ՀՀ-ԵՄ համաձայնագիրը համատեղելի է ՀՀ–ի բոլոր պարտավորությունների հետ. փոխվարչապետ
Կառավարությունը մանրամասն քննարկել է ԵԱՏՄ-ԵՄ ինտեգրացիոն գործընթացների համատեղումը: ՀՀ-ԵՄ համաձայնագիրը իրապես պարունակում է համատեղելիություն ՀՀ–ի բոլոր պարտավորությունների հետ և այդ համատեղելիության շրջանակներում հնարավորություն է տալիս զարգացնել հարաբերություններ թե՛ ԵԱՏՄ, թե՛ Եվրոպայի հետ: Այս մասին ԱԺ-ում ընթացող ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Պաշտոնյան նշեց, որ Հայաստանը Բրյուսելում ստորագրված համաձայնագիրը խոշոր ձեռքբերում է համարում, քանի որ այն ուղղված է Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների հետագա խորացմանն ու Հայաստանում քաղաքական, տնտեսական, ժողովրդավարության և ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը:
«Փաստաթղթով ամրապնդվում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների վերաբերյալ քաղաքական երկխոսության շրջանակները, որոնք էլ կհանդիսանան թե՛ խթան, թե՛ իրավական հիմք հետագա համագործակցության համար: Խոսքը առևտրային համաձայնագրի մասին չէ, սակայն տնտեսական հարաբերությունների բազմաթիվ կանոնակարգումներ ևս առկա են այս փաստաթղթում: Իսկ դա փաստում է, որ մենք չենք խոսում միայն քաղաքական հարցերի, այլև խոսում ենք տնտեսական հնարավորությունների մասին»,– հայտարարեց ՀՀ փոխվարչապետը:
Նա հատուկ առանձնացրեց տեխնիկական կարողությունների զարգացման վերաբերյալ երկխոսության զարգացման, ինչպես նաև ինստիտուցիոնալ ռեֆորմների կայացման հնարավորությունները, որ ընձեռում է ստորագրված փաստաթուղթը: Վաչե Գաբրիելյանը նաև տեսակետ հայտնեց, որ այն հնարավորություն կտա շատ ավելի ընդլայնված երկխոսություն վարել ԵՄ երկրների հետ, ինչպես նաև Հայաստանը նախաստորագրեց եվրոպական միացյալ ավիատարածքին միանալու համաձայնագիրը.
«Դա չափազանց կարևոր է ոչ միայն հաղորդակցման ուղիների կարողությունների զարգացման առումով, այլև տնտեսական հնարավորությունների ավելացման առումով: Հայաստանը Եվրասիական տնտեսական տարածքի անբաժան մասն է և մեզ դիտարկում ենք հենց այս տրամաբանության մեջ»,- հավելեց ՀՀ փոխվարչապետը:
Հիշեցնենք, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: