Միայն Երուսաղեմ մայրաքաղաքով երկու պետությունների սկզբունքը թույլ կտա լուծել մերձավորարևելյան հակամարտությունը: Այդ մասին հունվարի 22-ին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ժամանելով ԵՄ-ի խորհրդի՝ ԱԳ նախարարների մակարդակով նիստին, որը բացվում է Բրյուսելում:«Այո, Երուսաղեմի շուրջ իրադրությունը մնում է բարդ: Եվրամիությունը շարունակում է հավատալ, որ միայն Երուսաղեմ մայրաքաղաքով երկու պետությունների սկզբունքը թույլ կտա մերձավորարևելյան հակամարտությունը լուծել ուղղակի բանակցությունների ճանապարհով: Մենք մեր ամերիկացի բարեկամների հետ կշարունակենք աշխատել այդ խնդրի շուրջ, մասնավորապես, Մերձավոր Արևելքի խնդրով միջնորդների քառյակի շրջանակներում»,-նշել է նա:Մոգերինին հավելել է, որ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարները նաև հանդիպում կանցկացնեն Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ, որը հունվարի 21-ին Բրյուսել իր այցի նախաշեմին Եվրամիությանը կոչ է արել ճանաչել Պաղեստինը ի պատասխան Իսրայելում իր դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի որոշման, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: