Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միության (TÜSİAD) տնօրենների խորհրդի նախագահ Էրոլ Բիլեջիքը անդարադարձել է ձախողված հեղաշրջումից հետո այդ երկրում հայտարարված արտակարգ դրության հետևանքներին:Բիլեջիքը մասնավորապես ընդգծել է, որ արտակարգ դրության պահպանման պայմաններում օտար ներդրողները հրաժարվում են նոր պայմանագրեր կնքել: Եվ այդ ներդրողների թիվն այնքան մեծ է, որ ուղղակի հնարավոր չէ դա անտեսել: Արտակարգ դրության ռեժիմի պատճառով խնդիրներ են ծագում նաև ուղևորությունների և առողջապահական ապահովագրության ոլորտում:«Ներդրումները և արտահանումը արդեն երկար ժամանակ է՝ հետընթաց են ապրում: 2012-2016 թթ. ընթացքում միջին տնտեսական աճը նվազել է մինչև 5.3 տոկոս», - ընդգծել է TÜSİAD-ի նախագահը,փոխանցում է Ermenihaber.am-ը:Բիլեջիքը նշել է, որ Թուրքիայի տնտեսական զարգացման վրա իրենց բացասական ազդեցությունն են ունեցել նաև մեկը մյուսին հաջորդած ընտրությունները, պարբերական ահաբեկչական գործողությունները, անվտանգության ցածր մակարդակը, ներգաղթյալների խնդիրը:Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ապահովվել կայունություն և անվտանգություն: