8.07.2025
ԿՀՎ ղեկավար. Օբաման սխալ է գնահատել «արաբական գարնան» հետեւանքները
10.01.2017
ԿՀՎ ղեկավար. Օբաման սխալ է գնահատել «արաբական գարնան» հետեւանքները

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ջոն Բրենանը կարծում է, որ ԱՄՆ հեռացող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը սխալ է գնահատել «արաբական գարնան» հետեւանքները, հայտնում է CNN-ը: «Կարծում եմ՝ Վաշինգթոնում, ներառյալ վարչակազմի որոշ ներկայացուցիչներ անիրատեսական սպասումներ ունեին, որ «արաբական գարունը» կոչնչացնի այդ ավտորիտար ռեժիմները, իսկ ժողովրդավարությունը կսկսի ծաղկել, քանի որ այդպես է ցանկանում ժողովուրդը»,- ասել է Բրենանը: Նա հավելել է, որ «ժողովրդավարության հայեցակարգը իրականում մարդկանցից շատերի, մշակույթների եւ երկրների մեջ չէր արմատակալել»: Նախկինում ԿՀՎ ղեկավարը նշել է, որ 2011 թվականին Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը նպաստել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեւավորմանը եւ ուժեղացմանը: Հիշեցնենք, որ 2011-ի զանգավածային բողոքի ալիքի շնորհիվ հեղաշրջումներ կատարվեցին արաբական մի շարք երկրներում՝ Թունիսում, Եգիպտոսում, Եմենում, Բահրեյնի թագավորությունում հեղափոխություն տեղի ունեցավ, ժողովրդական ելույթներ եղան տարածաշրջանի այլ երկրներում: Ոչ առանց արտաքին ուժերի միջամտության Լիբիայում տապալվեց Մուամար Քադաֆիի ռեժիմը: Սակայն մի շարք ավտորիտար ռեժիմների տապալումը տարածաշրջանում անկայունության հանգեցրեց, իսկ հեղափոխականների հռչակած նպատակները չիրականացվեցին: