VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակը» գրում է․ Անցած շաբաթվա վերջին իրավապահներն առգրավել են Կապանի համայնքապետարանի՝ սուբվենցիաներին վերաբերող ֆինանսական փաստաթղթերը, կապարակնքել «Նորոգշին» ընկերությունը, առգրավել ՍՊԸ-ի փաստաթղթերը։ ՍՊԸ-ն պատկանում է համայնքապետ Գեւորգ Փարսյանի հորը, որը սուբվենցիաների մեծ մասն է իրականացնում։ Փարսյանն իրավապահների ուշադրության տակ է հայտնվել այն պահից ի վեր, երբ ամիսներ առաջ, Բագրատ սրբազանի՝ Սյունիք այցի ժամանակ, ի տարբերություն մյուս համայնքապետերի, ջերմ ընդունելության արժանացրեց նրան։ Փաստորեն, ամիսներ շարունակ աշխատել են նրա ուղղությամբ։ Երեկ ողջ օրվա ընթացքում Փարսյանը եւ համայնքապետարանից որեւէ մեկը չպատասխանեց մեր հարցերին:
«Հրապարակը» գրում է․ Սիսիանում ներիշխանական կրքերը չեն հանդարտվել։ Անցած շաբաթ գրել էինք, որ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանն ուզում է հեռացնել համայնքապետ Արմեն Հակոբջանյանին, քանի որ վրդովված է, որ իր շնորհիվ քաղաքապետ դարձածը սկսել է իր «գլխից թռնել», որոշել է նրան փոխարինել ավելի հնազանդ մեկով՝ փոխքաղաքապետ Կարեն Հովհաննիսյանով, ու այդ նպատակով ՔՊ-ական ավագանին բոյկոտում է ավագանու նիստերը։ Ներիշխանական հարաբերությունները Սիսիանում այնքան են լարվել, որ հարցը հասել է ՔՊ վարչությանը, եւ քաղաքական որոշում է կայացվել՝ Արմեն Հակոբջանյանը, առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանն ու տեղակալ Գարիկ Հակոբյանն առաջիկայում աշխատանքից ազատվելու դիմում կգրեն։ Արմեն Հակոբջանյանն ու Կարեն Հովհաննիսյանը վայր կդնեն նաեւ ավագանու մանդատները։
Ըստ մեր աղբյուրի՝ ՔՊ-ն որոշել է համայնքապետ դարձնել 34-ամյա Հովսեփ Առաքելյանին։ Նա համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանի զարմիկն է՝ քրոջ որդին, որի թեկնածության հետ սիսիանցիները համաձայն չեն․ ասում են՝ նա ընդամենը առաքիչի փորձ ունի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ է ցրել, չի կարող մեծ համայնք ղեկավարել։ Ավագանին ավելի շատ հակված է Գորայք համայնքի նախկին ղեկավար Աշոտ Հակոբջանյանի թեկնածությանը։ Ինչ վերաբերում է դեռեւս գործող համայնքապետի եւ Համբարձումյանի տարաձայնություններին, այն, ըստ լուրերի, ծագել է նախկին քաղաքապետ, ներկայում Սրբազան շարժման ակտիվ մասնակից, պատգամավոր Արթուր Սարգսյանի հանքի պատճառով: Համայնքապետը հանքի շահագործման թույլտվության համար հանրային լսումներ է նախաձեռնել, մինչդեռ Համբարձումյանը հրահանգել է` միանգամից մերժել: Սիսիանում ասում են, որ, բացի դրանից, վառելիքի թեմա էլ կա․ Համբարձումյանին պետք է ինչ-որ փայ հասներ` չի հասել։
«Հրապարակը» գրում է․ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-30-ը պաշտոնական այցով մեկնելու էր Կանադա, պատվիրակության կազմում կրկին ընդգրկվել էին բացառապես իշխանության ներկայացուցիչներ։ Այցից օրեր առաջ ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն տարածեց՝ դատապարտելով նաեւ այն փաստը, որ պատվիրակության մեջ չկան ընդդիմադիրներ․ «Մենք համոզված ենք, որ Հայաստանի գործող վարչախումբն իրավունք չունի որոշելու Արցախի կարգավիճակի ճակատագիրը եւ նախորոշելու Հայաստանի ինքնիշխան սահմանները։ Վերստին դատապարտելով իրենց ազգակործան ընթացքը, առաջիկա օրերին Կանադա ժամանող վարչախմբի կազմը նկատվում է անցանկալի պատվիրակություն»: Երեկ տեղեկացանք, որ այցը Կանադա չեղարկվել է: ԱԺ նախագահի մամուլի խոսնակը փոխանցեց, որ այցը ոչ թե չեղարկվել, այլ հետաձգվել է անհայտ ժամկետով՝ «Կանադայում ստեղծված քաղաքական ճգնաժամի պատճառով»։ Կանադայի կոալիցիոն ուժերից մեկը լքել է կոալիցիան, եւ խորհրդարանի պալատի նախագահը զանգել է Սիմոնյանին ու խնդրել այցը հետաձգել, նա տվել է համաձայնությունը․ «իրավիճակի հանգուցալուծմամբ պայմանավորված՝ կքննարկվեն հետաձգված այցի ժամկետները»։ Սակայն, վստահաբար, որոշակի դեր է խաղացել նաեւ կանադահայ համայնքի վերաբերմունքը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազ Էդգար Արսենյանը Անկախության օրվա առթիվ «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել։ Նկատենք, որ նա, չնայած դատարանում վկաների հարցաքննության փուլից է ներգրավվել այդ քրեական գործին, քանի որ Աննա Վարդապետյանը հեռացրել էր համակարգից մեղադրող նախկին դատախազ Արսեն Մարտիրոսյանին, բայց իշխող քաղաքական թիմը, անկախ գործի ելքից, Էդգար Արսենյանին «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի 33 ամյակի առթիվ, հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով գլխավոր դատախազության մի շարք աշխատակիցներ պարգեւատրվել են տարբեր մեդալներով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին խիստ ուշագրավ հանգամանքներ են հայտնի դարձել օրերս մեծ «շուքով» բացահայտված իշխանության յուրացման գործով։ Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իշխանությանը հեռացնելու համար հավաքագրված անձանցից ոմանք իրենց հետ կատարվածի մասին, թե իբր գումարի դիմաց իրենց տարել են վարժանքների, որ «հետո իշխանությանը մաքրեն», պատմել են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Սյունեցի պատգամավոր Խաչատրյանը, լսելով տեղեկությունը, այն հասցրել է ուժային կառույցներին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այն անձինք, ովքեր կատարվածի մասին անձամբ պատմել են ՔՊ պատգամավորին, նրանց խոստացել են քրեական պատասխանատվության չենթարկել, գործերը կարճել։ Այս տեղեկությունը «Ժողովուրդ օրաթերթը փորձեց պարզել ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանից, սակայն նա չարձագանքեց մեր զանգերին, եւ երկար ժամանակ է՝ անպատասխան է թողնում մեր նամակները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ.-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս.-ն, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռեւս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի (մոտ 840 հազար ՀՀ դրամ) վճարի դիմաց, Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու եւ դրա ընթացքում նոր՝ ծանր զինատեսակներին ծանոթանալու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների եւ Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների, հավաքագրված անձանց տեղակայել են Ա.Ս.-ի ղեկավարմամբ գործող «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո նրանց հետ փակ տարածքում՝ շենքի ներսում, անցկացրել են վերջիններիս արդեն հայտնի զինատեսակներով մարտ վարելու պարապմունքներ։
Սակայն, ըստ նախաքննական մարմնի, հավաքագրված խմբի շատ անդամներ հետագայում հրաժարվել են հեղաշրջման գաղափարից եւ ընդդիմացել են։ Գործով կալանավորված են 3 անձինք, որոնց մեջ է ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, ինչպես նաեւ կան հետախուզվողներ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք»-ը վիժեցրել է Արցախի դեմ Ադրբեջանի հարձակման եւ արցախահայերի էթնիկ զտման օրը՝ սեպտեմբերի 19-ը Ցեղասպանության օր հռչակելու նախաձեռնությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախյան պատերազմի տարելիցի նախօրեին՝ սեպտեմբերի 18-ին, Արցախի պատգամավորները փորձել են Արցախի ԱԺ նիստ հրավիրել, իսկ օրակարգային միակ հարցը եղել է սեպտեմբերի 19-ը արցախահայերի դեմ իրականացվածը ցեղասպանության օր հռչակելը: Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական պատգամավորները, սակայն, նիստին չեն եկել ու քվորում չեն ապահովել, ինչի պատճառով նախաձեռնությունը տապալվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով.
«Անհասկանալի է՝ ինչու այդ խմբակցության պատգամավորները չներկայացան նիստին, պատճառները հայտնի չեն, ընդ որում՝ իրենց պատգամավորներից մեկը նախագծի համահեղինակն է: «Միասնական հայրենիք»-ից միայն ԱԺ փոխնախագահ Գագիկն Բաղունցն էր ներկա, ով եկել էր նիստը անցկացնելու համար, բայց 17 պատգամավոր չհավաքվեց, քվորում չեղավ»,- ներկայացրեց Արցախի ԱԺ պատգամավորը:
«Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Արցախի ԱԺ-ն հիմա ունի 32 պատգամավոր, մեր խմբակցությունը 8 պատգամավոր ունի, իսկ 17 պատգամավորի ներկայության դեպքում կարող էին քվորում ապահովել. ո՞ւր էին մյուս պատգամավորները: Իհարկե, կարելի է ամեն ինչ «Միասնական հայրենիքի» վրա բարդել…. Թող իրենք հավաքվեն, 17 պատգամավորով քվորում ապահովեն: Ես տեղյակ էլ չեմ եղել, որ նիստ է լինելու, կարող է զանգել են, ես չեմ նկատել», – ասաց նա»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի վտարանդի խորհրդարանը սեպտեմբերի 18-ին ԱԺ հատուկ նիստ էր նշանակել՝ օրակարգում ունենալով 1 հարց․ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում էր սեպտեմբերի 19-ը Արցախի տոնացույցում ամրագրել որպես ցեղասպանության օր։ Նախապես բոլորը համաձայն են եղել, կազմվել է նախագիծ, սակայն սեպտեմբերի 18-ի երեկոյան նշանակված նիստին խորհրդարանական մյուս խմբակցությունների համար անակնկալ կերպով Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքի» պատգամավորները չեն ներկայացել՝ բացառությամբ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի։ Եվ քանի որ երկրից բացակայողներ էլ են եղել, քվորումի խնդիր է առաջացել, ու նիստը չի կայացել։
Տեղեկություններ կան, որ Սամվել Բաբայանն ընդառաջել է ՀՀ իշխանությունների պահանջին, թե պետք չէ հարամել Հայաստանի անկախության օրը, քանի որ սեպտեմբերի 19-ից 2 օր հետո անկախության օրն է, նախատոնական միջոցառումներն էլ երբեմն մի քանի օր առաջ են սկսվում։ Փաստորեն, Բաբայանը, որ վերջին շրջանում արցախցիներին միավորվելու, մի բռունցք դառնալու կոչեր է անում, ինքն է պառակտում մտցրել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Հայաստանում նոր ատոմակայան կկառուցվի, բանակցություններն արդեն սկսվել են»: Իրական պատկեր. Հայաստանում ատոմակայանի կառուցումը խոսակցություններից այն կողմ չի անցել։ Որեւէ քայլ չի արվել, գործնական ոչինչ չի արվել այս ընթացքում նոր ատամոկայան կառուցելու շուրջ: Ավելին՝ Ադրբեջնաի նախագահը սկսել է թարմացնել իր սպառնաիքները՝ աս անգամ էլ պահանջելով փակել մեր գործող աոմակայանը»:
«Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Երեւանի քաղաքապետ Ավինյան Տիգրանը որոշել է «զա պրինցիպ» նահանջել, ու ինքն է ՔՊ-ականներին առաջարկել, թե եթե դժգոհ են իրենից, թող անվստահություն հայտնեն, ոչ թե պատերի տակ դժգոհեն։ Ըստ նույն աղբյուրների` Ավինյանն ասել է, որ տղավարի չի թիմակիցների «պադնոշկեքը», երբ իրենք են ժամանակին խնդրել` գալ ու տեր կանգնել քաղաքին»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ամերիկյան լրատվամիջոցները և փորձագիտական շրջանակները վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են անդրադառնում Հարավային Կովկասում իրավիճակին, սակայն ուշագրավ է, որ այդ հրապարակումների ենթատեքստը առավելապես նույնական է: Ի մասնավորի, օրերս ամերիկյան պարբերականներից մեկը հրապարակել է մի հոդված, որը վերնագրված է «Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս»: Այս հրապարակումն առաջին հերթին ուշագրավ է նրանով, որ հեղինակները ամերիկյան հայտնի փորձագետներ են՝ գլխավորությամբ մի մարդու, որը Դոնալդ Թրամփի նախագահության օրոք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել:
Խոսքը Ուիլյամ Վուլֆի մասին է, որը եղել է Պետդեպի գլխավոր իրավաբանը և պաշտպանության նախարարի օգնականի տեղակալը: Վերլուծությունը վերաբերում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռանալու և դեպի Արևմուտք կողմնորոշվելու թեմաներին: Ընդ որում, ՀԱՊԿ-ից հեռացումը դիտարկվում է որպես մոտ ապագայում կայանալիք իրադարձություն, նույնիսկ՝ գրեթե իրողություն: Նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է էապես աջակցի Հայաստանին այս հարցում: Սակայն ուշագրավ է, որ գրեթե խոսք չկա այն մասին, թե ՀԱՊԿ-ից հեռանալն ու Արևմուտքի գիրկն ընկնելը ինչ է տալու Հայաստանին: Փոխարենն ամենայն մանրամասնությամբ նկարագրված է, թե դա ինչ կտա ԱՄՆ-ին, այսինքն՝ թե այդ ամենն ԱՄՆ-ի ինչին է պետք: Պարզվում է՝ պետք է, այն էլ՝ ինչպես է պետք: Ըստ հեղինակների, այդպիսով, Հայաստանի դուրս գալը և դեպի Արևմուտք շրջադարձը «անգնահատելի հնարավորություն» կտա ԱՄՆ-ին՝ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար, «ինչը օգուտ կտա Ամերիկայի երկարաժամկետ հետաքրքրություններին»: Եվ ուշադրություն... ամենակարևոր կետերից մեկը. Հայաստանին արևմտյան շարքեր բերելը թույլ կտա ԱՄՆ-ին պահպանել Ռուսաստանի հարավային սահմաններում իրական վտանգը և չեզոքացնել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում:
Վերջապես, ըստ հեղինակների, այդ ամենը հնարավորություն կտա բարդացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանի միավորման Չինաստանի պլանները, ինչպես նաև ԱՄՆ-ին թույլ կտան նվազեցնել իրենց կախվածությունը Թուրքիայից: Մի խոսքով, ամերիկացիները փաստացի սկսել են ավելի բաց «խաղալ» և ակնհայտ հայտարարել իրենց իրական հետաքրքրությունների մասին, որտեղ որևէ տեղ չկա Հայաստանի շահերի ու անվտանգության համար: Բացառապես ամերիկյան շահեր, ամերիկյան հետաքրքրություններ, որոնց հիմնական իմաստը Հայաստանը աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ դարձնելն է՝ անգամ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային կորուստների գնով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բացահայտ հանցանք որակված գործին, որն անմիջական առնչություն ունի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ, այդպես էլ պատշաճ պատասխան չեն տալիս։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, նշանակվելով ՀՀ բարձր պաշտոնի, որոշել է նոր մասնագիտություն ձեռք բերել, բայց կրթական ողջ գործընթացը խիստ կասկածահարույց է: Նա պրակտիկա է անցել իր ղեկավարած հիմնարկությունում, ինչը, ըստ մասնագետների, քրեական բնույթի հանցագործություն է: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով դիմեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որը Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցերին ավելի շատ է լինում, քան տիրապետում է սեփական ոլորտի խնդիրներին։ ԿԳՄՍՆ-ից ստացանք հետեւյալ պատասխանը.
«Համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունը իր իրավասությունների եւ ակադեմիական ազատությունների շրջանակում ինքնուրույն է ուսումնական գործընթացի (այդ թվում նաեւ նրա անբաժանելի մասը կազմող պրակտիկաների) կազմակերպման եւ սովորողների ընթացիկ ատեստավորման ձեւերի, կարգի եւ պարբերականության ընտրության հարցերում: Բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների ուսանողների պրակտիկան կազմակերպվում է տվյալ հաստատության կողմից հաստատված կարգի համաձայն: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ Ձեր հարցումն ուղղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն՝ որպես հայցվող տեղեկատվության տնօրինողի», – ասված էր գրությունում։
Հետաքրքիրն այն է, որ հենց հարցման մեջ նշել էինք, որ ԳԱԱ-ին եւս դիմել էինք խնդրի վերաբերյալ, սակայն Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը մոտ 2 էջ հիմնավորում էր ուղարկել, որ բարձրաստիճան պաշտոնյա Դավիթ Առաքելյանի ուսումնական գործընթացի մասին որեւէ տեղեկություն չի կարող տրամադրել, քանի որ դրանք անձնական տվյալներ են: ԳԱԱ-ի համար անձնական տվյալ է, ԿԳՄՍՆ-ի համար՝ անհասանելի. իսկ կրթությունը մեր բոլորի աչքի առջեւ հեղինակազրկվում է, պղծվում՝ դառնալով անիմաստ ժամանակի կորուստ: Հարցական է՝ բացի դպրոցների դասապրոցեսը, դասագրքային ոլորտը «պայթեցնելուց», Ժաննա Անդրեասյանի ղեկավարած հաստատությունը որեւէ այլ բանով զբաղվո՞ւմ է։
«Նախկինների» օրոք, երբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, գիրք էր հեղինակում, թեկնածուական պաշտպանում, քննադատվում էր (որ լավ փնտրենք՝ Ժաննա Անդրեասյանն ու իր ամուսինն էլ ծաղրած կլինեն այդ փաստը), հիմա ինչպե՞ս է թույլ տալիս՝ իր նախարար եղած տարիներին պետական պաշտոնյաները պղծեն կրթական համակարգը: Մարդ, որ տարրական գրագիտության պրոբլեմ ունի, ազգային ակադեմիա է ավարտում, իսկ կրթության պատասխանատուն խոր անտարբերության մեջ է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայոց անկախ պետականության գոյությունը ձախավեր «կառավարմամբ» սպառնալիքների տակ դրած գործիչը «երեսատեղ» է գտել ու Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական խոսք ասել: Անիմաստ է ու ժամանակի անտեղի վատնում՝ անդրադառնալ անկախության վերաբերյալ նրա ներկայացրած պատկերացումներին ու մտավարժանքներին: Անկախության օրվա ուղերձի առիթը Նիկոլ Փաշինյանն օգտագործեց նաև այն բանի համար, որ ևս մեկ անգամ իբր ներողություն խնդրի, իսկ ավելի ստույգ՝ հերթական անգամ խոսի «սխալվելու իրավունքի» մասին: Իսկ ինչի՞ համար է նա ներողություն խնդրում, միգուցե Արցախի հայաթափմա՞ն, հայրենի երկրի մի ահռելի մասը թշնամուն հանձնելո՞ւ: Իհարկե, ոչ: Իր մերաձավորագույն զինակիցն է հայտարարել, չէ՞, թե՝ «լավ ենք արել...»:
Ահավասիկ, փաշինյանական «ներողության» բնօրինակը. «Ներողություն եմ խնդրում բոլոր այն ակնհայտ և հնարավոր սխալների համար, որ գործել ենք և, մեր մեջ ասած, դեռ կշարունակենք գործել, որովհետև մարդը սխալական է»: Այո, իհարկե, մարդը ոչ միայն սխալական է, այլև մահկանացու: Ու դա անբեկանելի փաստ է: Իր սիրած բառով՝ աներկբա: Բայց գանք «սխալական»-ին. մարդը, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարում է, որ իր գլխավորած իշխանությունը շարունակելու է երկրահանձնումները, ավերումները, աղետալի հետևանքներով քայլերը, կորստաբեր որոշումները: Իբր... «սխալվելու իրավունք» կա, էլի:
Մեր մեջ ասած՝ Փաշինյանն ու իր գլխավորած «իշխանաթիմը» շատ վաղուց, դե, արդեն մի 6 տարի կլինի, ինչ սպառել են իրենց «սխալվելու իրավունքի» պաշարը: Եվ հետո, չէ՛, այս դեպքում չի կարելի սխալների մասին խոսել: Այս իշխանության գործածները սխալներ չեն, մեղքեր են, այդ թվում՝ ծանրագույն հետևանքներով ու աններելի մեղքեր: Որ հարթության մեջ ուզում եք՝ դիտարկեք: Բարոյական առումով՝ մեղք է, քաղաքական առումով՝ մեղք է: Իսկ քրեաիրավական առումովն էլ թող համապատասխան մարմինները որոշենք: Երևի մի օր... այդ օրն էլ կգա:
«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ ՔՊ-ի կենտրոնական գրասենյակը Սայաթ-Նովա և Չարենց փողոցների խամերուկից կարող է տեղափոխվել այլ վայր, տեղի բնակիչներն ու ՔՊ-ի գրասենյակին մերձ տարածքների տարբեր կազմակերպությունների աշխատակիցները բավականին ոգևորվել էին՝ «վերջապես գլուխներս կհանգստանա»: Բանն այն է, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելում է գրասենյակ, իսկ դա հատկապես վերջին շրջանում շատ հաճախ է լինում, գրասենյակի մերձակա հատվածը վերածվում է «արտակարգ ռեժիմի գոտու»: Նախ՝ երթևեկությունն է կաթվածահար լինում, ապա տարածքը շրջապատում են անվտանգության բազմաթիվ աշխատակիցները, որոնք «աչքները չորս արած» հետևում են ամբողջ անցուդարձին: Մոտակայքի «կարմիր» գծերում այդ ընթացքում կայանելու մասին խոսք չկա, մյուս կողմից՝ մարդիկ դժգոհում են, որ բավական է Նիկոլ Փաշինյանի՝ գրասենյակում գտնվելու ժամանակահատվածում երկու անգամ այդ հատվածով անցնես, միանգամից հայտնվում ես Փաշինյանի թիկնազորի ուշադրության կենտրոնում՝ ընդ որում, հաճախ զավեշտի հասնող հարցերով՝ «այս ի՞նչ ես գնում-գալիս», «ի՞նչ ես անում ստեղ», «ինչի՞ հենց այս մայթով» և այլն: Մեր տեղեկություններով, ՔՊ գրասենյակի ազատվելու հետ կապված տեղի բնակիչների ու կազմակերպությունների աշխատակիցների ուրախությունը երկար չի տևել: Նրանք տեղեկություններ ունեն, որ ՔՊ-ի տեղափոխությունը առայժմ հետաձգվում է:
«Հրապարակը» գրում է․ Ագրարային համալսարանի ընտրովի 35 պաշտոններից 26-ը կամ 74 տոկոսը թափուր են, և այդ պաշտոններում պաշտոնավարում են ժամանակավոր պաշտոնակատարները: Տաս ամիս թափուր է ռեկտորի պաշտոնը: Թափուր են 5 դեկաններից 4-ի, 20 ամբիոնների վարիչներից 12-ի, գիտական 3 կենտրոնների, Սիսիանի, Վանաձորի մասնաճյուղերի, Շիրակի և Երևանի քոլեջների, հենակետային վարժարանի տնօրենների, ագրոբիզնեսի դեպարտամենտի պետի պաշտոնները: Այս բոլոր ընտրովի պաշտոնների պաշտոնավարման ժամկետը 5 տարի է: Սակայն այս ցանկից որոշ պաշտոնակատարներ օրենդրության խախտմամբ այդ կարգավիճակով աշխատում են 5 տարուց ավել: ԿԳՄՍ նախարարությունը և հոգաբարձուների խորհուրդը թերևս պետք հետաքրքրվեն, թե ինչու համալսարանում օրենսդրությամբ սահմանված մրցույթները չեն հայտարարվում: Փաստորեն ագրարային համալսարանում թափուր են մնում ոչ միայն ուսանողների ընդունելության տեղերը, այլ նաև ղեկավար ընտրովի պաշտոնները: