Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա ԵՄ խոստումներին. ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է կոտրած տաշտակի առաջ մնալ, եթե հավատա Եվրամիության (ԵՄ)՝ ընդհանուր եվրոպական շուկա մուտք գործելու դատարկ խոստումներին և հանուն դրա որոշի խզել կապերը Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում՝ մեկնաբանելով ԵՄ-ի եւ Երեւանի հարաբերությունների խորացման մասին "Հայաստանի բարեկամների ցանցի" զեկույցը, որը պատրաստվել Է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարությամբ:
"Զեկույցի համաձայն՝ Երեւանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, որտեղ Հայաստանն, ի դեպ, հիմնական շահառուն է։ Ընդ որում, թե երբ և ինչ պայմաններով հայերը կկարողանան մուտք գործել ԵՄ ընդհանուր շուկա, դրա մասին զեկույցի հեղինակները լռում են։ Կարող է այնպես պատահել, որ Եվրամիության սին խոստումներին հետևելով՝ հանրապետության բնակիչները մնան կոտրած տաշտակի առաջ", - նշել են դիվանագիտական գերատեսչությունում։
Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, "անհնար է ազատվել այն զգացումից, որ Եվրամիությունը Հայաստանն ընկալում է բացառապես որպես Եվրոպայի համար ռեսուրսների եւ շահույթի աղբյուր": "Ընդ որում, նորմալ են համարում, որ երկրի շահերն ու առաջնահերթությունները որոշվեն Բրյուսելից", - հավելել են դիվանագիտական գերատեսչությունում:
VERELQ-ը հիշեցնում է, որ Երևանը բազմիցս բողոքել է ՀԱՊԿ-ից՝ կազմակերպությունից պահանջելով դատապարտել Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ Մինչդեռ ռուսական կողմը բազմիցս հայտարարել է հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու պատրաստակամության մասին և նշել, որ առաքելության ժամկետները կախված են Հայաստանից: Ինչպես ասում են Մոսկվայում, "գնդակը Երևանի դաշտում է" ։
Հայկական կողմը՝ ի դեմս արտգործնախարար Արարատ Միրզոյանի, հայտարարել է, որ Երևանը չի հրաժարվում առաքելությունից, և որ աշխատանքները շարունակվում են: Այնուամենայնիվ, այս հարցում դեռ հստակություն չկա:
Մարտի 27-ին մի խումբ եվրոպացի դիվանագետներ և խորհրդարանականներ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորությամբ հրապարակել են "Հայաստանի բարեկամների ցանց" զեկույցը: Փաստաթղթի հեղինակները խոստովանել են, որ ավելի վաղ ԵՄ-ն դժկամությամբ է համագործակցել Հայաստանի հետ անվտանգության ոլորտում։ Եվրոպացի պաշտոնյաները Եվրամիությանը կոչ են արել "համարձակ քայլեր ձեռնարկել" Հայաստանին աջակցելու ուղղությամբ: