Քոչարյանն՝ Էրդողանին. հենց Անկարան է փակել հայ-թուրքական կապերի կարգավորման խողովակները
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գոծընթացի արգելակման մասին հայտարարությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով «Արդարություն եւ զարգացում» կուսակցության տարածքային կառույցի համագումարին, հայտարարել է, որ Հայաստանը, հատկապես իր սփյուռքի ազդեցության ներքո, փակել է Թուրքիայի հետ համագործակցության բոլոր ուղիները և այդ իսկ պատճառով մնացել է բոլոր էներգետիկ, տրանսպորտային և առևտրային նախագծերից դուրս:
«Մինչդեռ Վրաստանը մի կողմից դարձել է Թուրքիայի և Արևմուտքի միջև, իսկ մյուս կողմից ՝ Կովկասի և Միջին Ասիայի միջև կամուրջ և այդպիսով ապահովել իր ապագան»,- նշել է նա: «Այս երկու օրինակները շատ ցայտուն են. ձեռք է բերում նա, ով մեզ հետ ընկերություն է անում, իսկ ով չարացած է՝ կորցնում է»,- հավելել է նա:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանել է այդ հայտարարությանը՝ նշելով, որ հենց Թուրքիան է փակել ու փակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խողովակները
«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման խողովակները քաջ հայտնի են: Դա 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն են և դրանց վավերացումը: Քանի որ Թուրքիան հրաժարվեց այդ արձանագրությունների վավերացումից, հենց նա է փակել ու փակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խողովակները», - ասել է Քոչարյանը Panorama.am լրատվական կայքի հետ զրույցում: