VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև բրյուսելյան հանդիպումը կարող է այս տարվա մեջ վերջինը չլինել։ ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, նախնական պայմանավորվածության համաձայն՝ չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այս տարի հանդիպեն ևս մեկ անգամ, ի դեպ՝ դարձյալ ՌԴ-ում։ Մենք տեղեկություն ունենք նաև, որ եթե այդ հանդիպումը կայանա, ապա այն ամփոփիչ բնույթ է կրելու։ Նախնական տեղեկության համաձայն, նոր հանդիպումը լինելու է ընդլայնված կազմով. պետությունների ղեկավարներից բացի, մասնակցելու են նաև եռակողմ հանձնաժողովի անդամները՝ փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը, Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները և արտաքին գործերի նախարարները։ Չնայած հանդիպման հետ կապված դեռևս ոչ մի պաշտոնական ակնարկ չկա, սակայն չի բացառվում, որ դրա մասին հայտարարվի հանդիպումից ընդամենը մեկ-երկու օր առաջ՝ ավելորդ շահարկումներից ու հարցադրումներից խուսափելու համար, առավել ևս, որ մեր աղբյուրի փոխանցմամբ, բոլոր դետալները դեռևս ճշգրտված չեն»:
«Իրավունք» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության 17-րդ համագումարի գլխավոր ինտրիգը, թերեւս կուսակցության նոր գործադիր մարմնի ընտրություններն էին: Պարզվեց` ՀՀԿ ղեկավար կազմի շարքերից դուրս են մնացել պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը, ԱԺ հինգերորդ գումարման փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը (Տաշիր), տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրանց փոխարեն ՀՀԿ ԳՄ շարքերը կհամալրեն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Աննա Մկրտչյանը, ՀՀԿ նախկին պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Կարինե Աճեմյանը, որը նաեւ ղեկավարում է ՀՀԿ կանանց խորհուրդը, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ հինգերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Հատկանշական էր այն, որ ՀՀԿ-ականները կուսակցության նորընտիր ղեկավար կազմից միայն Հայկ Մամիջանյանին էր, որ դեմ ոչ ոք չէր քվեարկել, եւ ընտրվեց 520 կողմ ձայներով, մյուսները ստացան նաեւ դեմ ձայներ: Ի դեպ, «Իրավունքի» հետ զրույցում ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանն ասաց, որ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոն այլեւս չի լինելու, իսկ թե ինչու, կատակեց. «Պարզապես, առաջին տեղակալի պաշտոնը մեր կուսակցության վրա չի գալիս»: Հիշեցնենք, որ ՀՀԿ առաջին տեղակալի պաշտոնը ձեւավորվելուց հետո` այն զբաղեցրեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ապա Վիգեն Սարգսյանը, որոնցից առաջինը դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը, երկրորդը՝ գրեթե երեք տարի է, ինչ մեկնել է ուսման Միացյալ Նահանգներ ու այդպես էլ չի վերադարձել»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Այսօր նշանակված է Երեւանի ավագանու հերթական նիստ, որի օրակարգում բյուջեի նախագիծն է։ Քաղաքապետարանի մեր աղբյուրները չեն բացառում, որ «Իմ քայլը» կբոյկոտի նիստը, չի ներկայանա «անվստահելի» քաղաքապետի հրավիրած նիստին, հատկապես, որ հաջորդ օրն էլ՝ դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստում, պետք է քննարկեն քաղաքապետին անվստահություն հայտնելու եւ նոր քաղաքապետ ընտրելու հարցը։ Հիշեցնենք, որ «Իմ քայլն» այդ նախագծով առաջարկում է քաղաքապետ ընտրել առաջին փոխքաղաքապետ, «Առաքելության» ցուցակով ավագանի անցած, ապա «Առաքելությունից» դուրս եկած Հրաչյա Սարգսյանին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տեւական ժամանակ է՝ Հայաստանում չի բնակվում։ Ընտրություններից հետո նա արտագաղթել է Մոսկվա եւ, ընտանյոք հանդերձ, բնակություն հաստատել այնտեղ։ Մեզ ասացին՝ դեռ ընտրություններից շատ ավելի առաջ էր որոշել մեկնել Հայաստանից, սակայն Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումը, ընտրությունները ստիպել էին, որ հետաձգի մեկնումը: Սողոմոնյանը վերջին տարիներին դասավանդում էր МГИМО-ում` պարբերաբար մեկնում էր Մոսկվա եւ վերադառնում, հիմա ե՛ւ դասավանդում է, ե՛ւ զուգահեռ գործունեություն է ծավալում ֆիլմարտադրության ոլորտում, գիրք է գրում, ասացին՝ համագործակցում է նաեւ մոսկվաբնակ հայտնի պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի հետ, որի վաղեմի ընկերն է: Համագործակցում է նաեւ Russia Today-ի հետ, որի խմբագիրը Մարգարիտա Սիմոնյանն է։ Զավակներն էլ սեպտեմբերից Մոսկվայում են դպրոց հաճախում։ Սողոմոնյանի փոխարեն Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավարի գործառույթներն իրականացնում է Բագրատ Միկոյանը։ Մեզ հետ զրույցում Վիկտոր Սողոմոնյանը շեշտեց` չի արտագաղթել, պարզապես ավելի հաճախ ու երկար է լինում Մոսկվայում։ Ապա մանրամասնեց․ «Ընտրություններից հետո մեկնեցի, որովհետեւ ազատ ժամանակ առաջացավ։ Հետաձգված գործեր կային, կարծես թե մեծ մասն արել եմ։ Շարունակում եմ դասավանդել МГИМО-ում, դասախոսություններիս նյութերով գիրքն եմ ավարտել, որը կհրապարակվի արդեն գարնանը, Մոսկվայում։ Russia Today-ի հետ եմ համագործակցությունս խորացրել եւ ընդլայնել»։ Հաստատեց նաեւ կինոինդուստրիայով զբաղվելու տեղեկությունը՝ նշելով, որ կինոդիտողների համար գալիք տարում անակնկալ ունի պատրաստած։ Վերջում հավելեց, որ մոտ օրերս գալու է` Ամանորը դիմավորելու է Երեւանում»:
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով ակտիվ դերակատարություն ուներ 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ, հիմա որոշել է քար լռություն պահպանել: Նրանից մեկնաբանություն ստանալու բոլոր փորձերն ապարդյուն են. որոշել է ընդհանրապես մամուլի հետ չխոսել, այսպես ասած, «իջել է ջրի հատակը, մինչեւ կանցնի վտանգը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել տարեկան 2019 եւ 2020 թվականների հայտարարագրերը: Խոսքը շվեցարահայ գործարարի, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահի մասին է, որը ներառվել է Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց ցանկում, քանի որ Շվեյցարիայի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 253-րդ հորիզոնականը: Փոխարենը ներկայացված է 2017 եւ 2018 թվականների հայտարարագրերը: Տեղեկացնենք, որ վարույթ է հարուցվում այն պաշտոնյաների դեմ, որոնք հայտարարագիր չեն ներկայացնում: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հյուպատոսի դրամական միջոցները 2018 թվականի վերջին կազմել է 6 մլն 250 հազար 405 շվեյցարական ֆրանկ, 667 հազար եվրո, 11 մլն 795 հազար դրամ: Որպես եկամուտ Սիրմաքեշը 4 վայրից աշխատավարձ է ստացել 502 հազար շվեյցարական ֆրանկ, 60 հազար եվրո, 2 մլն 250 հազար դրամ, 502 հազար շվեյցարական ֆրանկ: Մեկ ընկերությունից ստացել է 8 մլն 448 հազար շվեյցարական ֆրանկի չափով շահաբաժին: Մոտ 9 մլն դրամի չափով Սիրմաքեշը տրված վարձակալության դիմաց գումար է ստացել: Կնոջ՝ Անի Սիրմաքեշի հայտարարագիրը դատարկ է. ո՛չ եկամուտ ունի եւ ո՛չ էլ դրամական միջոցներ: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` Սիրմաքեշը «Արցախբանկի» 39.1 տոկոսի եւ «Արմսվիսբանկի» 80 տոկոսի բաժնետերն է: Նրա պաշտոնական հայտարարագրում իրական ունեցվածքի եւ դրամական միջոցների մասին տվյալներ, ըստ էության, չկան:
«ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանությունները ամեն ինչ անում են համայնքներում իրենց մարդկանց ղեկավար նշանակելու համար։ Գորիսում այլ ելք չունենալով՝ իշխանությունները նոր խորամանկության են ցանկանում դիմել։ Նախ նշենք, որ ամռանը Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում։ Օրենքի 27-րդ հոդվածի առաջին մասը լրացվել է հետեւյալ բովանդակությամբ. 2.1-ին մաս. «2.1. Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»: Սա արվում էր այն բանի համար, որ համայնքներում իրենց մարդիկ ունենան մինչեւ ընտրությունը։ Հիմա էլ իշխանությունները Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ պայքարելու համար մեկ այլ նախագիծ են առաջ քաշել։ Ըստ առաջարկվող փոփոխության՝ եթե համայնքի ղեկավարը կալանավորված է, կամ նրա պաշտոնավարումը անհնարին է, ապա կարող է այլ մարդ նշանակվել հենց իշխանությունների հայեցողությամբ։ Այսինքն՝ նրանք ամեն ինչ անում են, որ Առուշ Առուշանյանը չդառնա համայնքի ղեկավար, չնայած որ Գորիսում ստացել է բացարձակ ձայներ: Քաղաքացիների ընտրության իրավունքից շատ խոսող իշխանությունը չի հարգում քաղաքացու ընտրությունը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, իշխանական ամբողջ էլիտան հարսանեկան խնջույքի է մասնակցել։ Ավելի վաղ գրել էինք, որ ամուսնանում է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի որդին։ ՔՊ-ական պատգամավորը որդու հարսանիքին հրավիրած է եղել իշխող խմբակցության բոլոր պատգամավորներին իրենց կողմնակիցների հետ միասին։ Հարսանիքին ներկա են եղել նաեւ գործադիրի անդամներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ «Հարսանյաց արարողության բազմամարդությունը նրանով է նաեւ պայմանավորված եղել, որ հրավիրյալները, որ մեծամասամբ իշխանության ներկայացուցիչներ են եղել, իմացել են՝ Նիկոլ Փաշինյանը, որ Ղալումյանի հետ բացի վաղեմի մտերիմներ լինելը նաեւ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է, նույնպես ներկա է գտնվելու, հետեւաբար չեն ցանկացել «բացակա ստանալ»։ Ուրախ, բավական ակտիվ մթնոլորտում է անցել խնջույքը։ Ներկաները մի լավ «քեֆ» են արել»,- ասաց մեր զրուցակիցը։ Փաշինյանն ու թիմակիցները խնջույքի սեղանին չեն մոռացել նաեւ միմյանց կենացը խմել, գովել մեկմեկու ու երդվել, որ ՔՊ-ին ու թիմը դավաճանող որեւէ մեկին չեն ներելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը մեկնաբանել է ԵՏՄ Գործարար խորհրդում քննարկված «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման եւ տրանսպորտային միջոցների կապարակնքման» որոշումը եւ նկատել, որ բեռնափոխադրումների նոր կազմակերպումը մաքսային ծառայությունների աշխատանքը կդարձնի ավելի թափանցիկ, կմեծացնի ծավալի ու որակի վերահսկողության արդյունավետությունը, հնարավորություն կտա հսկել Հայաստան եկող մաքսային գները, կհավասարակշռի անդամ երկրների բյուջե մտնող միջոցները։ Փաստորեն, Ղազարյանը հեռվից ուշադիր հետեւում է հայաստանյան իրադարձություններին: Նա 1 տարուց ավելի է՝ ընտանյոք տեղափոխվել է Կիպրոս` մշտական բնակության, որտեղ անշարժ գույք է ձեռք բերել եւ իր բիզնեսն էլ հիմնականում հանել է Հայաստանից: Եվ ոչ միայն հետեւում է, այլեւ փորձում է ներազդել ՀՀ քաղաքականության վրա․ նրա ֆինանսավորմամբ է լույս տեսել Ժիրայր Լիպարիտյանի գիրքը` «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն», որը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, եւ որտեղ Հայոց ցեղասպանության թեմաները հեղինակը լուսաբանում է հակառակ` թուրքական տեսանկյունից»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզի Թալին համայնքում երեկ 3 ընդդիմադիր ուժերի միասնական բոյկոտի արդյունքում տապալվել է Տավրոս Սափեյանի երդմնակալությունը։ Քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի՝ Չաղ Ռուստամի ճնշումների արդյունքում զիջած Կարեն Գրիգորյանի մեկ ձայնի շնորհիվ քաղաքապետ ընտրված Տավրոս Սափեյանը չի կարող օրենքով սահմանված կարգով ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները: Բանն այն է, որ «Հայք» ցուցակի առաջին համար Կ․ Գրիգորյանը չի ներկայացել երեկվա նիստին, եւ նիստը՝ քվորումի բացակայության պատճառով, չի կայացել։ Պարզ չէ, թե հետագայում այս կազմով ինչպես է ավագանին աշխատելու: Մյուս կողմից՝ 3 խմբակցությունները` «Զարթոնքը», «Մեր համայնքը» եւ «Հայքը», դիմել են դատարան` վիճարկելով Սափեյանի «ապօրինի» ընտրությունը: 3 ուժի համատեղ հայտարարության համաձայն, ՔՊ անդամ Տավրոս Սափեյանը չէր կարող ընտրվել համայնքի ղեկավար, քանի որ չի առաջադրվել խմբակցության կողմից: Եթե դատարանը բավարարի հայցը, ապա օրենքի ուժով նրանց թեկնածուն կդառնա համայնքապետ։ Իհարկե, եթե իշխանությունը նոր ռեպրեսիաներ չիրականացնի»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Բոլոր ոլորտների անկախ փորձագետները պնդում են, որ Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո, իսկ վերջին 1 տարում՝ առավել ևս, պարզապես կառավարման խոր ու համապարփակ ճգնաժամ է: Դա վերաբերում է նաև գյուղատնտեսությանը: Տնտեսագիտության թեկնածու, գյուղատնտեսության ոլորտի փորձագետ Վարդան Ալեքսանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ գյուղոլորտի ցուցանիշները վերջին տարիներին բոլոր կտրվածքներով բոլոր ճյուղերում անկման դինամիկա են արձանագրում: «Մի քանի թվեր նշեմ: Դեռևս 2014 թ. գյուղատնտեսության ոլորտում արտադրվում էր 983 մլրդ դրամի արտադրանք, իսկ 2020 թվականին 16,7 տոկոսով նվազել է գյուղատնտեսության համախառն արտադրանքը, այսինքն՝ վեց տարի անց 164 մլրդ դրամով պակասել է արտադրանքը: Հետաքրքիր ցուցանիշ՝ բուսաբուծության ոլորտից: Դեռևս 2007 թ. բուսաբուծության ճյուղում համախառն արտադրանքը կազմում էր 429 մլրդ դրամ: 2020 թվականին այն կազմել է 384 մլրդ դրամ, այսինքն՝ նվազել է 10,5 տոկոսով: Փաստորեն հիմա պետք է մեծ ջանքեր գործադրել գոնե 2007 թվականի ցուցանիշին հասնելու համար»,- ասում է փորձագետն ու հավելում, որ վերջին տարիներին գյուղատնտեսական հիմնական մթերքների գծով ՀՀ-ում սպառման միջին ցուցանիշները՝ մեկ շնչի հաշվով, նույնպես կրճատվել են, այսինքն՝ կարտոֆիլինը, բանջարեղենինը, հացահատիկինը, և՛ արտադրության ցուցանիշներն են կրճատվել, և՛ բնակչության մեկ շնչի հաշվով միջին սպառման ծավալները: «Սա վկայում է այն մասին, որ բնակչությունն ավելի է աղքատանում, սնվելու խնդիրն ավելի է սրվում, շատ մարդիկ կրճատում են անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման ծավալները: Դրա մասին վկայում են վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալները»,- «Փաստի» հետ զրույցում ամփոփում է Վարդան Ալեքսանյանը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացում և փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին» օրենքում: Նշվում է՝ նախագծի ընդունումը պայմանավորված է «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ», «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն», «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա», «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» և «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲ ընկերություններին իրենց գործունեության ուղղությունը փոխելու հնարավորություն ընձեռելու և պետգույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրից «Նևրոզների կլինիկա» և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերությունները հանելու անհրաժեշտությամբ: Նախարարությունը հավելում է՝ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը» գործում է 2020 թ.-ի հունիսից, ունի բարձրագույն մասնագիտական որակավորում ստացած տարբեր բնագավառների մասնագետներ, որոնց աշխատանքի շնորհիվ արդեն իսկ իրականացվել է ավելի քան 100 պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա հետազոտություն:
Ստեղծվել են նաև նոր աշխատատեղեր: Կենտրոնը շարունակում է իր ծրագրային զարգացումը միջուկային բժշկության ոլորտում նոր ձեռքբերումների հասնելու ուղղությամբ, ինչպես նաև առկա է ակտիվ համագործակցություն «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի հետ, որը միտված է միջուկային ֆիզիկայի ոլորտը զարգացնելուն՝ օգտագործելով կենտրոնի հնարավորությունները: Հաշվի առնելով այն, որ կենտրոնը տարածաշրջանում միակն է իզոտոպների արտադրության գործառույթով և կենտրոնի սարքավորումների արտադրանքի թողունակությունը շատ ավելին է, քան պահանջարկը, դրա առաջիկա ուղղություններից է ստացված արտադրանքի արտահանման կազմակերպումը: Այն համագործակցում է նաև Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի առաջատարը հանդիսացող ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» հետ: Միևնույն ժամանակ հետպատերազմական և հետկովիդային իրավիճակով պայմանավորված նևրոտիկ, սթրեսային և սոմատոֆորմ խանգարումների հետևանքները մեղմելու նպատակով հոգեբանական աջակցության իրականացումը, խանգարումների ժամանակին և պատշաճ բուժումը, պացիենտների բժշկական օգնությունն ու սպասարկումը կարևոր է: Այս խնդիրները լուծելու համար առաջարկվում է «Նևրոզների կլինիկան» ևս հանել մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկից: Այսպիսով՝ բժշկական վեց ընկերություններին մասնավորեցման գործընթացի ավարտից հետո հնարավորություն կտրվի գործունեություն ծավալել այլ ուղղություններով, իսկ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը» և «Նևրոզների կլինիկան» կհանվեն պետգույքի մասնավորեցման ծրագրից՝ այն թողնելով պետական մասնակցությամբ, իսկ բաժնետոմսերի կառավարումը հանձնելով առողջապահության նախարարությանը: