Փոմփեոն Իրանին զգուշացրել է Իրաքի հարցում իր դիրքորոշման հետ կապված ԱՄՆ մտահոգության մասին
ԿՀՎ տնօրեն Մայք Փոմփեոն հայտարարել է, որ նամակ է ուղարկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Էլ Ղուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմի Սուլեյմանիին եւ Իրանի ղեկավարությանը՝ մտահոգություն հայտնելով Իրաքում Իրանի ավելի ու ավելի սպառնալից պահվածքով, փոխանցում է Reuters-ը:
Ելույթ ունենալով Ազգային պաշտպանության ամենամյա համաժողովում՝ Փոմփեոն ասել է, որ նամակն ուղարկել է Սուլեյմանիի հայտարարությունից հետո, որ իր հրմանատարության ներքո իրանական ուժերը կարող են հարձակվել Իրաքում ամերիկյան զորքերի վրա: Փոմփեոն չի նշել, թե նամակը երբ է ուղարկել:
«Մենք այդ նամակով հասկացրել ենք, որ Իրանին պատասխանատու կհամարենք Իրաքում ամերիկյան շահերի դեմ իր վերահսկողության ներքո գտնվող ուժերի կողմից ցանկացած հարձակման համար»,- ասել է Փոմփեոն՝ նշելով, որ Սուլեյմանին հրաժարվել է նամակը բացել:
Reuters-ը հայտնում է, որ հոկտեմբերին (Իրաքի Քուրդիստանում անկախության հանրաքվեի անցկացումից հետո – խմբ.) Սուլեյմանին քուրդ առաջնորդներին բազմիցս զգուշացրել է Քիքուքից հեռանալու կամ իրաքյան բանակի եւ Իրանի աջակցությունը վայելող «Հաշդ Շաաբի» շիական ոստիկանության հետ բախվելու անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ Իրաքի Քուրդիստան է մեկնել տեղական ղեկավարության հետ հանդիպելու:
Փոմփեոյի խոսքով՝ վերջին 2 շաբաթներին Հյուսիսային Իրաքում ճնշում գործադրելու Իրանի փորձերից ակնհայտ է, որ Իրանի ջանքերը շարունակում են աճել Մերձավոր Արեւելքում գերիշխող դառնալու փորձերի ուղղությամբ: