Ռուսաստանը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ, սակայն Վաշինգթոնը Ռուսաստանին համարում է Էբոլա տենդին ու «Իսլամական պետությանը» համազոր սպառնալիք, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պատրաստ ենք փոխգործակցել ամերիկացի գործընկերների հետ՝ իրավահավասարության ու միմյանց շահերը հարգելու հիմունքով,- շեշտել է Պատրուշեւը,- Իսկ հիմա Ռուսաստանը դեռ համարվում է ԱՄՆ ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը։ Մեզ չի կարող չզարմացնել այն, թե ինչ չափանիշներով է առաջնորդվում Վաշինգթոնը՝ Ռուսաստանին դասելով սպառնալիքների նույն շարքին, որում Էբոլա տենդն ու ԻՊ-ն են»։ ՌԴ ԱԽ քարտողարի խոսքով, իր մոտ հարցեր են առաջացնում նաեւ երեւակայական «ռուսական սպառնալիքից» պաշտպանվելու միջոցները։ Պատրուշեւը հայտնել է, որ Ռուսաստանը հակակառուցողական է համարում թե մեկուսանալը, թե ուրիշներին մեկուսացնելու փորձերը։ Խոսելով ԱՄՆ ու ՌԴ հարաբերությունների մասին՝ Պատրուշեւը ասել է․ «Ինչպես ցույց է տալիս նորագույն պատմության փորձը, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները վաղ թե ուշ կկարգավորվեն։ Առավել եւս, որ հարաբերություններում հետագա հետընթացը ոչ Մոսկվայի, ոչ էլ Վաշինգթոնի շահերից չէ»։