14.05.2025
Չավուշօղլու. Անկարան անտարբեր չի մնա, եթե թուրքմեններին Իրաքում վտանգ սպառնա
27.10.2016
Չավուշօղլու. Անկարան անտարբեր չի մնա, եթե թուրքմեններին Իրաքում վտանգ սպառնա

Անկարան միջոցներ կձեռնարկի, եթե իրաքյան Թալ Աֆար քաղաքում բնակվող թուրքմենների համար սպառնալիք առաջանա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Շիա աշխարհազորայինները հոկտեմբերի 25-ին հայտարարել էին, որ մտադիր են գրավել Թալ Աֆար քաղաքը, որը գտնվում է Մոսուլից 50 կմ հեռավորության վրա և որտեղ թուրքմեններ են բնակվում, և կասեցնել «Իսլամական պետության» գրոհայինների փախուստը Սիրիա: «Մենք միշտ դեմ ենք եղել միջդավանական պառակտմանը Սիրիայում և Իրաքում: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, սակայն դասեր ոչ ոք չի քաղել: Մենք տեսնում ենք, որ շիա կամավորականները փորձում են Մոսուլ մտնել: Սակայն ԻՊ դեմ պետք է պայքարեն տեղի ուժերը: Պետք է ուշադիր լինել Մոսուլում և Թալ Աֆարում էթնիկ բալանսի պահպանման հարցում: Եթե Թալ Աֆարի մեր եղբայր թուրքմենների համար վտանգ առաջանա, մենք չենք լքի նրանց և անմասն չենք մնա»,-հայտարարել է Չավուշօղլուն Անկարայում: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրաքյան Մոսուլը մի ժամանակ Թուրքիային էր պատկանում: «Պատմության կտրվածքով և Քիրկուկն է մերը եղել, և Մոսուլը»,-ասել է նա: