Արամ Օրբելյան. Ռոբերտ Քոչարյանի դեմ նախաձեռնված գործը իրավական հիմքեր չունի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ԿԸՀ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ նախաձեռնված վարույթն արհեստական է և իրավական հիմքեր չունի։
«Ծանոթացել եմ գործի նյութերին։ Ներկայացված փաստերը որևէ ողջամիտ կապ չունեն քրեական գործի հետ և չեն պարունակում հանցագործության հատկանիշներ», - նշել է Օրբելյանը։
Նրա խոսքով՝ գործի հիմքում 2004 թվականին իրականացված մի գործարք է, որը հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ, սակայն այդ գործընթացի հետ ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ նրա ընտանիքի անդամները որևէ առնչություն չեն ունեցել։
Փաստաբանը նշել է, որ ավելի ուշ՝ արդեն այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը պետական պաշտոն չէր զբաղեցնում, Սեդրակ Քոչարյանը ձեռք է բերել բաժնեմաս տվյալ ընկերությունում՝ զգալի ներդրում կատարելով։
Օրբելյանի խոսքով՝ խոսքը վերաբերում է «Մաստեր Կլաս» ընկերության տարածքին, որը գտնվում է «Օրանժի» նախկին գրասենյակի դիմաց։ Նա ընդգծել է, որ տվյալ գործընթացում որևէ քրեաիրավական խնդիր չկա, քանի որ խոսքը ոչ թե առուվաճառքի, այլ վարձակալության և ներդրումային ծրագրի մասին է։
Հիշեցնենք, որ այս վարույթի շրջանակում Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ միջնորդելով թույլատրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել և նրան ազատությունից զրկել։ Միջնորդությունը քննարկվելու է ԿԸՀ-ի հրավիրած նիստում։