Փոխվել են մոտեցումները. Վրաստանի քաղաքացիները կկարողանան երկքաղաքացի դառնալ
Վրաստանի հոկտեմբերին ընդունած նոր սահմանադրությամբ առավել ազատական մոտեցում է ցուցաբերվում քաղաքացիության հարցում: Նախկին մոտեցումները փոխվել են: Այս մասին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Ինչպես հայտնում է apsny.ge-ն, նրա խոսքով, նոր սահմանադրությամբ այլեւս նախատեսված չէ Վրաստանի քաղաքացիության ավտոմատ դադարեցում՝ այլ երկրի քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում: «Այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում Վրաստանի քաղաքացիութունն ավտոմատ չի կորում, ինչպես սահմանված էր Սահմանադրության նախորդ տարբերակում», - լրագրողներին ասել է Կոբախիձեն:
Նախորդ Սահմանադրության հիման վրա 2015 թվականի դեկտեմբերին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին զրկվել էր Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ Ուկրաինայի քաղաքացիութուն էր ստացել: Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին 2012-ին ստիպված էր հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիութունից, որպեսզի Վրաստանի քաղաքացի դառնա:
Բացի այդ Վրաստանի հայ համայնքի բազմանթիվ ներկայացուցիչներ եւս զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու կարիքից դրդված ձեռք էին բերել ՀՀ քաղաքացիություն:
Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2008 թ-ի հնգօրյա պատերազմից հետո դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել են, իսկ Ռուսաստանը վիզային ռեժիմ է սահմանել Վրաստանի քաղաքացիների համար:
Վրաստանի նոր Սահմանադրությունը ուժի մեջ կմտնի 2018-ի վերջին՝ նախագահական ընտրություններից հետո: