Հայաստանն ու Վրաստանը կխթանեն մրցակցության քաղաքականության ոլորտում փոխգործակցությունը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վրաստանի մրցակցային գործակալության նախագահ Նոդար Խադուրիին:
Վարչապետի խոսքով՝ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները կարելի է բնորոշել որպես բարձր մակարդակի ու դինամիկ զարգացող, և պետք է շարունակել բազմաոլորտ գործակցության էլ ավելի ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ: Կարեն Կարապետյանը ողջունել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Վրաստանի մրցակցային գործակալության միջև այսօր Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որի նպատակը մրցակցության քաղաքականության և մրցակցային օրենսդրության կիրառման ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության խթանումն ու ամրապնդումն է:
Վրաստանի մրցակցային գործակալության նախագահը նշել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել իր հայաստանցի գործընկերոջ հետ, և կողմերը համատեղ նախանշել են համագործակցության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի ընկերությունների համար երկու երկրներում հավասար մրցակցային միջավայրի ապահովման և մրցակցային խոչընդոտների համատեղ ուսումնասիրության հարցերի շուրջ: Այս համատեքստում վարչապետ Կարապետյանը կարևորել է կոնկրետ ապրանքային շուկաներում գնագոյացման առանձնահատկությունների վերհանումը և համապատասխան ուսումնասիրությունների անցկացումը: