VERELQ-ը Աջափնյակի բնակչից նամակ է ստացել, որը ներկայացնում ենք ստորև:
Այս օրերին հաճախ ենք խոսում խնդիրներից, թերություններից և բացթողումներից։ Սակայն կան դեպքեր, երբ հասարակությունը պարտավոր է բարձրաձայնել նաև այն մարդկանց մասին, ովքեր իրենց գործը կատարում են բացառիկ նվիրումով, պատասխանատվությամբ և մարդկային բարձր արժանիքներով։
Վերջերս Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած մի դեպք ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր կողքին աշխատում են մարդիկ, որոնց համար ծառայողական պարտականությունը պարզապես աշխատանք չէ, այլ իրական առաքելություն։
Մի քանի օր առաջ մեր այգում կատարվում էին բարեկարգման և եռակցման աշխատանքներ։ Եռակցման ընթացքում կայծեր ընկան հողի վրա, և անսպասելիորեն հողը սկսեց այրվել։ Սկզբում դա տարօրինակ էր թվում, սակայն երբ սկսեցինք փորել այրվող հատվածը, պարզվեց, որ հողի տակ կուտակված գազ է այրվում։
Գիտակցելով իրավիճակի լրջությունն ու հնարավոր վտանգավոր հետևանքները՝ անմիջապես զանգահարեցի մեր թաղամասի գազի սպասարկման տեսուչ Նելլի Անախասյանին։ Չնայած աշխատանքային օրվա ավարտին մնացել էր շատ քիչ ժամանակ, նա առանց վայրկյան իսկ կորցնելու կազմակերպեց համապատասխան արձագանքը և դեպքի վայր ուղարկեց Գազատարների սպասարկման տեղամասի պետ Արմեն Բադալյանին։
Պարոն Բադալյանը ժամանելուց հետո մանրակրկիտ ուսումնասիրեց տարածքը և կասկած հայտնեց, որ գործ ունենք գազի արտահոսքի հետ։ Սակայն նա չբավարարվեց միայն ենթադրությամբ։ Շատ կարճ ժամանակ անց վերադարձավ հատուկ սարքավորումներով և մասնագետի հետ։ Ստուգումների արդյունքում հաջողվեց հայտնաբերել արտահոսքի հավանական գոտին, ինչից հետո տեղեկացվեցին Աջափնյակի գազի գրասենյակի ղեկավար Միքայել Միքայելյանը և տեխնիկական գծով տեղակալ Մխիթար Մովսիսյանը։
Հենց այդ պահից սկսվեց այն աշխատանքը, որը դժվար է գնահատել սովորական չափանիշներով։
Չնայած աշխատանքային օրն արդեն ավարտվել էր, Աջափնյակի գազի գրասենյակի ղեկավարությունը և գազատարների սպասարկման ամբողջ անձնակազմը մեկ մարդու պես հավաքվեցին և ժամանեցին դեպքի վայր։ Սկսվեցին որոնողական և վթարավերականգնողական լայնածավալ աշխատանքներ։ Ժամերն անցնում էին, բայց մարդիկ չէին հեռանում։ Նրանք աշխատում էին պատասխանատվության այն գիտակցությամբ, որ իրենց առջև ոչ թե հերթական տեխնիկական խնդիրն է, այլ հարյուրավոր մարդկանց անվտանգության հարցը։
Աշխատանքները շարունակվեցին մինչև կեսգիշերն անց։ Երբ այդ օրը չհաջողվեց վերջնականապես գտնել վնասված հատվածը, մասնագետները նախ ապահովեցին անվտանգության բոլոր անհրաժեշտ պայմանները և որոշեցին հաջորդ առավոտյան շարունակել որոնումները։
Հաջորդ օրը՝ ճիշտ նշանակված ժամին, ամբողջ անձնակազմն ու տեխնիկան արդեն տեղում էին։ Նորից սկսվեց լարված և պատասխանատու աշխատանքը, որը շարունակվեց մինչև գիշերվա ժամը մեկը։ Եվ միայն այդ ժամանակ բացահայտվեց խնդրի իրական մասշտաբը։
Պարզվեց, որ գազատարի գլխավոր խողովակը վեց տարբեր տեղերում վնասված էր։ Բնական գազը երկար ժամանակ արտահոսել էր և կուտակվել փողոցի ասֆալտի տակ, ինչպես նաև հարակից այգիների հողաշերտերում։ Մասնագետների գնահատմամբ՝ ստեղծվել էր չափազանց վտանգավոր իրավիճակ, որը ցանկացած պահի կարող էր հանգեցնել անկանխատեսելի և ողբերգական հետևանքների։
Բարեբախտաբար, դա տեղի չունեցավ։ Չունեցավ միայն այն պատճառով, որ մի խումբ պատասխանատու մարդիկ իրենց արտականությունները կատարեցին ոչ թե ձևականորեն, այլ ամբողջ նվիրումով և պրոֆեսիոնալիզմով։
Այսօր, երբ վտանգն արդեն անցել է, որպես բնակիչ և այդ դեպքի անմիջական ականատես, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Նելլի Անախասյանին, Արմեն Բադալյանին, Միքայել Միքայելյանին, Մխիթար Մովսիսյանին և Աջափնյակի գազի գրասենյակի բոլոր այն աշխատակիցներին, ովքեր երկու օր շարունակ անխոնջ աշխատեցին՝ մարդկանց կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար։
Նրանք վերացրին տեխնիկական անսարքությունը և կանխեցին հնարավոր աղետը։
Մեր հասարակությունը հաճախ չի տեսնում այն մարդկանց, ովքեր աշխատում են կուլիսներում՝ ցրտին, շոգին, գիշերը կամ տոն օրերին։ Սակայն հենց նրանց աշխատանքի շնորհիվ են մեր տները տաք, մեր փողոցները անվտանգ, իսկ մեր առօրյան՝ խաղաղ։
Այս պատմությունը պետք է հայտնի դառնա ոչ միայն որպես հաջողությամբ լուծված վթարի օրինակ, այլ նաև որպես մարդկային պատասխանատվության, մասնագիտական պատվախնդրության և պետական ծառայողի բարձր գիտակցության օրինակ։
Փա՛ռք և շնորհակալություն այն մարդկանց, ովքեր վտանգի պահին առաջինն են գալիս օգնության և վերջինն են հեռանում աշխատանքից։
Հարգանքով՝
Խաչիկ Առաքելյան
Աջափնյակ համայնքի բնակիչ