31.10.2025
Վահագն Խաչատուրյանի զավեշտալի մտքերը
12.09.2025
Վահագն Խաչատուրյանի զավեշտալի մտքերը

Իհարկե ռուսալեզու նյույորքյան հեռուստաալիքին Վահագն Խաչատուրյանի տված հարցազրույցն ունի նաեւ զավեշտալի միտք: Մասնավորապես, նա ասում է, որ Հայաստանը կախվածություն ունի ռուսական տնտեսությունից, բայց Ռուսաստանն էլ տնտեսական կախվածություն ունի Հայաստանից: Կան մտքեր, որ մեկնաբանելն իհարկե շատ դժվար է: Բայց, այստեղ հարցն այն է, որ այդպիսի մտքեր կարող են արտահայտել այսպես ասած «քաղաքագետներ», «փորձագետներ», կամ ինչ որ գործիչներ, որոնք իրենց համարում են քաղաքական: Բայց, երբ այդօրինակ մտքեր հնչում են մարդու շուրթերից, որը զբաղեցնում է Հայաստանի հանրապետության նախագահի պաշտոնը, սա ըստ էության ուղիղ առնչվում է Հայաստանի հանրապետության վարկին: Պետության վարկը այդ պետության բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից հնչող հայտարարությունների լրջմտությունն է, քաղաքական բովանդակության կշիռը, այլ ոչ թե «վեկտորը»: Երբ Հայաստանի հանրապետության որեւէ բարձրաստիճան պաշտոնյա ասում է, որ Ռուսաստանը տնտեսական կախվածություն ունի Հայաստանից, դա կարող է որեւէ արտաքին միջավայրում առաջացնել միայն ծիծաղ, կամ խղճմտանք Հայաստանի հանդեպ՝ որ ունի այդ մտահորիզոնով պաշտոնյաներ: Դա մոտավորապես նույնն է, որ ասվի, թե ծովը կախվածություն ունի կաթիլից: Այո, Հայաստանի տնտեսական ծավալների եւ Ռուսաստանի տնտեսական ծավալների ու պրոցեսների համեմատությունը ունի հենց այդ հարաբերակցությունը: Դա բոլորովին չի նշանակում, որ Ռուսաստանի տնտեսությունը չունի խնդիրներ: Այսօր չկա խնդիր չունեցող տնտեսություն: Բայց, այդ տնտեսության խնդիրների համատեքստում Հայաստանը մեղմ ասած աննշմար կետ է, որովհետեւ ռուսները իրենց խնդիրները փորձում են լուծել Չինաստանի, Հնդկաստանի, արաբական աշխարհի երկրների հետ պայմանավորվածություններով: Ռուսաստանը անգամ Ադրբեջանի հանդեպ չունի տնտեսական կախվածություն, որն իր տնտեսության ծավալով եւ աշխարհագրական դիրքով ունի ավելի մեծ նշանակություն: Եթե խոսենք օրինակ քաղաքական հանգամանքների մասին, ապա այստեղ իհարկե պատկերն այլ է, որովհետեւ Հայաստանը՝ կովկասյան համատեքստում նաեւ, Ռուսաստանի համար ունի իհարկե էական նշանակություն: Բայց, սա արդեն խոսակցության բոլորովին այլ նյութ է, այլ բովանդակություն: Վերլուծաբան Հակոբ Բադալյան