգելքին, ինչը վերջին շրջանում անչափ հրապուրիչ է դարձել Թուրքիայի պարագայում։ Այս մասին գրում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
"Աշխարհի քաղաքական, պետական գործիչները, քաղաքագետները, իրավագետները, լրատվության առաջատար աղբյուրներն այս օրերին կենտրոնացել են բացառապես այս ուղերձի վերլուծության, արձագանքների վրա։ Մի խոսքով, այն ուղղակի որակել են որպես վերջնագիր (ուլտիմատում)։ ՌԴ֊ն այլևս մի կողմ է դրել դիվանագիտական ոճաբանությունը, ընդ որում, ոչ թե հրավիրում է բանակցությունների, այլ ուղերձին կցել է իր սեփական անվտանգության միակ երաշխիք ընկալվող Համաձայնագրի նախագիծը՝ պահանջելով ստորագրել, վերադառնալով 1997 թ. ելակետային դիրքերը։ Հընթացս նկատենք, որ ըստ նույն մամուլում արտացոլված նյութերի՝ Չինաստանը արդեն հայտնել է Համաձայնագրի առնչությամբ իր աջակցությունը։
Այսպիսով, սա դարձել է թիվ 1 թեման, դե իսկ մենք կարող ենք և լռել, քննարկելու «հրատապ» թեմաների պակաս չունենք, բայց չենք կարող խուսափել կոնկրետ քայլերից, որոնք ակամա բացահայտելու են մեր դիրքորոշումները՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ",- կարծում է Դանիելյանը: