15.05.2025
«Կոմերսանտ». Դեսպանի վրա հարձակումը՝ ռուս-թուրքական հարաբերությունների տապալման փորձ
20.12.2016
«Կոմերսանտ». Դեսպանի վրա հարձակումը՝ ռուս-թուրքական հարաբերությունների տապալման փորձ

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա հարձակումը կարող է հետապնդել կրկնակի նպատակ: Մի կողմից՝ նման հանդուգն ցուցադրական ակցիայով Մոսկվային պատժել Բաշար Ասադի կողմում Սիրիայի հակամարտությանը միջամտելու համար, որին սուննի արմատականներն իրենց վատագույն թշնամին են համարում: Այս իմաստով հեշտ է բացատրել, թե ինչու էր ահաբեկիչը «Ալլահ աքբար» բղավում. Ռուսաստանի դեսպանի վրա հարձակումը այն կազմակերպողների համար կրոնական պատերազմի՝ համաշխարհային ջիհադի շրջանակի գործողություն էր: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը: Մյուս կողմից՝ հազիվ թե պատահականություն լինի հարձակումը հենց Թուրքիայում իրագործելը: Անկարայի եւ Մոսկվայի մերձեցումը վերջին ամիսներին Սիրիայում պատերազմի ընթացքում տեղի ունեցող փոփոխությունների վճռորոշ գործոնն էր: Հատկապես Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների համաձայնությունները (ոչ միշտ բարձրաձայնվող) որոշեցին Հալեպի ճակատագիրը, որտեղ ընդդիմությունը հակամարտության 4 տարվա ընթացքում կրեց ամենալուրջ պարտությունը: Սիրիայում եւ Պարսից ծոցի երկրներում (բացառված չէ՝ նաեւ Թուրքիայում) սուննի արմատականներին դա ձեռնտու չէր: Չի կարելի նաեւ բացառել, որ դեսպանի վրա ցուցադրական հարձակումը նպատակ ուներ ընդհանրապես տապալել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը, իսկ մասնավորապես՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի այցը Մոսկվա, որտեղ նա վաղը իր ռուս եւ իրանցի գործընկերներ Սերգեյ Լավրովի եւ Ջավադ Զարիֆի հետ պետք է քննարկեր Սիրիայի ճակատագիրը: