ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017 թվականի կառավարության առաջին նիստի ժամանակ հանձնարարական տվեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների և ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին էներգետիկ համակարգի մինչև 2036 թվականի զարգացման ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություններ ներկայացնել եռամսյա ժամկետում: Կարեն Կարապետյանի խոսքով՝ հանձնարարականի նպատակն է նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունը, իսկ ելնելով դրանից՝ տարածաշրջանային երկրների հետ բանակցությունների ակտիվացման և ներքին հնարավորությունների օգտագործման կարևորումը: «Հաշվի առնելով ՀՀ տնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի փոփոխության տենդենցները, դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման նոր ուղղությունների կառուցումն ու էներգետիկ հարթակում իրականացվող լայնածավալ ներդրումները և այլ հարցեր՝ պետք է ունենալ հստակ ծրագիր, թե ինչի կարիք ունենք մենք»,-ասաց Հայաստանի վարչապետը: Նշենք, որ էներգետիկայի ոլորտը պաշտոնավարման առաջին իսկ օրվանից եղել է վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության կենտրոնում և այդ պաշտոնում իր առաջին հանձնարարականները վերաբերում էին գազի և էլեկտրաէներգիայի գների նվազմանը, որն արդեն իրականություն է դարձել: Հիշեցնենք նաև, որ նախօրեին վարչապետի որոշման համաձայն աշխատանքից ազատվել են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների երկու փոխնախարարներ: