ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը անհավանական չի համարում: Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նախարարը նշել է, որ նման հանդիպումների պետք է ավելի ուշադիր պատրաստվել: «Բանակցությունները պետք է շարունակվեն: Նման հանդիպում բացառված չէ, բայց այդ կարգի հանդիպումները պետք է ավելի մանրակրկիտ պատրաստվեն, որովհետև մեր հարևան երկրից Համբուրգի հանդիպումից առաջ հնչում է հայտարարություն, որ միջազգային իրավունքը ոչինչ է և ամենակարևորը ուժի կիրառումն է»,- ասել է նա: Նախարարի խոսքով՝ նման հայտարարությունը և այն տրամաբանությունը, որն ադրբեջանական կողմը որդեգրել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին, փաստում է, որ Ադրբեջանը լրիվ կտրվել է իրականությունից: