Այս պահին սահմանին համեմատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան: Այս մասին Facebook -յան էջում գրառել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ադրբեջանական զինուժը, սակայն, ակտիվություն է ցուցաբերել նաև հայ-ադրբեջանական սահմանին: Lurer.com-ի փոխանցմամբ` հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ, իսկ մասնավորապես սահմանապահ Բաղանիսի ուղղությամբ՝ ադրբեջանական կողմը քիչ առաջ կրակոցներ է արձակել: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի խոսքով` եղել են միջդիրքային կրակոցներ, ինչպես նաև կրակոցներ են եղել գյուղի արոտավայրերի ուղղությամբ: Արոտավայրերը միջպետական ճանապարհի երկայնքով են: Հակառակորդի գնդակից Բաղանիսի բնակիչ Արշավիր Ավագյանի կովերից մեկը սատկել է, ևս մեկը՝ վիրավորվել: «Մարդկանց կամ տների ուղղությամբ կրակոցներ չեն եղել բարեբախտաբար»,- ասել է Սահակյանը: Հիշեցնենք, փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ, սակայն ձախողել է ու հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը չեզոք գոտիում թողել է զոհեր, այդ թվում և սպաներ: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: