ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավար Քոչարյանը, անդրադառնալով Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին նշանակելու փաստին, հայտարարել է, որ այն «նախագահի իրավասության հարցն է»:
«Նախագահի իրավասության մեջ է դեսպաներ նշանակելը, դա միանշանակ, չի քննարկվում, իսկ դեսպանի կատարած աշխատանքի մասին, երբ աշխատեց այդ ժամանակ էլ գնահատականը կտանք»,- ասաց փոխնախարարը:
Դիտարկմանը, թե մինչ Սադոյանին նշանակվելը մի քանի այլ անձանց անուններ էր շրջանառվում, Քոչարյանն ասաց.
«Միջազգային պրակտիկա կա, որ մինչեւ դեսպանը չի նշանակվում, այդ մասին չեն խոսում, ես չեմ հասկանում, թե ինչու են անուններ շրջանառվում: Հարեւան Վրաստանից մեզ մոտ բավականին դեսպաններ են նշանակվել, բայց իրենց մամուլում այդ մասին ընդհանրապես չի խոսվել: Կոռեկտ չէ, որ մինչեւ հրամանագրի ստորագրվելը շրջանառվում են անուններ»,- նշեց փոխնախարարը: Հարցին՝ իսկ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը դեսպան նշանակել դիվանագիտակյան փորձ չունեցողին, Քոչարյանն այսպես արդարացրեց.
«Դուք շատ լավ գիտեք, որ դեսպանների նշանակումները լինում են քաղաքական»:
Ինչպես մամուլն արդեն գրել էր Սադոյանը հայտնի է «շուն խփող» մականվամբ: Սադոյանին է պատկանում «Յուքնիգրաֆ–իքս» ընկերությունը, որը զբաղվում է Երևանի թափառող շներով: Բյուջեից տարեկան կես միլիոն դոլար է դուրս գրվում ու փոխանցվում այս կազմակերպությանը, որպեսզի մրցույթում միշտ հաղթող Սադոյանը վնասազերծի ու ստերիլիզացնի շներին:
Լարագրողի հարցին, թե շները Վրաստանում ապահովագրվա՞ծ են, Քոչարյանն ասաց. «Այդ հարցն իմ տիրույթում չէ»: Հատկանշական է, որ Թբիլիսիում ՀՀ դեսպանատունը գտնվում է «Собачий переулок» («Շան նրբանցքում») կոչվող հասցեում:
Մամուլում տեւական ժամանակ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի որպես հիմնական թեկնածու նշվում էր Կովկասի ինստիտուտի փոխնախագահ, վերլուծաբան Սերգեյ Մինասյանի անունը: Թեպետ ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ դեսպանի թեկնածության հաստատման գործընթացը փակ է եւ ոչ հրապարակային, սակայն ըստ շրջանառվող լուրերի, վրացական կողմը հրաժարվել էր ագրեման տալ (համաձայնել) Մինասյանի թեկնածությանը:
Դժվար է հստակ ասել, թե ինչու հենց Ռուբեն Սադոյանին է ՀՀ ղեկավարությունը նշանակել Վրաստանում դեսպանին պաշտոնում: Ըստ շրջանառվող լուրերի, նրա թեկնածության հաստատման համար ակտիվ լոբբինգ է կատարել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, Սադոյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը, ով բավականին մտերիմ հարաբերություններ ունի Վրաստանի կառավարող շրջանակների հետ:
Այդ կապերը հատկապես ամրապնդվել էին Գագիկ Բեգլարյան նախարարի պաշտոնավարման ժամանակ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Բեգլարյանը շատ ջերմ հարաբերություններ ունի հատկապես Վրաստանի ներկայիս վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Վերջինս, ինչպես գրել էր մամուլը, Վրաստանի կառավարության մի քանի անդամ նախարարների հետ անցյալ տարվա սեպտեմբերին ներկա է գտնվել նաեւ Գագիկ Բեգլարյանի տղայի՝ Հրանտ Բեգլարյանի հարսանիքին:
Նշենք նաեւ, որ դեսպանի պաշտոնը հատկապես Վրաստանում, որտեղ ՀՀ-ի եւ տեղի հայ համայնքի հետ կապված առկա են բազմաթիվ զգայուն խնդիրներ, նշանակում է նաեւ որոշակի ակտիվ հանրային գործունեություն: Իսկ Ռուբեն Սադոյանը, որն անընդմեջ երկու անգամ (2007-2017 թթ) ընտրվել է ԱԺ, եղել է ամենալռակյած պատգամավորներից:
Հիշեցնենք, նաեւ, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Սադոյանը ժամանակին մեծ պարտքեր ուներ հայաստանյան բանկերին: «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը 2015 թ-ին հանդես էր եկել հրապարակմամբ, համաձայն որի Աժ պատգամավոր (այդ ժամանակ նա դեռ պատգամավոր էր) Ռուբեն Սադոյանը հայաստանյան բանկերին միլիոնների հասնող պարտքեր ուներ:
Ըստ հրապաևրակման, բանկերը չկարողանալով ստանալ իրենց գումարները դատի են տվել պատգամավորին: Այդ ժամանակ ՀՀ Կենտրոն ևՆորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի վարույթում էր գտնվում «Ամերիա» բանկի հայցն ընդդեմ Աժ պատգամավորի: