ԵՏՀ փորձագետները Երևանում ներկայացրել են ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի հիմնական դրույթները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետները Երևանում կայացած աշխատաժողովի ժամանակ ներկայացրել են 2016թ. դեկտեմբերի 26-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի հիմնական դրույթները: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2018թ. հունվարի 1-ին: «Նոր մաքսային օրենսգիրքը առավելագույնս համապատասխանեցվել է «Վերանայված Կիոտոյի Կոնվենցիայի» դրույթներին, արդյունքում բիզնեսի համար ստեղծվել են առավել բարենպաստ պայմաններ, ներմուծվել է լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը, բարելավվել են մաքսային ընթացակարգերը և այլն»,-նշել է ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են մաքսային ընթացակարգերի, ապրանքների դասակարգման, ծագման և մաքսային արժեքի վերաբերյալ հարցեր:
ԵՏՀ փորձագետները գործընկերներին են ներկայացրել որոշ ապրանքատեսակների՝ Մաքսային միության սահմանով փոխադրելու առանձնահատկությունները: Անդրադարձ է եղել նաև մաքսային հսկողությանը, լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտին և այլն: