19.06.2026
Կոլաժը` VERELQ
prev Նախորդ նորություն

Դեպի Եվրոպա արտահանման բարձր գինը. ինչու սուբսիդիաները չեն լուծում խնդիրը (հարցազրույց)

Լուսանկարը` FT
Լուսանկարը` FT

Ռուսական շուկայի փակումը հայկական գյուղմթերքի առաջ նոր ու բարդ իրականություն է ստեղծել։ Մինչ կառավարությունը խոսում է դեպի Եվրոպա արագ վերակողմնորոշվելու և վնասները պետական սուբսիդիաներով ծածկելու մասին, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը հարցին մոտենում է սթափ հաշվարկներով՝ կոտրելով մեկ շուկան մյուսով անցնցում փոխարինելու միֆերը։ VERELQ-ի հետ հարցազրույցում տնտեսագետը բացահայտում է եվրոպական շուկա մտնելու թաքնված արգելքները և զգուշացնում. առանց հստակ «ելքի ռազմավարության» տրվող փողերը ոչ թե փրկում են բիզնեսը, այլ պարզապես հետաձգում են անխուսափելի հարվածը, որի իրական ծանրությունը տնտեսությունը կզգա արդեն աշնանը։



 


Լուսանկարում Վարդան Արամյանն է, աղբյուրը` banks.am


VERELQ: Պարոն Արամյան, ինչպես տեսնում ենք, ռուսական շուկան այս պահին գրեթե ամբողջությամբ փակ է, համենայն դեպս՝ Հայաստանից արտահանվող կարանտինային ապրանքների՝ գյուղմթերքի համար։ Շատ է խոսվում այն մասին, որ այժմ արագորեն փորձում են գտնել այլ շուկաներ, այդ թվում՝ եվրոպական։ Այս պահին կա՞ արդյոք հնարավորություն, որ ռուսական շուկան փոխարինվի, և տեղական արտադրողները գյուղմթերքի իրացման մասով մեծ վնասներ չկրեն։


Վարդան Արամյան: Եթե խոսում ենք հնարավորությունների մասին, ապա դրանք միշտ էլ կան, սակայն պետք է հասկանանք, թե որքանով է դա իրատեսական և ինչ ժամկետներում կարող է իրագործվել։ Եթե իրատեսականությունը դիտարկում ենք մեկ-երկու տարվա կտրվածքով, ապա ես դա հավանական չեմ համարում. առաջին հերթին՝ դա երկարատև աշխատանք է պահանջում։ Երկրորդ՝ առանց հավելյալ ծախսերի մեկ շուկան մյուսով լիարժեք փոխարինելը ևս իրատեսական չէ։


Ինչո՞ւ։ Ձեզ մոտ ես մի առիթով խոսել եմ Ստեռնի բիզնես դպրոցի պրոֆեսոր Պանկաջ Գեմավատի (Pankaj Ghemawat) հայտնի գործիքակազմի մասին, որը կոչվում է «CAGE հեռավորություն» (CAGE distance)։ Դրա իմաստն այն է, որ համակարգը նախնական ազդակ է տալիս, թե տեղական տնտեսվարողներն ինչպես կարող են արտահանել իրենց արտադրանքը։ Արտահանման, ուղղակի ներդրումների կամ ընկերությունների միաձուլումների և ձեռքբերումների (mergers and acquisitions) համար գոյություն ունեն տարբեր գործիքներ։ Ակադեմիական աշխարհում այս մոդելի հիմքում ընկած են գրավիտացիոն մոդելները, որոնք Գեմավատը պարզապես կատարելագործել է՝ չափելով, թե, օրինակ, կոնկրետ հայ արտահանողն ավելի հեշտությամբ որ տարածք կարող է մուտք գործել։


Եթե դրանով չափում ենք և զուտ ֆիզիկական հեռավորությունը համեմատում ենք CAGE հեռավորության հետ (երկուսն էլ կիլոմետրերով արտահայտված), տարբերությունն այն է, որ CAGE մոդելը հաշվի է առնում չորս հիմնական գործոն.


1. Մշակութային: Ներառում է լեզվական արգելքները, ժամային գոտիները, նիստուկացն ու նորմերը՝ հիմնված Գերտ Հոֆստեդեի (Geert Hofstede) մշակութային տարբերությունների տեսության վրա։


2. Վարչական/Ադմինիստրատիվ: Իրավական և պետական համակարգերի տարբերությունները։


3. Աշխարհագրական: Ներառում է լոգիստիկան, ճանապարհները և տարանցիկ հանգույցների քանակը։


4. Տնտեսական: Շուկայի կառուցվածքն ու ծախսատարությունը։


Ձեզ մոտ արդեն հնչեցրել եմ մի քանի թվեր, բայց կրկնեմ։ Հայաստանից Ռուսաստան ուղիղ գծով ֆիզիկական հեռավորությունը մոտ 2100 կմ է։ Երբ կիրառում ենք CAGE-ի վերոնշյալ չորս պարամետրերը, տեսնում ենք հետևյալ օրինաչափությունը. եթե ստացված նոր դիստանցիան ֆիզիկականից մեծ է, նշանակում է՝ այդ գործոնները քո դեմ են աշխատում և լուրջ խոչընդոտներ են ստեղծում, որոնք շրջանցելու համար պետք է ծախսեր կատարես։ Օրինակ, լեզվական և մշակութային արգելքների դեպքում ստիպված ես թարգմանիչ վարձել՝ առանց ծախսի դա անել հնարավոր չէ։ Կամ վարչական գործոնը. գուցե գտնվում եք տարբեր իրավական գոտիներում՝ մեկում գործում է անգլո-սաքսոնական (անգլիական) իրավունքը, մյուսում՝ ֆրանսիական քաղաքացիական իրավունքը։


Ռուսաստանի դեպքում այդ 2100 կմ-ը CAGE մոդելով մոտ 23%-ով նվազում է։ Սա նշանակում է, որ մեր տնտեսվարողների համար խոչընդոտները մեղմված են, իսկ միջավայրը ծանոթ է: Եվրոպական երկրների պարագայում պատկերն այլ է։ Օրինակ՝ դեպի Ավստրիա ուղիղ գծով հեռավորությունը մոտ 2480 կմ է, բայց երբ համակարգը հաշվի է առնում CAGE պարամետրերը, այն վերածվում է 3100 կմ-ի։ Նույնը Եվրոպայի ամենամեծ շուկայի՝ Գերմանիայի դեպքում է. 2900 կմ ֆիզիկական տարածքը չորս գործոնների հաշվառմամբ դառնում է 3500 կմ։


VERELQ. Ի՞նչ է սա մեզ հուշում։ Կառավարության այն տեսլականը, թե հարցը կարելի է կարգավորել սուբսիդավորմամբ:


Վարդան Արամյան. Ոչ, դա առասպել է։ Սուբսիդիաները չեն կարող անվերջ լինել. եթե բիզնեսը կախված է դրանցից, ուրեմն այն դե ֆակտո մրցունակ չէ։ Մենք նրանց վարժեցնում ենք պետական աջակցությանը, մինչդեռ դրանք մեր հարկատուների գումարներն են։ Մենք պետք է թիրախավորենք այնպիսի շուկաներ, որտեղ տնտեսվարողն ի զորու է մրցակցել։


Բերեմ պարզ օրինակ, թե ինչպես է աշխատում վարչական կամ տնտեսական գործոնը։ Գերմանական շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ են մեծածավալ «սուզված» կամ անվերադարձ ծախսեր (sunk costs / iceberg costs)՝ ուղղված մարքեթինգին, առաջմղմանն ու կապերի (network) ստեղծմանը։ Ռուսաստանում մենք ազատված ենք այդ ծախսերից. կարիք չկա ռուս սպառողին բացատրել, թե ինչ է հայկական կոնյակը, նրանք տասնամյակներ շարունակ այն սպառում են և ճանաչում որակը։ Իսկ ֆրանսիացուն դուք պետք է դա ապացուցեք՝ ընդ որում, մրցելով տեղական հայտնի բրենդների հետ։ Ռուսներին պետք չէ համոզել, որ հայկական միրգը որակյալ է, իսկ ավստրիացուն կամ ֆրանսիացուն պետք է համոզել։


Բացի այդ, Ռուսաստանում գործում են նպաստավոր այլ հանգամանքներ, ինչպես օրինակ՝ համախմբված հայկական սփյուռքը, մինչդեռ Եվրոպայում այն շատ ավելի ցրված է։ Մեր բիզնեսները և ապրանքները հեշտությամբ են մտնում ռուսական շուկա նաև այն պատճառով, որ առևտրային կետերի շատ սեփականատերեր հայեր են, որոնք աջակցում են մեր տնտեսվարողներին, իսկ գնորդների զգալի մասն էլ կրկին հայեր են։ Մոսկվայում ապրող հայ սպառողը կնախընտրի երկու-երեք անգամ ավելի թանկ վճարել հայկական ծիրանի համար, քան գնել էժան ուզբեկականը՝ դրանով նաև հայրենիքի հանդեպ կարոտն առնելով։ Եվրոպայում մենք այս գործոնները չունենք։


Հիշենք նաև Վրաստանի օրինակը. նրանց մոտ էլ ժամանակին նման խնդիր առաջացավ։ Թեև եվրոպացիները փորձեցին օգնել նրանց՝ տրամադրելով ազատ առևտրի ռեժիմ, բայց հենց որ ռուսական շուկան վերաբացվեց, վրացական գինիներն անմիջապես վերադարձան այնտեղ, և Ռուսաստանը կրկին դարձավ նրանց գինու թիվ մեկ գնորդը։ Պատճառն այն է, որ նշված արգելքները՝ լոգիստիկ, վարչական, մշակութային և այլն, տնտեսական լուրջ ծախսեր են ենթադրում բիզնեսի համար, իսկ ռուսական շուկան ավելի ծանոթ է և հասանելի։


Գումարած դրան՝ առկա է որակի չափանիշների խնդիրը։ Եթե ցանկանում եք համապատասխանել եվրոպական բարձր ստանդարտներին, դա մեկ-երկու օրում անել հնարավոր չէ. այն պահանջում է խոշոր ներդրումներ։ Եվրոպական շուկան գերհագեցած է, այնտեղ խաղացողները բազմապատիկ շատ են, և դիրքավորվելն ու առաջ մղվելը չափազանց ծախսատար է։ Եթե կառավարությունը նպատակ ուներ մուտք գործել այդ շուկա, պետք է սկսեր դրան պատրաստվել դեռևս 2018 թվականից։


Ես միշտ շեշտում եմ՝ եթե կառավարությունը կիրառում է սուբսիդավորման գործիք, այն անպայման պետք է ունենա ելքի ռազմավարություն (exit strategy)։ Եվ այդ ռազմավարությունը պետք է նախապես ներկայացվի տնտեսվարողին, որպեսզի նա պատրաստ լինի, որ աջակցությունը հարատև չի լինելու։ Հիշո՞ւմ եք եկամտային հարկի օրինակը՝ աջակցել հզորացմանը և հզորանալուց հետո դուրս գալ ծրագրից։


VERELQ: Իսկ հիմա ելքի ռազմավարություն կա՞, Ձեր կարծիքով:


Վարդան Արամյան: Ո՛չ, սա պարզապես ծախսերի փոխհատուցում է, համենայն դեպս՝ ես նման ռազմավարության մասին տեղյակ չեմ։ Հասկանո՞ւմ եք, մենք նախ ինքներս ստեղծում ենք խնդիրը, ապա սկսում ենք հերոսաբար այն հաղթահարել. սա ամենավտանգավոր և անարդյունավետ մոտեցումն է։


Ընդ որում, ևս մեկ կարևոր հանգամանք, Արշալույս ջան։ Պետք է գիտակցենք, որ տնտեսությունը կենդանի օրգանիզմ է, և այնտեղ գործընթացները միանգամից չեն դրսևորվում։ Մայիսյան սահմանափակումների իրական հետևանքները մենք կտեսնենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Ինչո՞ւ։ Որովհետև երբ տնտեսվարողը բախվում է իրացման շուկաների խոչընդոտների, նա անմիջապես չի գնում արտադրական ծավալների կամ աշխատատեղերի կտրուկ կրճատման։ Դա նույնպես ծախսատար գործընթաց է. նախ, ըստ Աշխատանքային օրենսգրքի՝ աշխատակցին հեռացնելուց առաջ պետք է նրան երկու ամիս շուտ ծանուցել։ Երկրորդ՝ մարդկանց աշխատանքից ազատելուց հետո կրկին հետ հավաքելը շատ բարդ է։ Երբ մարդն ազատվում է աշխատանքից, նա նոր գործ է փնտրում, և դուք չեք կարող նրանց միանգամից վերադարձնել։


Այդ իսկ պատճառով սկզբնական շրջանում տնտեսվարողները փորձում են դիմանալ և ժամանակավորապես համակերպվել վնասի հետ։ Իսկ կառավարությունն այդ վնասն ուղղակի փոխհատուցում է իմ և ձեր հարկերի հաշվին՝ առանց որևէ ռազմավարության և հիմնարար գործիքակազմի: Դա պարզապես խնդրի հետաձգում է։ Ժամանակը ցույց կտա, բայց մենք կտեսնենք, որ ընկերությունները նախ կբախվեն իրացվելիության (լիկվիդայնության) խնդրի, որը կփորձեն ծածկել կա՛մ պետական փոխհատուցմամբ, կա՛մ նոր վարկային միջոցներ ներգրավելով։ Դրանից հետո արդեն կկանգնեն վճարունակության խնդրի առաջ, և միայն այդ երկրորդ փուլում կսկսեն մտածել ծավալներ կրճատելու և մարդկանց աշխատանքից ազատելու մասին։

 Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն
18.06.2026
Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն