Թուրքիայում հաջողությամբ հայրենական ՀՕՊ համակարգեր են փորձարկել
Թուրքիան շարունակում է գործողության փոքր և միջին շառավղով ՀՕՊ համակարգեր մշակել: Մասնավորապես, Թուրքիայում HİSAR ՀՕՊ համակարգի հաջող փորձարկումներ են իրականացվել: Այս մասին հայտնում է Anadolu-ն:
HISAR-A (գործողության փոքր շառավղով) և HISAR-O (գործողության միջին շառավղով) համակարգերը մշակվում են Թուրքիայի ցամաքային ուժերի համար:
HISAR-A համակարգը կարող է մինչև 15 կմ հեռավորության վրա թռչող սարքեր ոչնչացնել անշարժ և պտտվող թևով, թևավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և «երկինք-երկիր» տիպի հրթիռներ: HISAR-O համակարգը կարող է օդային թիրախներ խոցել 25 կմ հեռավորության վրա:
HİSAR ՀՕՊ համակարգերի փորձարկումներն իրականացնում են ASELSAN և ROKETSAN կոնցեռնները Աքսարայ նահանգում Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության քարտուղարության և զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Փորձարկումները հաջող են եղել, HİSAR համակարգերն առաջին անգամ կատարելագործվել են ռադիոտեղորոշիչ, էլեկտրաօպտիկական և հաղորդակցական տարրերով: