27.11.2024
Փորձագետները ԲԹԿ–ի մասին.ՌԴ–ն շրջանցող միջանցք և Թուրքիայի ելք դեպի Կենտրոնական Ասիա
prev Նախորդ նորություն

Թրամփը, Անգլիայի թագուհին, Թուրքիայի վարչապետը նոր օֆշորային սկանդալում. Paradise Papers

Հերթական օֆշորային սկանդալն է պայթել: Այս անգամ այն ստացել է «Դրախտային կղզիրների թղթերը» անվանումը: Սկանդալի հիմքում Բերմունդյան կղզիներում եւ Սինգապուրում գրանցված երկու խոշոր օֆշորային իրավաբանական ընկերությունների ֆինանսական փաստաթղթերի արտահոսքն է:


Ֆինանսական փաստաթղթերի նոր հսկայական արտահոսքը ցույց է տալիս, թե ինչպես են աշխարհի հարուստների, ներառյալ Անգլիայի թագուհի Ելիզավետա երկրորդի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հետ կապ ունեցող անհատները գաղտնի ներդրումներ կատարում օֆշորային գոտիներում:


Փաստաթղթերը հայտնվել են գերմանական Süddeutsche Zeitung թերթի տրամադրության տակ, որն էլ այն փոխանցել է «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին» (ICIJ)՝ համատեղ հետաքննություն կազմակերպելու համար: Հետաքննությանը մասնակցել են 380 լրագրող մոտ 100 լրատվամիջոցից, որոնց թվում են՝ The Guardian-ը, BBC-ն, New York Times-ը:


Այս փաստաթղթերը, ինչպես գրում է occrp.org-ը, թույլ են տալիս ամբողջական պատկերացում կազմել օֆշորային մեքենայությունների մասին, որոնք իրականացրել են մոլորակի մեծահարուստները: Բացահայտված փաստաթղթերում երեւում է, թե ինչպես է Դոնալդ Թրամփի առեւտրային քարտուղարը համագործակցում ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող ընկերության հետ:


«Paradise Papers» (Պարադիզ թղթեր կամ դրախտային թղթեր) պարունակում է 13.4մլն փաստաղթղեր՝ հիմնականում օֆշորային մեկ առաջատար ընկերությունից: Փաստաթղթերի ուսումնասիրությունը կատարվել է մոտ 70 տարվա կտրվածքով:


Փաստաթղթերը բացահայտում են հարյուրավոր մարդկանց ֆինանսական ու հարկային պատմությունները: Այն հիմնականում կենտրոնացել է քաղաքական գործիչների, աստղերի, մեծ ընկերությունների, հիմնադրամների ֆինանսական գործունեության վրա, որոնք օֆշորային գոտիներում թաքցրել են իրենց գումարներն ու ցույց չեն տվել այն հարկային մարմիններին:


Նշվում է, որ «Դրախտային թղթեր» նախագիծը բացահայտում է, թե ինչպես է Անգլիայի թագուհու մասնավոր կարողություններից միլիոնավոր ֆունտեր ներդրվել Կայմանյան կղզիներում, որի գումարների մի մասը գնացել է այնպիսի ընկերության, որը մեղադրվում է աղքատ ընտանիքներին շահագործելու մեջ: Նյութում կա նաեւ թագուհու ներկայացուցչի մեկնաբանությունը:


Հետաքննությունում մատնացույց են արվում Դոնալդ Թրամփի կաբինետի անդամների, օրինակ ԱՄՆ-ի ներկայիս առեւտրի նախարարի Ուիլբուր Ռոսի, ինչպես նաեւ ԱՄՆ Դեմկրատական ու Հանրապետական կուսակցություններին հովանավորող անձանց օֆշորային գործարքները:


ԱՄՆ-ի ներկայիս առեւտրի նախարար, նախկինում ներդրումային մագնատ Ռոսը, ըստ հետաքննության արդյունքների, 2014 թ-ին 68 մլն դոլար է ստացել ռուսական էներգետիկ ընկերությունից, որի համսեփականատերն է Պուտինի փեսան: Նշվում են 2 ռուս միլիարդատերերի օֆշորային ցանցերի մասին:


Օֆշորային գործարքների մեջ է ներգրավված եղել նաեւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի բարեգործությունների համար հանգանակություններ հավաքող անձը, ով գաղտնի օֆշորային գործարքներ է իրականացրել:


Օֆշորային սկանդալում են ներգրավվել նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները՝ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները: Կոնսորցիումի հրապարակած նյութերում նշվում է, որ եղբայրները Մալթայում գրանցված երկու ընկերությունների միակ սեփականատերերն են: Առաջինը՝ Hawke Bay Marine Co. Ltd-ն, ստեղծվել է 2004 թվականի ապրիլին:


Ընկերությունն ունի կամ ղեկավարում է բեռնափոխադրող նավերով: Երկրորդ ընկերությունը՝ Black Eagle Marine Co. Ltd-ը, գրանցվել է 2007 թվականին: Գրանցված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Էրքամը, ով ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերն է, նաև այդ երկու ընկերությունների տնօրենն է: Երկու ընկերություններն էլ


2017 թվականի հոկտեմբերի դրությամբ Մալթայի ընկերությունների ռեգիստրում գրանցված են որպես ակտիվ գործող ընկերություններ: Կոնսորցիումից հայտնել են, որ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ հրապարակված նյութերի վերաբերյալ:


Փաստաթղթերում նշվում է նաեւ, թե ինչպես են Twitter-ն ու Facebook-ը միլիոնավոր դոլարների ներդրումներ ստացել ՌԴ-ի հետ կապված ֆինանսական հաստատություններից: Միլիոնավոր դոլարների հարկային վճարումնեից են խուսափել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Nike-ն ու Apple-ը:


Օֆշորային գործարքների մեջ է ներգրավված նաեւ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորներից մեկը՝ Ջորջ Սորոսը: Նա ղեկավարում է օֆշորային ընկերությունների ցանցը, որը զբաղվում է ապահովագրիչների ապահովագրմամբ: Հատկանշական է, որ վերջինիս բարեգործական «Բաց հասարակություն» հիմնադրամը հանդիսանում է ICIJ-ի դոնորներից մեկը:


Առաջիկայում «Paradise Papers»-ի նոր բացահայտումներ էլ կլինեն, որոնցում, ըստ տեղեկությունների, կարող են լինել նաեւ Ադրբեջանի օֆշորային գործարքների մասին տվյալներ: