Ծառուկյան-ՀՀԿ կոալիցիայի «ցեմենտը» 15 մլրդ ներդրումը կլինի՞. ԱԺ փոխնախագահն է մեկնաբանում
Օրերս ԱԺ նախկին պատգամավոր, խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի ցուցակով մասնակցած Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ եթե ՀՀԿ-ն հասկանա 15 մլրդ ներդրման անհրաժեշտությունն ու կարևորությունը, որի մասին խոսել էր Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում, ապա դա կարող է ապագա կոալիցիայի հիմք դառնալ:
«Ծառուկյան» դաշինքում, սակայն, նշում են, որ այս հայտարարությունը հիմնազուրկ է: VERELQ-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը, նախ, նշեց, որ Գագիկ Ծառուկյանի կողմից նշված 15 մլրդ դոլարի ներդրումը իրականություն կդառնար միայն այն ժամանակ, երբ իրենք 50+1 ձայներ ստանային և «Ծառուկյան» դաշինքը կունենար բացարձակ իշխանություն ու կառավարություն կազմելու ինքնուրույն հնարավորություն: Այսինքն, միայն այդ դեպքում հնարավոր էր այդ նշված ծավալի ներդրում լիներ՝ հիմնված բացարձակ վստահության վրա.
«Այն ժամանակ էլ հստակ նշվել էր, որ այդ ներդրումները կլինեն միայն բացարձակ իշխանության դեպքում, քանզի դրանք երաշխիքներ են պահանջում: Եվ սա այն հարցն է, որտեղ երկու կարծիք լինել չի կարող՝ միայն ու միայն այդ ներդրումները կարող էին լինել կառավարության ձևավորման պայմաններում»,- հիշեցրեց Մելքումյանը:
Ճշտող հարցին՝ այսինքն այս պահին ՀՀԿ հետ հնարավոր կոալիցիայի մասին խոսել ու հիմքեր փնտրելը ճիշտ չէ՞, Միքայել Մելքումյանն արձագանքեց՝ այս պահին կոալիցիայի մասին որևէ խոսակցություն չկա.
«Երբ 2012 թվականին մենք դուրս եկանք կոալիցիայից, հայտարարեցինք, որ նման որոշում կայացնելու հիմքը եղել է քաղաքական որոշումների վրա համապատասխան ազդեցություն չունենալը: Եվ այսօր էլ կրկնում ենք, որ կոալիցիան ինքնանպատակ չէ, պետք է քաղաքական որոշում կայացնելու ինստիտուտի վրա ունենաս հստակ ազդեցություն և միայն այդ պարագայում մենք կարող ենք որոշակի հանգրվանի գալ»,- հավելեց նա: