25.11.2024
Մամուլ. Սերժ Սարգսյանի հարձակումը՝ Կարեն Կարապետյանը չի տրորում «գծված սահմանը»
prev Նախորդ նորություն

Մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը

Այս գիշեր մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը:


Արդարադատության նախարարության քրեատատարողական վարչության խոսնակ Գոռ Ղլեչյանի խոսքով, Գրիգորյանը գիշերը սրտի շրջանում սուր ցավել է ունեցել, տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գրանցվել է նրա կենսաբանական մահը: Առաջիկայում կարվի դատաբժշկական փորձանքննություն, որը կպարզի, թե կոնկրետ ինչից է նա մահացել:



Նշենք, որ 2014 թվականին Էդուարդ Գրիգորյանը հայտարարեց, թե պատրաստվում է ամեն ինչ պատմել դեպքի մասին.

«Ես պատրաստվում եմ ձեզ հետ խոսել փաստերով ու փաստաթղթերով, որոնք կարելի է ստուգել: Պատմելու եմ այն ամենը, ինչը երկար տարիներ համառորեն և բավական փնթի ձևով փորձում են թաքցնել հասարակությունից: Խոստանում եմ շատ պատասխանատու մոտենալ այս ամենին, որովհետև սա միայն իմ անձնական գործը չէ: Մինչև հիմա լրատվամիջոցները, չնչին բացառությամբ, իրենց տերերի պատվերով արել են ամեն ինչ, որպեսզի քննության առարկա չդառնան իրական պատճառներն ու հետևանքները: Այլապես հարցեր են առաջանալու, որոնց տակից նույն այդ տերերը երբեք չեն կարող դուրս գալ: Ընդ որում՝ տերերը ոչ միայն իշխանության մեջ են, այլև ընդդիմության: Առաջիկայում անուն առ անուն քննության կառնենք առավել նշանակալիցներին և կպարզենք, թե նրանցից ով ինչով էր զբաղված 1994-99թթ.:


Առայժմ առանց մանրամասների մեջ խորանալու ասեմ, որ Հոկտեմբերի 27-ից առաջ իշխանությունը գոյատևում էր դրա պատճառներով, դրանից հետո` հետևանքներով: Իրավիճակն արմատապես շտկելու միակ ճանապարհը դեպքի, դրան նախորդած և հաջորդած իրադարձությունների մասին ամբողջ ճշմարտությունն ասելն է: Հրապարակելու եմ նյութեր քրեական գործից։


«Տուժողների» և «վկաների» ցուցմունքներից հատկապես երիտասարդները շատ բան կիմանան այսօր տարբեր հարթակներից կոկորդ պատռողների մասին և ավելի ուշադիր կլինեն քաղաքական «տարբեր ճամբարներ» ներկայացնող գործիչների հետ իրենց շփումներում։ Հուսով եմ, որ ապագայում նրանք կընտրեն ավելի լավ պառլամենտ, որտեղ պատգամավորների ընդհանուր պլանը չի հիշեցնի օժանդակ դպրոցի ավարտական լուսանկար»,-ասել էր նա՝ միաժամանակ հավելելով, որ առանձին կանդրադառնա Արմենակ Արմենակյանի սպանության հանգամանքներին։ Ըստ դատապարտյալի՝ սա ուրիշ պատմություն է ուրիշ մարդկանց մասին։ Կպարզվեն նաև շատերին հուզող ուրիշ հանգամանքներ։ Վերջում դատապարտյալը նշել էր. «Հոկտեմբերի 27-ը դիտարկելու եմ երկու ասպեկտով` իրավական և քաղաքական: Այս դեպքում սրանք իրարից առանձնացնելը հեշտ չէ, բայց ես կփորձեմ»,- ասել էր ArmLur-ին Գրիգորյանը:


Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին մասնագիտությամբ բժիշկ Էդիկ Գրիգորանը Նաիրի և Կարեն Հունանյանների, նրանց քեռի Վռամ Գալստյանի և խմբի մյուս անդամների հետ մուտք էր գործել Ազգային ժողով գնդակահարել 8 մարդու: Նրանք դիմահար կրակոցներով սպանել էին կառավարության եւ խորհրդարանի անդամներին: Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:


Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց 2001-2003 թվականները: 6 ահաբեկիչները, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:


3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով: