ՀԱՊԿ հայտարարությունը ապացուցեց, որ ՀՀ-ն քաղաքական ճիշտ ընտրություն է կատարել. Բագրատյան
Անցած շաբաթ Մինսկում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում մի շարք քաղաքական հայտարարություններ ընդունվեցին, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը:
Դրանում, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:
ՀՀ Ազգային Ժողովի «Ծառուկյան» դաշինքի անդամ Սերգեյ Բագրատյանի խոսքով այդ հայտարարությունն անչափ կարևոր է և ցույց է տալիս, որ այն քննադատությունները, որ մեր հասարակությունում երբեմն հնչում են ՀԱՊԿ-ի հասցեին, թերևս հիմնազուրկ են:
«ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների մակարդակով ընդունված այս հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կազմակերպությունը պատրաստ է իր հանձնառությունները կատարելու, եթե անդամ-պետություններից մեկի կողմից պահանջ ներկայացվի: Այդ հայտարարությունը նաև խոսում է այն մասին, որ Հայաստանը քաղաքական ընտրություններում ճիշտ է իր շեշտադրումները կատարել»,- VERELQ-ի հետ զրույցում նշեց պատգամավորը:
Նրա խոսքով, քաղաքականության, հատկապես դիվանագիտության մեջ հաճախ շտապողականությունը խանգարում է խնդիրների պարզաբանմանը: Առավել ևս, երբ փորձ է արվում որոշակի հանրային տրամադրությունները ուղորդել դեպի քաղաքականություն:
«Հաճախ ենք լսում քննադատություն առ այն, թե Հայաստանի մասով, որպես ՀԱՊԿ անդամի, հանձնառությունները կարծես թե չեն կատարվում: Խոսքը հատկապես վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը: Չպետք է մոռանալ այն հանգամանքը, որ կազմակերպությունում կան երկրներ, որոնք բարեկամական հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ: Սակայն միևնույն ժամանակ չպետք է մոռանալ նաև, որ Հայաստանը, լինելով ռազմական այդ կառույցի անդամ, իր առջև ծառացած կարևորագույն խնդիրների լուծման հստակ ուղի ունի, այն է՝ առնվազն ՀԱՊԿ անդամ երկրները որևէ թշնամական գործողություն Հայաստանի նկատմամբ չեն կարող կատարել»,- շեշտեց նա:
Սերգեյ Բագրատյանը վստահ է. երբևէ չպետք է հանրային ճնշման տակ որոշումներ կայացնել, այլ անհրաժեշտ է համապատասխան մասնագետների աշխատանքի արդյունքում ևս մեկ անգամ կարևորել, որ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներն ապացուցված և հիմնավորված են.
«Որպես ապացույց, Արցախյան հիմնախնդրի կոնտեքստում ունեցանք ՀԱՊԿ նման ռեալիստական մոտեցում, հայտարարություն, որին սպասում էինք և որն իրականություն դարձավ ճիշտ դիվանագիտական աշխատանք կատարելու արդյունքում»,- հավելեց պատգամավոր Բագրատյանը:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ հայտարարությունը քաղաքական մեծ նշանակություն ունի և վերահաստատում է հիմնական սկզբունքները, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահության բացառաիկ կարգավիճակը ԼՂ հակամարտության կարգավորման տեսանկյունից: