7.09.2025
Մամուլ. ՌԴ-ն քվոտա է տալու ՀՀ-ին Սիրիայում. հայ օլիգարխների շինարարական «խորը» սպասումը
prev Նախորդ նորություն

ՎԶԵԲ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) փոխնախագահ Ալան Պիյուի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը բարձր է գնահատել Հայաստան-ՎԶԵԲ 25-ամյա համագործակցությունը և նշել, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի առանցքային գործընկերներից է: «Չափազանց կարևոր է, որ մեր գործընկերության փաթեթի ծրագրերի գերակշիռ մասն ուղղված է մասնավոր հատվածի մրցունակության խթանմանը և նույն տրամաբանությունը դրված է նաև ՎԶԵԲ-Հայաստան ընթացիկ՝ 2015-2019 թթ. համագործակցության ռազմավարության հիմքում», - նշել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել բանկի կողմից Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության հայեցակարգի ու օրենսդրական փաթեթի մշակման գործում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև մի շարք ուղղություններով տրամադրված տեխնիկական օժանդակության համար: Վերահաստատելով արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ վարչապետը կարևորել է մասնավոր սեկտորում ներդրումային ծրագրերի և մի շարք առաջնահերթ ոլորտներում պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացման ծրագրերի շարունակական իրականացումը:

«Համաձայն եմ Ձեզ հետ, որ մեր համագործակցությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա՝ և´ բիզնես սեկտորի խթանման, և´ քաղաքականության մշակման, և´ պետական-մասնավոր գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերի առումով: Մենք նաև արդեն իսկ շատ հաջող աշխատում ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ», - նշել է Ալան Պիյուն և ընդգծել, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ:

ՀՀ վարչապետը և ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր: Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության, ոսկերչության, դեղագործության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները՝ հաշվի առնելով այդ ճյուղերում մեծ ներուժի առկայությունը: ՎԶԵԲ փոխնախագահը նշել է, որ բանկը պատրաստակամ է ներդրումային ծրագրեր իրականացնել ՀՀ կառավարության համար առաջնահերթ ոլորտներում և շարունակել աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը:

Կողմերը կարևորել են նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որը ևս կնպաստի երկկողմ գործակցության խորացմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշարջանային համագործակցության ծրագրերում, ՀՀ կառավարության կողմից թե´ տեղական, թե´ օտարերկրյա ներդրողների համար բիզնես միջավայրի շարունակական բարելավման քայլերում, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված այլ նախաձեռնություններում ՎԶԵԲ-ի ներգրավման հնարավորությունների շուրջ: Ալան Պիյուն տեղեկացրել է վարչապետին, որ ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի նոր տնօրենի թեկնածությունն արդեն հաստատվել է, և 2018 թ. հունվարից նա կանցնի իր պարտականությունների կատարմանը:

ԵՏՀ փորձագետները Երևանում ներկայացրել են ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի հիմնական դրույթները
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը