17.06.2026
ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանի դեմ ներկայացրած Դատախազության միջնորդությունը
prev Նախորդ նորություն

Առաջարկվում է օրենքում ավելացնել մեկ տոն եւս՝ Նավասարդ

Առաջարկվող փոփոխություններով հիմնականում պահպանվել են արդեն գոյություն ունեցող տոնական եւ հիշատակի օրերն ու դրանք բերվել են առավել պատշաճ եւ ժամանակագրությունն ու տրամաբանությունը պահպանած կարգի: Այս մասին ասել է պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ ԱԺ հունիսի 17-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Հեղինակն առաջարկում է նաեւ օրենքում ավելացնել մեկ տոն՝ Նավասարդը՝ այն ամրագրելով որպես ազգային ավանդույթների, մշակույթի եւ հայերի միասնության օր: Առաջարկվում է այն նշել օգոստոսի 11-ին: Հեղինակը կարծում է, որ այդ տոնը ոչ միայն կնպաստի ազգային մշակույթի արժեքների պահպանմանն ու տարածմանը, այլեւ կարեւոր օր կդառնա սփյուռքահայերի՝ Հայաստան ժամանելու եւ տոնակատարություններին մասնակցելու առումով: Օրը, սակայն, կլինի աշխատանքային:


Հեղինակի մեկ այլ առաջարկ ազգային փոքրամասնություններին վերաբերող տոնական կամ հիշատակի որոշ օրեր ոչ աշխատանքային սահմանելու մասին է:


Պատգամավորն առաջարկում է նաեւ ոչ աշխատանքային օրեր սահմանել կամ այլ լուծում գտնել Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող տաղավար տոների՝ Սուրբ Ծնունդ եւ Աստվածհայտնություն, Սուրբ Զատիկ, Վարդավառ, Վերափոխումն Սբ. Աստվածածնի եւ Խաչվերացին հաջորդող մեռելոց-հիշատակի օրերի դեպքում:


Երեւանի օրվա նմանությամբ առաջարկվում է սահմանել նաեւ մարզերի տոնական օրեր՝ հաշվի առնելով նաեւ բնակլիմայական պայմանները: Հեղինակը կարծում է, որ այսպիսի տոները կնպաստեն ներքին զբոսաշրջության զարգացմանը:


Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը դրական է գնահատել ներկայացված օրինագիծը՝ գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել նախագծին:


ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը ներկայացրել է Կառավարության դիրքորոշումը: Ներկայացվել են մի շարք առաջարկներ, որոնք հեղինակը կդիտարկի առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Որոշ առաջարկների վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը դրական էր:


 

Քննարկվել է ԵՄ երկրներ ձուկ արտահանելու գործընթացին վերաբերող նախաձեռնությունը
Հաջորդ նորություն next