Բելգիան չի պատրաստվում Հայաստանում դեսպանատուն բացել
Մոտ ապագայում Բելգիան Հայաստանում դեսպանատուն չի բացի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Արթուր Ռեժիբոն (նստավայրը՝ Մոսկվա)։ Այս մասին գրում է news.am-ը:
Հարցին, թե երբ է հնարավոր, որ Բելգիան Հայաստանում դեսպանություն հիմնի, նա պատասխանեց․
«Սա մի հարց է, որ մեզ հաճախ է տրվում, այդ թվում ՀՀ իշխանության կողմից։ Այս հարցը մենք քննարկում ենք, ավելի ասել չեմ կարող։ Որպես դեսպան կարող եմ ասել, որ չկա որեւէ խոչընդոտ, որ դեսպանություն հիմնվի Հայաստանում։ Մեր հարաբերությունները շատ լավն են եւ ավելի կլավանան առաջիկա տարիներին։ Երկրորդ կողմը ֆինանսականն է. դուք բոլորդ գիտեք եվրագոտում առկա խնդիրների մասին։ Բելգիան եւս պետք է անի տնտեսումներ ճգնաժամի պատճառով։ Նախորդ տարի Բելգիան փակել է 17 երկրներում իր դեսպանոությունները։ Չեմ կարող ասել, որ մոտ ապագայում կկարողանանք դեսպանություն բացել Երեւանում։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում դա չենք բացառում»։