15.05.2025
Նալբանդյանը հանդիպել է միջնորդներին եւ շրջանցել Մամեդյարովին
08.12.2016
Նալբանդյանը հանդիպել է միջնորդներին եւ շրջանցել Մամեդյարովին

Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Ստեֆան Վիսկոնտիի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող մի շարք հարցերի։ «Այս առումով, Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Ադրբեջանն արդեն մի քանի ամիս է, որ մերժում է իրականացնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանով իսկ խոչընդոտելով բանակցային գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանը», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Միեւնույն ժամանակ ադրբեջանական մամուլը հայտնում է, որ ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 23-րդ խորհրդի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը չի կայացել: Մինչ այդ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չէր բացառել, որ Համբուրգում կարող է հանդիպել Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը դեռ բացատրություններ չի ներկայացնում Մամեդյարովի հետ հանդիպման չկայացման վերաբերյալ: Ադրբեջանական կողմը ԱԳՆ-ի մակարդակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման չկայացման մեջ մեղադրել է հայկական կողմին: