25.11.2024
Բելգիան չի պատրաստվում Հայաստանում դեսպանատուն բացել
prev Նախորդ նորություն

Մամուլ. ՌԴ-ն քվոտա է տալու ՀՀ-ին Սիրիայում. հայ օլիգարխների շինարարական «խորը» սպասումը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մինչ ՌԴ-ԱՄՆ-Իրան-Իսրայել առանցքում քննարկում են Սիրիայի քաղաքական ապագայի հարցը` դաշնություն, թե համադաշնություն, հայաստանյան օլիգարխների մոտ, որոնք զբաղվում են շինարարական լուրջ գործունեությամբ, «խորը» սպասում է: Բանն այն է, որ Սիրիայի վերականգնման գործում ՌԴ-ն որոշակի քվոտաներ է տալու նաեւ Հայաստանին, քանզի Հայաստանը պատերազմի ողջ ընթացքում հավատարմաբար կանգնեց Սիրիայի եւ Ռուսաստանի կողքին: Ու հիմա հայտնի օլիգարխները փորձում են հասկանալ` իրենք «փայ» ունենալո՞ւ են, կարողանալո՞ւ են պատվերներ ստանալ եւ շինարարություն ծավալել նավթահումքային ռեսուրսներով հարուստ Սիրիայում»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտոնանկությունից հետո ՀՀ ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը վերադառնում է արենա: Խաչատրյանի անվան հետ ընդհանրապես կապ չունեցող «Երեւան մոլ» առեւտրի եւ ժամանցի կենտրոնին կից նախատեսվում է հսկայական «game zone»՝ խաղային գոտի կառուցել: «ՀԺ»-ի տեղեկություններով, այս նպատակն իրականացնելու համար միլիոնատեր նախկին պաշտոնյայի համար փոքրիկ խոչընդոտ է առաջացել: Բանն այն է, որ ապագա խաղային գոտին պետք կառուցվի եւ միանա «Երեւան մոլ»-ին, սակայն խաղային գոտու տարածքի եւ մոլի միջեւ տեղակայված է «Եվրոստան ույուտ» ընկերության երկհարկանի շենքը: «Եվրոստան ույուտ» ընկերությունից փորձեցինք տեղեկանալ, թե արդյոք բանակցություններ վարվո՞ւմ է իրենց հետ շենքը գնելու վերաբերյալ, սակայն ընկերության երկու հեռախոսահամարներից որեւէ մեկին պատասխանող չեղավ: «Երեւան մոլ»-ի տեղեկատուից լուրը ճշտելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան, քանի որ տարբեր հեռախոսահամարներ մեզ փոխանցեցին, սակայն որեւէ մեկը չպատասխանեց մեր հարցերին:


Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը պետական պաշտոններում իր կարիերան սկսել է 1996 թվականից եւ անդադար տարբեր պաշտոններ է զբաղեցրել մինչեւ 2016 թվականը: Խաչատրյանը 2016 թվականին ազատվել է ֆինանսների նախարարի պաշտոնից՝ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարության հրաժարականով պայմանավորված»:


«Հրապարակ» թերթը գրում է․ «Պարզվում է՝ Հայաստանում էլ են նշում ամերիկյան գոհաբանության կամ երախտագիտության տոնը՝ նոյեմբերի 24-ը։ Սփյուռքահայ բարերար Վահագն Հովնանյանի դուստրը՝ «Հովնանյան ինտերնեյշնլի» տնօրեն Նինա Հովնանյանը, իր հարկի տակ՝ Վահագնի թաղամասում, տոնական սեղան է գցել՝ ամերիկյան ավանդական հնդկահավի հյուրասիրություն, որին ներկա են գտնվել իր եւ ամուսնու՝ Ամարասի Արթուրի ընկերները։ Ներկա է եղել նաեւ Սեյրան Օհանյանը՝ կնոջ հետ։ Մասնակիցները նկատել են, որ պաշտպանության նախկին նախարարը բավականին պասիվ ու անտրամադիր է՝ գրեթե չի շփվում ներկաների հետ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարզային բժշկական կենտրոնների եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ նոր կռիվ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստանի մարզերի մի քանի հիվանդանոցներ հայտնվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «սեւ ցուցակում»: Պատճառը սպառած գազի դիմաց բժշկական կենտրոնների կուտակած պարտքերն են, որոնք բռնագանձելու համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դիմել է դատարան: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վայոց ձորի ԳԳՄ-ն դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի՝ պահանջելով, որ դատարանը պարտադրի բժշկական կենտրոնին վճարել սպառած գազի դիմաց շուրջ 2,5 միլիոն դրամը:


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մյուսը հայցը «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի դեմ է, որից էլ «Գազպրոմը» պահանջում է գանձել կրկին 2 միլիոն դրամ: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում, պարզեցինք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շատ հայցերն էլ դատարանը բավարարել էր եւ արձակել էր վճարման կարգադրություն, մասնավորապես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դատի էր տվել «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին 857 հազար դրամի համար, եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր հայցը եւ վճարման կարգադրության վճիռ էր հրապարակել: Մասիսի ԲԿ-ն եւս հայտնվել էր սեւ ցուցակում, նրանից էլ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պահանջել էր կրկին 2 միլիոն 368 հազար 721 դրամ, որը եւս դատարանը բավարարել էր: Ստեղծվել է մի իրավիճակ, որ մարզային բժշկական կենտրոնները այն վիճակում են հայտնվել, որ անգամ չեն կարողանում վճարել սպառած գազի գումարը, իսկ թե այս պայմաններում ինչպես պետք է նրանք հիվանդանոց դիմած քաղաքացիներին օգնեն, դժվար չէ կանխատեսել»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 24-ին Կոպենհագենում տեղի է ունեցել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում այդ հանձնաժողովում Հայաստանը ներկայացնող Հերմինե Նաղդալյանին փոխարինել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Այս փոփոխությունը բացատրվել է հանձնաժողովում Հովհաննիսյանին տեսնելու Հայաստանի իշխանության ցանկությամբ: Այսպիսով՝ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանը ներկայացնում են Արմեն Ռուստամյանը եւ Արփինե Հովհաննիսյանը: Հերմինե Նաղդալյանը հետեւողականորեն դուրս է մղվում բոլոր այն պաշտոններից, որոնք նախկինում զբաղեցրել է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է, թե տարեվերջին պատրաստ կլինի մայրաքաղաքի երթուղային ցանցի փաթեթը: Իսկ հաջորդ տարվա վերջից կսկսեն ներդնել այն: Միաժամանակ, փոխքաղաքապետը չի բացառել, որ տրանսպորտի սակագինը կբարձրանա: «Թե ինչ սակագին կորոշվի, դա նույնպես օրենքով սահմանված որոշող մարմինները կորոշեն, եւ չի բացառվում, որ տեխնիկական սակագինն ու գործող սակագինը տարբերվեն միմյանցից: Եթե միասնական համակարգ ենք կառուցում, մենք միասնական տոմսային համակարգ ենք ունենալու, նաեւ ենթադրվում է, որ ունենալու ենք էլեկտրոնային տոմսային համակարգ, որովհետեւ փոխինտեգրված ցանցի պարագայում այլ կերպ ուղղակի հնարավոր չէ: Կլինի միասնական սակագին, բայց սակագինը չի լինի մեկ միավոր կամ մեկ տեսակ: Կլինի տարբերակում ե՛ւ խմբերի, ե՛ւ տարբեր ձեւաչափերի»,- ասել է նա: Այսինքն՝ ուսանողների համար տրանսպորտը այլ սակագին կունենա, թոշակառուների համար՝ այլ, շարքային քաղաքացու համար՝ այլ, եւ այսպես շարունակ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ գագաթնաժողովում, որը նախօրեին տեղի է ունեցել Մինսկում, ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացի վերաբերյալ Հայաստանի ներկայացրած հայտարարության նախագիծը: Դրանով ՀԱՊԿ-ն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, ինչպես նաեւ հայտնի երեք սկզբունքներին, որոնց վրա կառուցվում է այդ ջանքը պաշտոնապես՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշում:


Ըստ էության, ՀԱՊԿ-ն ընդամենը կարգավորման ստանդարտի մեջ է, եւ այս տեսանկյունից, իհարկե, շարունակում է առավել հնչեղ մնալ նախորդ տարի դեկտեմբերին ՀԱՊԿ այժմ արդեն նախկին գլխավոր քարտուղար Բորդյուժայի հայտարարությունը հայկական Չինարի գյուղի դիրքերի հանդեպ ադրբեջանական դիվերսիայի կապակցությամբ, երբ Բորդյուժան այդ առիթով արած հայտարարության մեջ օգտագործեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձեւակերպումը: Ղարաբաղյան հարցում, որպես Հայաստանի, այսպես ասած, դաշնակցային ռազմաքաղաքական բլոկ, ՀԱՊԿ ամենաուժեղ քայլը դեռեւս հանդիսանում է Բորդյուժայի այդ հայտարարությունը, թեեւ դա նրա պաշտոնավարման գրեթե վերջին օրերին արած հայտարարություն էր:


ՀԱՊԿ նախագահները մի կողմից տեր չկանգնեցին այդ հայտարարությանը, մյուս կողմից, սակայն, նաեւ չհերքեցին կամ չդատապարտեցին այն: Մինչդեռ Բորդյուժան կիրառել էր բավականին ուշագրավ ձեւակերպում՝ խոսելով Ապրիլյան պատերազմի մասին եւ ասելով, որ ռազմական գործողությունները տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Այլ կերպ ասած, ըստ էության, ճանաչվել էր ոչ միայն Ղարաբաղը, այլ Ղարաբաղը՝ այսպես ասած ներկայիս իր սահմաններով: Սակայն, սրան զուգահեռ, ՀԱՊԿ-ը մի կազմակերպություն է, որի անդամների գերակշռող մասը լինելով դե յուրե Հայաստանի դաշնակից, Հայաստանից ավելի սերտ, այդ թվում՝ ռազմատեխնիկական եւ քաղաքական հարաբերության մեջ են Ադրբեջանի հետ, համենայնդեպս՝ այդպես է եղել մինչեւ այժմ: Եվ այս տեսանկյունից մենք ունենք հայտարարությունների եւ իրավիճակի որոշակի հակասականություն, եւ այդ առումով, իհարկե, ՀԱՊԿ-ից գործնականում ակնկալվում է ոչ թե Մինսկի խմբին աջակցություն եւ Հելսինիկյան ակտի սկզբունքների հիշատակում, այլ պարզապես շատ կոնկրետ ռազմաքաղաքական արձագանք այն դեպքերում, երբ, օրինակ, սպառնալիքներ են հնչում Հայաստանի Հանրապետության հասցեին եւ առավել եւս՝ երբ կրակում են Հայաստանի տարածքի ուղղությամբ: Փոխվո՞ւմ է այդ տեսանկյունից ՀԱՊԿ-ը որպես ռազմաքաղաքական բլոկ, թե՞ ոչ: Սա է հարցը:


Մինսկի գագաթնաժողովն այդ առումով թողել է հակասական տպավորություն: Մի կողմից, իհարկե, չկա անմիջական առիթ Հայաստանի վերաբերյալ այդօրինակ ռազմաքաղաքական աջակցության հայտարարություն անելու, եւ միեւնույն ժամանակ, իհարկե, ղարաբաղյան թեմատիկայով արված հայտարարությունը եւս առանձնակի առիթի բացակայության պայմաններում անկասկած հայաստանյան տեսակետի կրկնություն է: Մյուս կողմից, սակայն, գլխավոր հարցը շարունակում է լինել ՀԱՊԿ անդամների հարաբերությունը Բաքվի հետ, հատկապես Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի դեպքում: Ռուսաստանը վերջին ամիսներին նկատելիորեն տարածություն է ձեւավորել իր եւ Բաքվի միջեւ, ինչը, իհարկե, ավելի շուտ պայմանավորված է, թերեւս, ոչ թե ցանկության, այլ հնարավորությունների բացակայությամբ: Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանը չունի հայերի հանդեպ այնպես վարվելու հնարավորություն, ինչպես մինչեւ ապրիլ: Ռուսաստանի այս վարքագիծն, իհարկե, կարող է որոշակիորեն ազդել նաեւ ՀԱՊԿ վարքագծի վրա, քանի որ այդ կառույցում Ռուսաստանն ունի առանցքային դերակատարում:


Գլխավոր հարցն այստեղ, իհարկե, այն է, թե ստեղծված իրավիճակը Հայաստանը որքանով կարող է օգտագործել, այսպես ասած, ռազմավարական կամ երկարաժամկետ իրողություններ ձեւավորելու համար, իրավիճակային որոշակի վարքագծային փոփոխությունը ավելի երկարաժամկետ ձեւաչափերի կամ շրջանակների մեջ դնելու համար: Ակնհայտ է, որ, օրինակ, ղարաբաղյան թեմայով հայտարարության մասով Երեւանը կարողացել է օգտագործել իրավիճակը: Սակայն ՀԱՊԿ ռազմավարական պահվածքի առումով հարցերն, իհարկե, մնում են բաց, քանի դեռ չկան վարքագծի առավել երկարաժամկետ փոփոխության նախանշաններ»: