23.11.2024
Ինչու է Նիկոլ Փաշինյանը շտապում. Թևանյան
prev Նախորդ նորություն

Թուրքիան ու Ադրբեջանը առաջիկայում ավելի են սեղմելու զսպանակն Արցախի շուրջ. Զարգարյան

Ադրբեջանը վարվում է ճիշտ այնպես, ինչպես 100 տարի առաջ Թուրքիան էր դրսեւորվում: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, հասարակական գործիչ Իգոր Զարգարյանը:


Անդրադառնալով վերջին զարգացումներին, նա նշեց, որ Լաչինի միջանցքից Վագիֆ Խաչատրյանի առեւանգումը մեկ այլ հարթություն էլ ունի. նա ոչ մի կապ չունի այն մարդու հետ, ում ցանկացել են առեւանգել: Պարզապես, անուն-ազգանվան համընկում է եղել: Նրա խոսքով, ադրբեջանցիները կոպիտ սխալ են թույլ տվել, իսկ թե ինչպես են այս ամենի տակից դուրս գալու՝ պարզ չի.


"Հայկական կողմը շատ արագ պետք է արձագանքի կատարվածին՝ փորձելով Ադրբեջանին նեղ վիճակի մեջ դնել:  Ադրբեջանում կան ցուցակներ այն մարդկանց, ովքեր արցախյան պատերազմների ժամանակ կռվել են: Հարց՝ որտեղի՞ց այդ ցուցակները ադրբեջանցիների մոտ: Մարդիկ, ովքեր փոխանցում են, կամա, թե ակամա օգնում են այդ գործընթացին, մեծ վտանգ են մեզ համար. այդ ուղղությամբ լուրջ աշխատանք պետք է տարվի, եթե, իհարկե, ՀՀ իշխանությունը ցանկություն ունի",- ասաց Զարգարյանը:


Անդրադառնալով Աղդամով հումանիտար օգնություն տրամադրելու հարցին, նա նշեց, որ Ադրբեջանը փորձում է արցախցիներին ծուղակի մեջ գցել՝ բոլոր տարբերակներով: Ե՛վ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում  համոզված են, որ արեւմտյան երկրներից ոչ մի օգնություն Արցախին չի գա, հետևապես առաջիկայում զսպանակն ավելի են սեղմելու՝  հասնելու նրան, որ Աղդամով ճանապարհը բացվի եւ արցախցիները ստիպված լինեն այդ կերպ օգնություն ստանալ: Սա, ըստ Զարգարյանի, բացի բարոյականից մի շարք այլ խնդիրներ է պարունակում, օրինակ, հայտնի չէ, թե արդյոք սննդամթերքը, որ ուղարկվելու է, անվտանգ է, թե ոչ: 


Իսկ թե որն է խնդրի լուծումը, գործիչը նշում է՝ եթե մի փոքր հնարավորություն կա, որ Հայաստանը, Արցախը վերահսկողություն հաստատեն Հակարիի կամրջի վրա՝ բացելով միջանցքը, նույնիսկ ժամանակավոր, պետք է գնալ այդ ճանապարհով:


"Ես հասկանում եմ, որ սա որոշակիորեն կսրի իրավիճակը, ադրբեջանցիները կօգտագործեն այն եւ ավելի մեծ բախումներ կհրահրեն, բայց սա ցույց կտա, որ մարդիկ իսկապես ստիպված քայլի են գնացել՝ այլընտրանք չունենալով: Սա նաեւ ցույց կտա, որ պետություն եւ բանակ կա Հայաստանում ու Արցախում":


Ինչ մնում է Ռուսաստանի դերակատարությանը, մեր զրուցակիցը նշեց, որ այն կարող է և՛ օգնել, և՛ խանգարել, և՛ չեզոք դիրք ունենալ, բայց սպասելով ռիսկերը չեն նվազում, հակառակը՝ շատանում են:

"Ճիշտ ժամանակն է ՀՀ-ում գործող իշխանության համար, մի փոքր դիրքերը փոխելու, միջազգային ասպարեզում որոշակիացնելու մոտեցումները: ՀայաՔվեն, որը իշխանության համար անսպասելի եւ շատ արագ հավաքեց ձայների անհրաժեշտ քանակը, կարող է իշխանության համար շատ լավ պատրվակ լինել: Ես հավատում եմ՝ այս գործընթացը շատ լավ հնարավորություն է իշխանության համար՝ փրկելու իրենց դեմքը, իրենց զիջողական մոտեցումներից ետ կանգնելու",- հավելեց նա: