23.11.2024
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ուղղված ՌԴ ուղերձը ուղղակի առնչվում է Հայաստանին. Դանիելյան
prev Նախորդ նորություն

Տեսանելի հեռանկարում Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորություն չկա. Բոստանջյան

ՀՀ-ում 2021 թվականի սոցիալ-տնտեսական իրավիճակի ամփոփ ու իրական գնահատականը կայանում է հետևյալում՝ պետական կառավարման, անվտանգության, պաշտպանության, արտաքին քաղաքականության, տնտեսության և սոցիալական ապահովվածության ոլորտներում հաջողության, ինչպես նաև տեսանելի հեռանկարում դրան հասնելու հնարավորության բացակայություն։ Այս մասին VERELQ-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:


- Պարոն Բոստանջյան, ինչպե՞ս ենք փակում 2021 տնտեսական տարին:


- Յուրաքանչյուր երկրում քաղաքացիների ճնշող մեծամասնությունն երբևիցե հակված չէ արժևորել, առավել ևս մասնագիտական առումով գնահատել նշված ոլորտներում առկա հաջողությունները կամ անհաջողությունները։ Այդպիսի զանգվածի հիմնական ուշադրությունն առաջին հերթին բևեռված է լինում սոցիալական այն խնդիների վրա, որոնք ծառացած են նրանց արջև։ Նման խնդիրների շարքում գլխավորապես առանձնանում են եկամուտների, աղքատության, գնաճի, պետական պարտքի, և շրջանառվող արժույթի արժեզրկման հետ կապված հարցերը։ Պետական կառավարման, անվտանգության, պաշտպանության, արտաքին քաղաքականության, տնտեսության և սոցիալական ապահովվածության ոլորտներում հաջողության, ինչպես նաև տեսանելի հեռանկարում դրան հասնելու հնարավորության բացակայություն։


Շուկայական հարաբերությունների ձևավորման անցած ժամանակահատվածը Հայաստանում ուղեկցվեց եկամուտների ոչ արդյունավետ բաշխվածությամբ, որը հիմնականում պայմանավորված էր պետական գույքի մասնավորեցմամբ և ստվերային շրջանառության շրջանակների ընդլայնմամբ։ Իշխանափոխությամբ եկամուտների բևեռացվածությունն ավելի մեծացավ, ինչն, ընդհանուր առմամբ, դարձավ սոցիալական խնդիրների լուծմանը և տնտեսական առաջընթացի ապահովմանը հակազդող գործոն։


- Օրերս ՀՀ Վիճակագրական ծառայությունը հրապրակաեց աղքատության մասին տվյալներ, համաձայն որի՝ 2020 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27%, ինչը նախորդ տարվա համեմատ  0.6 տոկոսային կետով բարձրացել է:

- Այո, իրավացի եք՝ աղքատության վերաբերյալ վերլուծական է ներկայացված վիճակագրական ծառայության "Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2021" զեկույցում, ըստ որի 2020 թվականին աղքատության մակարդակը հանրապետությունում գնահատվել է 27 տոկոս։ Սակայն ըստ ամիսներ առաջ Համաշխարհային բանկի կողմից տրված գնահատականի՝ այն հանրապետությունում աճել է 7-8 տոկոսային կետով։ Հիշեցնենք, որ աղքատության մակարդակը 2017 թվականին հանրապետությունում կազմել է 25,7 տոկոս։


Գնային ճնշումները, որոնք հիմնականում կարող էին պայմանավորված լինել համավարակի դեմ պայքարի անարդյունավետությամբ, պատերազմի նորանոր հետևանքների բացահայմամբ, եկամուտների բաշխման խիստ բևեռացվածությամբ և սոցիալական ու շուկայական այլ գործոններով, ուժեղացել են հատկապես վերջին ամիսների ընթացքում առաջին անհրաժեշտության պարենամթերքի գների կտրուկ թանկացմամբ։ Նման պայմաններում խիստ մեծացել է այն մարդկանց թիվը, որոնք ոչ միայն իվիճակի չեն բավարարել իրենց կենսաապահովման տարրական պահանջմունքներն, այլև ձեռք բերել ֆիզիոլոգիական ապահովության նվազագույն պարենամթերք։ Այլ խոսքով, աղքատության իրական մակարդակը հանրապետությունում շատ ավելի բարձր է, քան ներկայացված է զեկույցում։ Այն, իմ համոզմամբ, ձգտում է 50 տոկոսի, որն, ակնհայտորեն, շատ ավելի բարձր է, քան մինչև իշխանափոխությունը։

- Պարոն Բոստանջյան, Հայաստանի կառավարության պետական պարտքը 2020 թվականից հատել է կարմիր գծի շեմն ու խախտել հարկաբյուջետային ոսկե կանոնը՝ գերազանցելով ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ի շեմը։ Ի՞նչ է սա նշանակում:


- Տնտեսության ծանր վիճակի մասին է խոսում հանրապետության պետական պարտքը։ Այն նախատեսվում է հաջորդ բյուջետային տարում ավելացնել ևս մեկ մլրդ դոլարով, քանի որ 2022 թվականին 600 միլիոնից ավելի ուղղվելու է նախկինում կուտակված պարտքերի մայր գումարների վերադարձմանն, իսկ 450-ը՝ տոկոսների վճարմանը։ Բյուջեից նման ծախսերի կատարումն առանց նոր պարտքի ներգրավվման նշանակում է կենսական, առաջնահերթ ու կարևոր բազմաթիվ ծախսերի բացառում կամ լավագույն դեպքում դրանց խիստ կրճատում։ Փաստորեն նոր պարտքերը հետապնդում են նախկին պարտքերը մարելու նպատակ։


Սակայն հայտնի է, որ արդյունավետ պետական կառավարման համակաևգերում պարտքը ուղղվում է տնտեսության կառուցվածքի արդիականացմանը, գուրծունեության ժամանակակից ուղղությունների ստեղծմանը, նոր տեխնոլոգիաների զարգացմանը և այլն, այլ ոչ թե բազմամիլիոնանոց սպասարկող մեքենաների ձեռքբերմանը, անիմաստ գործողումների կազմակերպմանը, եկամուտների բաշխվածության բևեռացվածության խորացմանը, պարգևավճարների տրամադրմանը, առանձնասենյակների թանկարժեք կահավորմանը, ինչպես նաև պետության հաշվին այլ ճոխությունների ապահովմանը։


- Կառավարությունից հակադարձում են՝ կենսաթոշակների ու նպաստների չափը հունվարից կբարձրանա 2000 դրամով: Ի դեպ, իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ հայտարարել էր, որ "2100 դրամով թոշակի բարձրացումը հավասար է ավելի քան 50 % բարձրացման"... 


- Նույնիսկ չեմ պատրաստվում մեկնաբանել դա... Կարող եմ ասել միայն, որ այս ֆոնի վրա շատ ցցուն է աղքատության ցուցանիշը, որը մեր երկրում շարունակում է խորանալ։ Հատկանշական է այն փաստը, որ վերը հիշատակված ցուցանիշով աղքատների քանակը նկատելիորեն գերազանցել է մինչև իշխանափոխություն գրանցված մեծությունը։ Ակնհայտ է, որ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը և կենսաթոշակների չնչին ավելացումը ներկա բարձր գնաճի պայմաններում ոչ միայն կունենա զրոյական նշանակություն, այլև ավելի կվատթարացնի սոցիալական խոցելի խավի վիճակը։

- Տարին ամփոփում ենք անկառավարելի գնաճով և դրամի շարունակ արժեզրկմամբ: Որքանո՞վ է այն բացասաբար անդրադառնում առանց այն էլ ծանր վիճակում գտնվող տնտեսության վրա և ինչ կանխատեսում ունեք:

- Այսօրվա տնտեսական դաշտի խոցելի կողմերից մեկը դարձավ դրամի արժեզրկումը։ Դոլարի փոխարժեքը օրերի ընթացքում 478-ից հասավ 495 դրամի։ Պայմանավորված մետաղական հանքանյութի արտահանման ծավալների, ինչպես նաև միջազգային շուկայում դրա գների աճով ընթացիկ տարվա երկրորդ և երրորդ եռամսյակներում հանրապետությունում գրանցվեց դրամի արժևորում։ Դրան, անշուշտ, նպաստեց նաև արտաշխարհից տրանսֆերտների աճը և 1,2 մլրդ դոլարով ավելացած պետական պարտքը։ Սակայն ներկայումս հանրապետությունում կտրուկ նվազել է տնտեսական աճի տեմպն, ինչը բացառում է տարեվերջի կանխատեսված 6,5 տոկոսի ապահովումը։ Դրամի արժեզրկմանը նպաստում է նաև նախատոնական առևտրով պայմանավորված մեծաքանակ ներմուծումը և նախատեսված ու չիրագործված պետական նախագծերի կատարման համար շրջանառություն նետված փողերը։ Ակնհայտ է, որ այս պրոցեսը կասեցնելու համար անհրաժեշտ կլինի Կենտրոնական բանկի միջամտությունը։

Գնային ճնշումները մեղմելու նպատակով Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրեց ևս 0,5 տոկոսով, հասցնելով այն 7,75 տոկոսի։ Սա նշանակում է փողի թանկացում, ինչն ունի էական բացասական ազդեցություն տնտեսության վրա։ Ակնհայտ է, որ Կենտրոնական բանկը ստիպված է դիմում նման քայլերի, քանի որ գների և ֆինանսական շուկայում կայունության ապահովման խնդիրները օրենքով դրված են նրա վրա։ Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկն իր տրամադրության տակ ունեցած գործիքակազմով իզորու չէ իրականացնել անհնարինը։ Որքան էլ որ Կենտրոնական բանկն իր հիմնական գործունեությունն ուղղի օրենքով սահմանված նպատակների կատարմանը, ակնհայտ է, որ այդ գործում չափազանց մեծ պետք է լինի կառավարության դերը։ Սակայն վերջինս, կարծես թե, չի իմանում այդ մասին, ավելին՝ արհեստավարժության և նրա կողմից համակարգված ու արդյունավետ տնտեսական քաղաքականության բացակայության պայմաններում հանրապետության դրամային իշխանությունները, իմ համոզմամբ, անում են առավելագույնը։ Մինչև օրս Կենտրոնական բանկին դժվարությամբ հաջողվել է իր քաղաքականությամբ և գործիքակազմով զսպել գնաճային ռիսկերը հանրապետությունում և ապահովել հարաբերական ֆինանսական կայունություն։


Միաժամանակ, անհրաժեշտ է գիտակցել, որ Կենտրոնական բանկը իր գործողություններում օժտված չէ տնտեսության կառավարման լծակներով և ստիպված է հաշվի առնել նրանում տեղի ունեցող այն զարգացումները, որոնք իրենց ազդեցությունն են ունենում ֆինանսական համակարգի և գնաճի մակարդակի վրա։ Հետևաբար, խնդրի ամբողջական և համապարփակ լուծումը կարող է ապահովվել, երբ առկա է դրամավարկային քաղաքականության հետ կոորդինացված արդյունավետ ընդհանուր տնտեսական քաղաքականություն։


Լիա Խոջոյան