Հայաստանում ուրախությամբ արձանագրում են, որ բարեփոխումների և հետևողական աշխատանքի շնորհիվ Հնդկաստանն այժմ ոչ միայն ապահովում է իր պարենային ինքնաբավությունը, այլև դարձել է համաշխարհային սննդարդյունաբերության շուկայի ճանաչված առաջատարներից՝ լինելով գյուղատնտեսական մի շարք ապրանքների մասով աշխարհի հիմնական արտադրող և արտահանող։ Այս մասին Նյու Դելիում ընթացող «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այդ մասին վկայում է այս ցուցահանդեսը, որն անխոս, սննդի արդյունաբերության ոլորտում Հնդկաստանի կուտակած փորձի փոխանակման, նոր շուկաների բացահայտման և գործընկերների հետ համագործակցության հաստատման լավագույն հարթակ է հանդիսանում: Գյուղատնտեսական մթերքների վերամշակումը և պարենային ապրանքների արտահանումը կարևոր նշանակություն ունեն նաև Հայաստանի տնտեսության զարգացման համար»,- ասել է նախագահը։
Սերժ Սարգսյանի խոսքով, հայ արտադրողներն ավանդական փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համատեղման արդյունքում մրգերի և բանջարեղենի վերամշակման գործում կուտակել են մեծ դրական փորձ, որի արդյունքում արտաքին շուկաներում հայկական սննդարդյունաբերական արտադրանքի հանդեպ պահանջարկն անշեղորեն աճում է։ Հայ գործարարներն առաջին քայլերն են ձեռնարկում դրանք նաև հնդկական շուկայում ներկայացնելու ուղղությամբ։
«Հեռանկարային ենք համարում նաև սննդի արդյունաբերության ոլորտում Հնդկաստանի գործարարներին հայկական որոշ ապրանքատեսակների արտադրության փորձի փոխանցման շուրջ համագործակցությունը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն մեծացնել մրգերի և բանջարեղենի վերամշակման արդյունավետությունը և նոր շուկաներում ներկայացվածությունը, այլև ստեղծել նոր արտադրություններ, ձևավորել նոր աշխատատեղեր։ Տնտեսական համագործակցության ակտիվացման համար նպաստավոր եմ համարում հայ-հնդկական համագործակցության ծավալումը նաև բազմակողմ ձևաչափով` հաշվի առնելով, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, ինչպես նաև Եվրոպական միության հետ ունի արտոնյալ առևտրային ռեժիմ: Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող գործարարները հնարավորություն ունեն օգտվելու այն բարենպաստ պայմաններից, որոնք առաջարկում է Հայաստանը»,- ասել է նա:
ՀՀ նախագահը նկատել է, որ ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ բազմաթիվ խնդիրներ պահանջում են համատեղ և համապարփակ լուծումներ: Այդպիսի խնդիրներից է օրինակ՝ պարենային ապահովությունը: Հայաստանը, հիշեցրել է Սարգսյանը, 2015թ. սեպտեմբերին կայացած՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման գագաթնաժողովում ընդունել է Կայուն զարգացման հռչակագիրը և օրակարգը, որտեղ 17 նպատակներից մեկը պարենային ապահովությունն է, ինչպես նաև գյուղատնտեսության կայուն զարգացման խթանումը:
«Հայաստանը հետևողականորեն աշխատում է այս նպատակներին հասնելու համար, և թե՛ ներքին քաղաքականության իրականացման, թե՛ ճկուն արտաքին տնտեսական քաղաքականության շնորհիվ մենք տարիներ շարունակ հաջողություններն ենք գրանցում դրանց հասնելու ուղղությամբ»,- հավելել է երկրի ղեկավարը: