Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի՝ Թավրիզ այցելության ժամանակ նրա բացօթյա հանրային ելույթի համար նախատեսված բեմահարթակի վրա ատրպատականյան թյուրքերենով գրված է՝ «Ատրպատականն արթուն է, հեղափոխությանը նեցուկ է»։ Այս մասին գրել է արևելագետ Վարդան Ոսկանյանը: «Հետաքրքիր է, արդյոք, հնարավո՞ր է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի՝ դիցուք, Լենքորան այցի ժամանակ որևէ հանրային՝ առավել ևս, սրա ելույթի համար նախատեսված, վայրում լինի թալիշերենով գրված ինչ-որ կարգախոս։ Հարցը, բնականաբար, հռետորական է, քանի որ արհեստածին Ադրբեջանում, պատկերավոր ասած, նույնիսկ մանրավաճառի կրպակի ցուցափեղկին թալիշերեն ցուցանակի տեղադրումը դաժանորեն պատժվում է։ Եվ սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ պարբերաբար, իբր, «հարավային ադրբեջանցիների»՝ Իրանում լեզվական և այլ իրավունքների մասին երեսպաշտորեն ճամարտակող Բաքվի բռնապետության իրականության մասին՝ արհեստածին մի կազմավորում, որի շրջանակներում բոլոր տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ իրենց իսկ հայրենիքում գործադրվում է «սպիտակ ցեղասպանության» քաղաքականություն»,- գրել է Ոսկանյանը։