Առաջիկայում կսկսվի իրանական վառելիքի ներկրումը Վրաստան, որի գլխավոր խոչընդոտը մինչև վերջերս ցածր որակն էր: Ըստ Վրաստանի Նավթամթերքի ներկրողների ասոցիացիայի ղեկավար Վանո Մտվրալաշվիլիի, վերջերս իրանական վառելիքի որակը զգալիորեն աճել է և այժմ համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Արդյունքում այդ ուղղությունը հեռանկարային է դառնում վրաց գործարարների համար: Բացի այդ, ըստ նրա, առաջիկայում կաճի նավթամթերքի ներմուծումը Վրաստան ՌԴ-ից, Թուրքմենստանից և Ուկրաինայից: Վանո Մտվրալաշվիլին նշել է, որ «ներկրումն Իրանից կսկսվի մոտ ապագայում»: «Մեզ համար հիմա գլխավորն այն է, որ վառելիքն ընդունելի լինի իր որակով և մատչելի գնով: Այդ տեսակետից Իրանը շատ հեռանկարային ուղղություն է: Ներկրումը կսկսվի շուտով, սակայն կոնկրետ ժամկետների մասին դեռ վաղ է խոսել»,-ասել է Մտվրալաշվիլին