Լեհաստանի և Ուկրաինայի հարաբերությունները որոշ ժամանակ առաջ անսպաելիորեն սրվել են, և հակառակ խնդրի հանգիստ լուծման սպասումների՝ շարունակվում են սրվել: Գրում է Jam-news.net-ը:
Վերջին քայլը եղավ այն, որ Լեհաստանն արգելեց իր տարածք մուտք գործել «հակալեհական հայացքներ ունեցող» մի քանի ուկրաինացիների, գրում է Reuters-ը: Այնուամենայնիվ, այդ անձանց անունները չի հաղորդվում:
Վարշավայի այս որոշումը պատասխան գործողություն էր Ուկրաինային, որն ավելի վաղ արգելել էր լեհ գիտնականներին գտնել և արտաշիրմել Ուկրաինայի տարածքում երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սպանված լեհերին:
Խոսքը «Վոլինյան կոտորածի» զոհերի մասին է: 1943թ. Վոլին քաղաքում ուկրաինական ապստամբական բանակը զանգվածային ջարդ է իրականացրել լեհ բնակչության նկատմամբ:
Լեհաստանի իշխանությունները «Վոլինյան կոտորածը» որակավորում են որպես ցեղասպանություն լեհ բնակչության նկատմամբ: Կիևը դրան ավելի զուսպ գնահատական է տալիս:
Արդեն լրջացող այդ հակամարտության սկիզբը դրվել է դեռ նոյեմբերին, երբ վեճ առաջացավ այն հարցի շուրջ, թե ումն էր իրականում Լվովը 1918թ., երբ զբաղեցվել էր Լեհաստանի կողմից: Քննարկումների առիթ էր դարձել Լեհաստանի փոխհյուպատոսի այն հայտարարությունը, որ այդ ժամանակ ուկրաինական պետություն գոյություն չուներ, Լվովի բնակչության մեծ մասը լեհեր էին, ու հետևաբար, չի կարելի խոսել Լեհաստանի կողմից քաղաքի օկուպացման մասին:
Լեհաստանը եվրոպական երկրներից ամենաակտիվն է, որ քննարկում է Ռուսաստանի գործողությունները Ղրիմի և Դոնբասի նկատմամբ և պաշտպանում է Ուկրաինայի ձգտումները՝ Եվրամիության հետ առավել սերտ համագործակցության հարցում:
Այնուամենայնիվ, դա չի նպաստում Վարշավայի և Կիևի հարաբերությունների բարելավմանը: Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշիկովսկին վերջերս նշել է, որ «լեհ-ուկրաինական երկխոսության մեջ հետընթաց է նկատվել»:
Լեհաստանը, որ օգնել է Ուկրաինային 2004թ. և 2013թ. Մայդանի իրադարձությունների ժամանակ, նախագահի աշխատակազմի ղեկավար Կշիշտոֆ Շերսկիի խոսքով՝ կարող է դա չանել նոր քաղաքական ճգնաժամի դեպքում:
Պատմական փաստերի շուրջ Ուկրաինայի և Լեհաստանի վեճը ծավալվում է երկու երկրներում էլ բարդ արտաքին քաղաքական գործընթացների ֆոնին: Լեհաստանում առաջին անգամ իշխանության է եկել մի կառավարություն, որի առաջարկված գաղափարները շատերը Եվրամիությունում անվանում են ազգայնական: Ուկրաինան, իր հերթին, սկսում է պատրաստվել 2019թ. նախագահական ընտություններին, և այնտեղ էլ կան ուժեր, որոնք պատրաստ են ընտրողներին առաջարկել արտաքին թշնամու կերպար:
Այնուամենայնիվ, այս վեճերը շարունակում են մնալ մարգինալ: Գերակշռում են ընդհանուր շահերը և դեպի եվրոպական արժեքներ կողմնորոշումը: Այսպես, օրինակ, 2018թ. Լեհաստանը կավելացնի ուկրաինացիների համար աշխատանքային վիզաների թիվը, դարձնելով դրանք մինչև 900 հազար: