17.06.2026
Գրավիչ պայմաններ եւ նոր գործիքակազմ օրինապահ հարկ վճարողների համար
prev Նախորդ նորություն

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել

2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած՝ ՀՀ ԱԺ հերթական ընտրությունները ոչ միայն չհանգուցալուծեցին, այլ էլ ավելի խորացրին և բորբոքեցին ներհասարակական և ներքաղաքական ճգնաժամը, ինչը ակնհայտորեն պայմանավորված էր իշխող քաղաքական միավորի՝ վերջին տարիների հակապետական ու հակահայկական գործունեությամբ, երբեմն էլ՝ անգործությամբ:


«Ժառանգություն» կուսակցությունը, հիմք ընդունելով նախընտրական, բուն ընտրական և հետընտրական ժամանակահատվածը, արձանագրում է։


Ա. 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած՝ ԱԺ հերթական ընտրությունները տեղի են ունեցել անհավասար մրցակցության, պետական ռեսուրսի ակնհայտ չարաշահման, իրավապահ համակարգի աչառու վերաբերմունքի պայմաններում, ինչը էական ազդեցություն է թողել մեր հայրենակիցների ազատ կամարտահայտության վրա։


Բ. ԿԸՀ-ի հրապարակած ամփոփիչ արձանագրության մեջ արտահայտված թվերն ու տոկոսները խնդրահարույց են, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ առանց այն էլ խաթարված կամքին, ժողովրդավարության սկզբունքներին և իրավական վիճարկման ակնառու տարրեր և դրվագներ են պարունակում։


Գ.Իշխող քաղաքական միավորը հետայսու այլևս չունի լեգիտիմ աջակցություն. նույնիսկ իրենց իսկ կողմից նկարված թվերն ու տոկոսները ցույց են տալիս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիսուն և ավելի տոկոսը չի աջակցում նրանց քաղաքական ծրագրին և օրակարգին։


Դ.Իրողությունների համակողմանի և արդար վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտրական գործընթացում ներգրավված ընդդիմադիր ոչ բոլոր առաջնորդներն ու թիմերը ցուցաբերեցին պետական մտածողություն՝ չկարողանալով ձևավորել և մեր հայրենակիցների դատին ներկայացնել հասարակական բոլոր շերտերն ու գույները ներառող քաղաքական այլընտրանք:


Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության վտանգված ապագայով մտահոգ բոլոր ուժերին, հակազավթողական ու սահմանադրական պայքարի առաջնորդներին ձևավորել ընդհանուր օրակարգ և հակաիշխանական պայքարի միասնական ճակատ՝ հերթական հայրենատվության արարը թույլ չտալու համար:


Հայրենիքը բոլորինս է, հաղթանակը՝ ժողովրդինը։


«Ժառանգություն» կուսակցություն


 


 


 

Գործադիրը ներկայացրել է խաղամոլության կանխմանն ուղղված հերթական նախաձեռնությունը
Հաջորդ նորություն next