24.11.2024
Փոխվել են մոտեցումները. Վրաստանի քաղաքացիները կկարողանան երկքաղաքացի դառնալ
prev Նախորդ նորություն

Մոսկվայում բացվել է մարշալ Բաղրամյանի կիսանդրին

Մոսկվայում` Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում, նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը:


Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ Կիսանդրին Հայաստանի Հանրապետության նվերն է Ռուսաստանի Դաշնությանը՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի 120-ամյակի կապակցությամբ։ Այն թանգարանին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Հաղթանակի թանգարանի կենտրոնական սրահում՝ խորհրդային հրամանատարների պանթեոնում, որը ոգեկոչում է Մեծ հայրենականի հերոսների սխրագործությունը։


Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաեւ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, ՀՀ եւ ՌԴ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Հաղթանակի հրամանատարների հետնորդները, վետերաններ, ռուսաստանյան հասարակական եւ գիտական ու մշակութային ոլորտի հայտնի գործիչներ ու հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:


Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրու տեղադրման նախածեռնողը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն է: Քանդակի հեղինակներն են քանդակագործներ Միսակ Մելքոնյանը եւ Աշոտ Թադեւոսյանը:


«Թանգարանը գիտություն է ու հիշողություն: Դա պատմությունը վերաքննելու բոլոր միջոցների դեմ ուղղված կարեւորագույն գործիքներից մեկն է: Մեզ համար մեծ է պատիվ Հայաստանի Հանրապետության անունից Մեծ հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանին նվիրաբարել մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին, որի ներդրումը միասնական հաղթանակի կերտման գործում դժվար է գերագնահատել: Հայաստանն ու հայ հասարակությունը այն երկրների ու ժողովուրդների շարքերում են եղել, որոնց միահամուռ ջանքերի շնորհիվ մարդկությունն ու քաղաքակրթությունը փրկվել է 20-րդ դարի ամենամեծ չարիքից՝ ֆաշիզմից:Հայաստանի եւ հայ ժողովրդի համար այդ հաղթանակը յուրահատուկ նշանակություն է ունեցել: Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձություններից եւ 1,5 միլիոն հայի կյանք խլած 1915թ. ցեղասպանությունից ընդամենը երեք տասնամյակ անց Հայաստանը` ԽՍՀՄ ամենափոքրաթիվ բնակչություն ունեցող հանրապետություններից մեկը, ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ Մեծ հայրենականին` մոբիլիզացրելով եւ ռազմաճակատ ուղարկելով 600 հազար հոգու»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը: