«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը մեկ այլ հզոր հայացք է Հայոց Ցեղասպանությանը. LA Times
Ինչպես վերջերս ներկայացված «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը, «Ոչնչացնելու մտադրություն» փաստավավերագրական ժապավենը մեկ այլ հզոր հայացք է 1915-1918 թվականներին Օսմանյան կայսրությունում 1.5 մլն քրիստոնյա հայի սպանությանը:
Այս մասին գրում է Los Angeles Times-ը՝ ընդգծելով, որ ֆիլմը փորձում է նաև ներկայացնել, թե ինչու մեկ դար անց Թուրքիայի կառավարությունը դեռևս պաշտոնապես չի ընդունում այս սարսափելի կոտորածի փաստերը և ոչ էլ «ցեղասպանություն» բառի օգտագործումը:
Ֆիլմի ռեժիսոր Ջո Բեռլինգերը յուրովի բարձրաձայնում է այս բարդ, վիճահարույց հարցը՝ համակցելով դա Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմի նկարահանումների հետ, որի պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է ապրիլին:
Վավերագրական ֆիլմը, որը բաժանված է երեք մասի («Մահ», «Ժխտում», «Նկարագրում»), բազմաթիվ արխիվային նյութեր և լուսանկարներ է պարունակում, ինչպես նաև հարցազրույցներ ամերիկահայ գրող և դերասան Էրիկկ Պողոսյանի, ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսի, ռեժիսոր Ատոմ Էգոյանի և մի շարք պրոֆեսորների հետ:
Հիշեցնենք, որ 2017թվականին ֆիլմը Լոս Անջելեսում կայացած կինոփառատոնի շրջանակում ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ, իսկ ցուցադրությունը ամերիկյան քաղաքներում մեկնարկել է նոյեմբերին:
Թարգմանությունը` tert.am-ի: