VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Տարկետման վերացման իրավունքի վավերացումը Ազգային ժողովի կողմից վերջին օրերին դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ ակտիվորեն բողոքողները բուհերի ուսանողներն են։ «ՉԻ» տեղեկություններով՝ դասադուլ անող ուսանողները իրականում ուղղորդվում են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի սիրելի Բաղրամյան 26-ի երիտթեւի կողմից։ Պատճառն այն է, որ Վիգեն Սարգսյանը օգտագործելով Սերժ Սարգսյանի հետ ունեցած ջերմ հարաբերությունները մի փոքր վերեւ էր թռել սահմանված նշագծից ու հիմա նրան իր տեղը նստեցնելու ժամանակն է»։
«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ ՀՀԿ վերնախավի կողմից հատուկ մարտավարությամբ ծրագրվող սարդոստայն է հյուսվում: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը հրահանգել է ներքին կառույցներին բոլոր ձեւերով հարձակվել ու ոչնչացնել վարչապետին եւ այնպիսի տպավորություն ստեղծել, որ նա առ ոչինչ է: Այսինքն պետք է այնքան թուլացնել, որ նա ամեն հարցում կախված լինի Սերժ Սարգսյանից: Մարտավարական ծրագրի իրականացման վերջնաժամկետը 2018-ի գարունն է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ հանրությունն ընդվզում է զինապարտության մասին օրենքում տարկետման վերացման դեմ, իսկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ կաշվից դուրս է գալիս ձնագնդի էֆեկտով ահագնացող բողոքի ալիքի դեմն առնելու համար, հայոց գեներալներն ընդհատակ են անցել եւ ոչնչով չեն աջակցում բանակին եւ ՊՆ ղեկավարությանը։ Մեր տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանն այս ամսվա սկզբին մեկնել է Դուբայ՝ հանգստանալու, կվերադառնա հաջորդ շաբաթ, որպեսզի մասնակցի երեքշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյային։ Սեյրան Սարոյանը նույնպես մի քանի օր Հայաստանում մնալուց հետո վերադարձել է Մոսկվա՝ շարունակելու ցողունային բուժումը ոտքերի շրջանում»։
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը մեծ շուքով նշել է 60-ամյա հոբելյանը։ «ՉԻ» տեղեկություններով՝ միջոցառումը, որին ներկա է եղել 1000-ից ավելի մարդ, տեղի է ունեցել Հրազդանի «Սիրո կայարան» ռեստորանային համալիրում։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ներկա են եղել «Ելք»-ի անդամները, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Ուշագրավն այստեղ միայն Սեյրան Օհանյանի մասնակցությունը չէ Սասուն Միքայելյանի ծննդյան տոնին, այլ այն, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո ոչ ոքի մտքով չէր անցնի, որ Սասուն Միքայելյանը, Արամ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը միասին տոնական սեղանի մասնակից կդառնան։ Ավելին՝ Սեյրան Օհանյանն ու Նիկոլ Փաշինյանը ոչ միայն բաժակ բաժակի են զարկել, այլեւ միասին ջիգյարով պարել են ռեստորանի պարահարթակում։ Վերջում Սեյրան Օհանյանը թանկարժեք իսպանական թուր է նվիրել հոբելյարին եւ բարեմաղթել. «Թուր եմ նվիրում, որ թուրդ աջ ու ձախ կտրի», ասել է ոչ վաղ անցյալում պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցնող նախկին պաշտոնյան»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ ՀՀԿճականների՝ կուսակցության գործադիր մարմնի վերջին նիստում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը բողոքել է կառավարության կազմում ՀՅԴ-ականների աշխատանքից, նախագահ Սերժ Սարգսյանը, իմիջիայլոց, ասել է, թե առաջիկայում չի բացառվում, որ կառավարության կուսակցական կազմն ընդլայնվի, եւ դրանում ներկայացված լինի նաեւ «Ծառուկյան» դաշինքը: Նախագահը կրկնել է, որ իրենց ուժը բազմազանության մեջ է, եւ իրենք պետք է կարողանան աշխատել այդ բազմազանության պայմաններում»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հարաբերություններն այն չեն ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարության վերնախավի, այլեւ ԼՂ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ: Բացի այն, որ Մովսես Հակոբյանը, ըստ նրան ճանաչողների, ծանր բնավորություն ունի, Արցախում ինչ-ինչ «պոչեր» էլ է թողել` դիզվառելիքի ու ցորենի հետ կապված, ինչի առնչությամբ ժամանակին բարձրաձայնեց ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը: Չնայած այդ ամենին, ՀՀ ԳՇ ներկայիս պետին անչափ բարձր է գնահատում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, համարելով, որ իր կողմից այլեւս անընդունելի այս իշխանությունների միակ ճիշտ քայլը Մոսիին ԳՇ պետի պաշտոնում նշանակելն էր»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից, երբ ռուսալեզու mignews.com (ասում են` իսրայելական) կայքը «սխալմամբ» գրել էր, որ Բենիամին Նեթանյահուն հանդիպել է Հայաստանի «պրեմիեր մինիստր» Էդվարդ Նալբանդյանի հետ, իշխանական կուլիսներում մտախոհ էին՝ «պրեմիեր մինիստրը» գիտենք ով է լինելու, դուք գրեք, թե ով է լինելու ՀՀ ապագա նախագահը: Երեք հավանական թեկնածուներից Գագիկ Հարությունյանը դեմ չէ, որ դառնա նախագահ, քանզի 98-ին հրաժարվեց դառնալ ՀՀ նախագահ, տեղը զիջեց Քոչարյանին, նաեւ` Սերժ Սարգսյանի «հորդորով», նրան նախագահի աթոռ են «պարտք»: Հաջորդ թեկածուն` Արկադի Ղուկասյանը, նույնպես երկար է սպասել «այդ օրվան»: Եվ եթե ՀՀԿ-ում մինչ այդ համոզված պնդում էին, որ նախագահը լինելու է Արկադի Ղուկասյանը, երեկվանից մտմտում են, որ «հրեաները դժվար սխալվեին նման հարցում՝ Նալբանդյանը մենակ խաղացող չէ. նա լուրջ իգրոկ է նաեւ էն պատճառով, որ աներն ու աներձագը ԳՌՈՒ-ի գեներալներ են, իսկ էդ հանաք բան չէ։ Կինն էլ, ասում են, հրեական արմատներ ունի»,- արձանագրում էին ՀՀԿ-ում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է Երեւանի՝ 2018 թվականի բյուջեի նախագիծը, ըստ որի՝ մայրաքաղաքի բյուջեն եկող տարի ավելի քան 4 միլիարդ դրամով ավելի քիչ եկամուտներ եւ ծախսեր կունենա: Այլ կերպ ասած՝ Երեւանի քաղաքային իշխանությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, խոստովանում են, որ գալիք տարին մայրաքաղաքի համար հետընթացի տարի է լինելու: Մյուս կողմից՝ Երեւանի քաղաքապետարանն ինչպես ընթացիկ տարվա բյուջեի դեպքում, եկող տարի եւս եկամուտների մի մասը պատրաստվում է հավաքագրել երեւանցիներին տուգանելու եղանակով. այդ ճանապարհով Երեւանի բյուջեի համար նախատեսվում է ապահովել ավելի քան 460 մլն դրամի եկամուտ: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարի եւս Երեւանի բյուջեի համապատասխան տողով գրեթե նույն գումարն է նախատեսված: Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ ցուցանիշը նախորդ՝ 2016 թվականի համեմատ 60 մլն դրամով ավելի է, ապա ստացվում է, որ ըստ քաղաքային իշխանությունների՝ երեւանցիները գնալով դառնում են ավելի իրավախախտ: Ու հիմա ստացվում է, որ երեւանցիների օրինապահ լինելն ուղղակի հակասում է քաղաքային իշխանության շահերին, քանի որ այդ դեպքում քիչ մարդ կտուգանվի, մայրաքաղաքի բյուջեն էլ կթերակատարվի: Պետք է շատ խախտումներ գրանցվեն, որ Երեւանը բյուջե ունենա»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի Ախթալա համայնքի կազմի մեջ մտնող Ճոճկան բնակավայրի մանկապարտեզի երեխաներին աղիքային սուր ինֆեկցիայով տեղափոխել են հիվանդանոց: 5 երեխա ջերմության, սրտխառնոցի, լուծի ախտանշաններով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում մանկապարտեզի տնօրեն Սուրեն Խուդինյանը հայտնեց, որ երեխաներից երկուսն արդեն դուրս են գրվել: Երեք փոքրիկ դեռ շարունակում է բուժում ստանալ: Թե ինչից է փոքրիկների առողջությունը վատացել, դեռ պարզ չէ: Անալիզները ուղարկել են լաբորատորիա, պատասխանի են սպասում: Այս պահին նմուշառում է կատարվում սննդից և խմելու ջրից: Խուդինյանը վստահեցրեց, որ սնունդը տրվում է Առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոններին համապատասխան: Տնօրենի խոսքով՝ այս պահի դրությամբ սանիտարական միջոցառումներ են կազմակերպվում: Մանկապարտեզն այս օրերին գործում է, սակայն, գրանցված դեպքից զգուշանալով, ոչ բոլոր ծնողներն են երեխաներին մանկապարտեզ ուղարկում: Ճոճկանում կասկածում են, որ թունավորումը կարող է ջրի պատճառով լինել: Մանկապարտեզի ջուրը Ճոճկանի նոր շահագործված ջրագծից է միացված: Սննդի և ջրի նմուշառման պատասխանները մի քանի օրից հայտնի կլինեն»: