VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսին զուգահեռ, հայաստանյան մեդիահոսքը բավական առատ է Սերժ Սարգսյանի տնտեսական դատողություններով, որ նա արել է ռուսական ԶԼՄ-ների հետ հարցազրույցների, այսպես ասած, փնջի շրջանակում: Բանն այն է, որ վերջին օրերին Սարգսյանը մի քանի հարցազրույց է տվել ռուսական տարբեր ձեւաչափի լրատվամիջոցների: Այդ հարցազրույցների առանձնահատկությունն այն է, որ դրանք ընդգծված տնտեսական թեմատիկայով են, եւ Սերժ Սարգսյանը խոսում է արտաքին տնտեսական հարաբերությունների մասին, բնականաբար՝ առանցքում ունենալով այսպես ասած Եվրասիական միությունն ու դրա առաջ Հայաստանի պարտավորությունները:
Զուտ բովանդակային շեշտադրումները, անշուշտ, առանձին քննարկման եւ դիտարկման առարկա են, սակայն ինքնին հարցազրույցների ընդգծված տնտեսական թեմատիկան, եւ ընդգծված արտաքին տնտեսական շրջանակը ուշագրավ են: Այդ ֆոնին էլ հետաքրքիր է այն, որ նոյեմբերի 2-ին ասուլիս տալով հայաստանցի լրագրողների համար, վարչապետ Կարեն Կարապետյանը գլխավորապես անդրադարձել է ներքին տնտեսական գործընթացներին, հպանցիկ շոշափելով արտաքին բաղադրիչները: Ավելին, Կարապետյանը չի անդրադարձել վերջին օրերի ամենակարեւոր զարգացումներից մեկին անգամ՝ իր կատարմամբ: Խոսքը Իրան կատարած այցի մասին է եւ զարմանալի է, որ Կարեն Կարապետյանն իր ասուլիսի ընթացքում այսպես ասած բաց է թողում այդ կարեւոր թեման:
Մամուլում օրերս հրապարակվեցին տեղեկություններ, որ Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվել է իշխանության բաժանման հարցում, եւ Սարգսյանը կլինի վարչապետ, իսկ նա փոխվարչապետ: Կարեն Կարապետյանը հերքել է աշխատանքի այսպես ասած այդ բաժանումը, սակայն ուշագրավ է այն, որ այս օրերին բավականին նկատելի բաժանում է ուրվագծվում նրանց միջեւ՝ Սերժ Սարգսյանը բավականին ինտենսիվ քարոզչական ալիք է ծավալել ռուսական ԶԼՄ-ներով, այսպես ասած՝ մտնելով տնտեսական տիրույթ, որը նրա պարագայում ընկալվում էր թերեւս իր ամենաթույլ եւ խոցելի տիրույթը: Փոխարենը, Կարեն Կարապետյանն իր ասուլիսի ընթացքում չի փորձում «տրորել» Սարգսյանի հարցազրույցներով գծված սահմանը:
Արդյոք դա պայմանավորվածություն է, ու ի՞նչ ժամանակահատվածի համար եւ ինչ այսպես ասած փաթեթի շրջանակում: Միեւնույն ժամանակ, արդյոք Սերժ Սարգսյանը ռուսական դաշտում փորձում է ցույց տալ, որ տնտեսությունն իր ամենեւին խոցելի կամ թույլ տեղը չէ, կամ եթե էր, ապա այդ թուլությունն ու խոցելիությունն անցյալում է, եւ այժմ Սարգսյանն այդ ուղղությամբ նույնիսկ պատրաստվում է լինել բավական ակտիվ: Թեեւ, չի բացառվում, որ Սարգսյանի համար տնտեսական բաղադրիչը շարունակում է մնալ աքիլեսյան գարշապար՝ պարզապես նա առաջնորդվում է սկզբունքով, որ լավագույն պաշտպանությունը հարձակումն է»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանի կողմից ստեղծված Ներդրողների ակումբը առաջիկա օրերին կբացահայտի 1 մլրդ դոլարի ներդրումային ծրագիրը: «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Ներդրողների ակումբի հիմնական ներդրող եւ մասնակից Սամվել Կարապետյանը հանուն ակումբի կայացման «գնել» է ակումբի շատ անդամների պարտքերը: Ավելին՝ ակումբի մի շարք անդամներ համաձայնել են մաս կազմել ակումբին Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանում նրանց այլեւս չաջակցելու «սպառնալիքներից» հետո: Մեր տեղեկություններով՝ այդ ակումբի որոշ անդամներ մինչեւ տասնյակ միլիոնաավոր դոլարի հասնող պարտքեր ունեն Գագիկ Ծառուկյանին: Մեկ միլիարդի ներդրումների մասին հայտարարությունն այս իմաստով գործադիրի ղեկավարի եւ Սամվել Կարապետյանի համար ավելի շատ խորհրդանշական իմաստ եւ նշանակություն ունի»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությանը նյարդայնացնում է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների որոշ մասի ընդգծված հակակառավարական վարքագիծը, եւ գործադիրը որոշել է սպառնալիքներով ու ակնարկներով լռեցնել նրանց: Օրինակ՝ երեկ մամուլի միջոցով Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանին զգուշացրել էին, որ կարող են բացվել նրա մարզպետության օրոք դիզելային վառելիքի հետ կապված գործերը: Առաջիկայում նման թափանցիկ ակնարկներ կստանան նաեւ դաշինքի մյուս անդամները, բայց դրանց ազդեցությունն այնքան էլ էական չի լինի, որովհետեւ այս կառավարությանը այլեւս հաշված օրեր են մնացել»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ապրիլյան պատերազմից հետո, երբ մամուլում տարատեսակ լուրեր էին «արտահոսում», որ Երեւանից Ղարաբաղ գնացած տանկերի տեխնիկական վիճակը զրոյական է եղել, երբ տպագրվում էին լուրեր, որ Սեյրան Օհանյանն ու յուր տիկինը Պրահայի կենտրոնում ձեռք են բերել թանկարժեք մի շենք եւ հյուրանոց են կառուցում, իսկ Վահագնի թաղամասում` անչափ թանկարժեք, ինքնատիպ դղյակ, երկրի ղեկավարի եւ Սեյրան Օհանյանի միջեւ, ըստ «ասացողների», տեղի է ունեցել հետեւյալ խոսակցությունը. Օհանյանին հարց է տրվել` ի՞նչ միջոցներով է կառուցում նման թանկարժեք տունը: Օհանյանն ասել է` ընկեր ունեմ արտասահմանում, նա է օգնում: Իսկ ինչու՞ գերագույն գլխավոր հրամանատարին տեղյակ չի պահվել, որ նման ընդարձակ հողատարածքով նման տուն է կառուցվում: Օհանյանը պատասխանել է` իսկ ինչպե՞ս է, որ Հովիկ Աբրահամյանը «նման» տուն է կառուցել Մոնումենտում: Պատասխանը եղել է` Հովիկ Աբրահամյանն իր տունն սկսել է կառուցել Քոչարյանի օրոք, Քոչարյանին տեղյակ է պահվել, բացի այդ, Հովիկ Աբրահամյանը բիզնեսներ ունի: Այդ խոսակցությունից հետո էր Ամարասի Արթուրն ասել, թե հողատարածքը Օհանյանի անունով չէ, նա տուն չունի, վարձով է ապրում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը փոխել է կուսակիցների հետ հանդիպելու վայրը․ նախկինում «կանյաչնիում» հավաքվելու փոխարեն «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչները տեւական ժամանակ է՝ իրենց հավաքույթներն անցկացնում են կուսակցապետին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում։ Ընդ որում՝ ոչ միշտ է, որ թիմակիցների հետ զրույցն ընթանում է ճաշի սեղանի շուրջ, ինչպես առաջներում էր։ «Գործնական հանդիպումների համար նախատեսված դահլիճներ կան, ավելի հարմարավետ ու աչքից հեռու»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանից հարեւան Իրան ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանումը, գառան մսի գնաճի հետ զուգահեռ, լուրջ խնդիր է առաջացրել անասնաբուծության այս ճյուղում: Մարդիկ վաճառել են ոչխարները, բայց չեն կարողացել լրացնել խմբաքանակը: Ու հիմա Հայաստանը ստիպված է ոչխարի միս ներկրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, ոչխարի գլխաքանակը նվազել է 6.6 տոկոսով. այս տարվա հունվարի մեկի դրությամբ Հայաստանում եղել է 727 հազար 100 գլուխ ոչխար, մինչդեռ նախորդ տարի 778 հազար 100 էր: Ինչ վերաբերում է ներկրմանը, ապա «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց՝ այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ-ից ներկրվել է 800 գլուխ ոչխար: Իսկ ոչխարի, այծի մսի ներկրումը ՌԴ-ից վերոնշյալ ժամանակահատվածում կազմել է 625.5 տոննա՝ անցած տարվա 70 տոննայի դիմաց: Ասել է, թե հայկականին ներքին շուկայում եկել է փոխարինելու ռուսական ոչխարի միսը»:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը «Պրես Ստենդ» ընկերության գործունեությունը ձախողելուց հետո անցել է իր մյուս բիզնեսների վաճառքին։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ պատգամավորը վաճառքի է հանել նաեւ «Կրպակ» սուպերմարկետների ցանցը։ Նշենք, որ ոչ վաղ անցյալում պատգամավորը գնել էր սնանկացած «Սթար» սուպերմարկետների ցանցը եւ փոխելով անվանումը դրանց տեղում հիմնել էր «Կրպակ» սուպերմարկետների ցանցը։ Փաստորեն, պատգամավորի բախտը չէր բերել, սնանկացման ուղտը չոքել է նաեւ նրա դռանը»:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը օրերս անակնկալ այցով եղել է Արմավիր ՔԿՀ-ում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երբ նա իջել է ճաշարան` տեսնելու, թե ինչով են սնվում կալանավորները, «թարսի պես» ո’ր կաթսայի կափարիչը բարձրացրել է, նորմալ ուտելիք է հայտնաբերել։ Հիասթափված Փաշինյանը հարցրել է, թե բանտարկյալների սնունդը ամեն օ՞ր է այդպես լավ, նրան անկեղծորեն պատասխանել են, որ տեղեկացված են եղել իր այցի մասին։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել հանկարծակիի բերել բանտապետին»։
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի սկանդալային հայտարարությունը թանկ է նստել իր վրա։ Քաղաքականությունից կիլոմետրերով հեռու լինելով` Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությանը, ասել էր. «Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որեւիցե խնդիր չկա»։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Բաբլոյանի հետ եւ նախատել նրան չմտածված խոսքերի համար։ Ի մասնավորի նա վերջինիս ասել է` ինչից չես հասկանում, գոնե կարողացիր լռել։ Այս հանգամանքը շատ ծանր է ազդել Բաբլոյանի վրա, եւ նա իր վատ հոգեվիճակի մասին անկեղծացել է մտերիմների շրջապատում»: