19.06.2026
Փաշինյանին շտապ հետընտրական գործընթացներ են պետք
prev Նախորդ նորություն

Տնտեսական կաթվածի վտանգ. Վարդան Արամյանը՝ գազի հնարավոր թանկացման մասին

Կոլաժը` VERELQ
Կոլաժը` VERELQ

Երևանի հետ Մոսկվայի քաղաքական տարաձայնությունների ֆոնին ռուսական գազի սակագնի հնարավոր վերանայումը և թանկացումը կարող են ծանր մուլտիպլիկատիվ ազդեցություն ունենալ Հայաստանի մակրոտնտեսական կայունության վրա՝ հանգեցնելով սպառման կտրուկ անկման, տեղական արտադրողների մրցունակության կորստի և էներգետիկ համակարգի թուլացման։ Նման նախազգուշացմամբ VERELQ-ի հետ զրույցում հանդես է եկել տնտեսագետ Վարդան Արամյանը:


Անդրադառնալով այն դիտարկումներին, թե ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի խաթարումը ՀՆԱ-ն կարող է մինչև 10-20% անկում ապրել՝ փորձագետը ձեռնպահ է մնացել հստակ տոկոսային կանխատեսումներից՝ նշելով, որ դրանք լուրջ հաշվարկներ են պահանջում, սակայն մանրամասնել է տնտեսության վրա հարվածի փոխանցման հիմնական ուղիները։


Մոսկվայի նախազգուշացումն ու Երևանի հավաստիացումները


Ռուսաստանը պաշտոնական նամակով զգուշացրել է Հայաստանին, որ կարող է դադարեցնել կամ չեղարկել 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու և մերձենալու իր քաղաքական կուրսը։ Համաձայնագիրը նախատեսում է Ռուսաստանից Հայաստան գազի և նավթամթերքի անմաքս մատակարարումներ՝ ներքին սպառման ծավալներով և առանց երրորդ երկրներ վերաարտահանման իրավունքի։


Վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանը էներգետիկ առումով խիստ կախված է Ռուսաստանից։ Միայն 2025 թվականին «Գազպրոմը» երկիր է մատակարարել մոտ 2,7 մլրդ խորանարդ մետր գազ, մինչդեռ ևս 476 մլն խորանարդ մետր ստացվել է Իրանից՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» սխեմայով: Հայաստանի համար ռուսական գազի սակագինը ներկայումս խիստ արտոնյալ է և կազմում է 177,5 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:


Ի պատասխան Մոսկվայից հնչող նախազգուշացումների՝ հայկական կողմը փորձում է մեղմել լարվածությունը: ՀՀ կառավարությունից արձագանքել են, որ այս պահին գազի գնի թանկացում չեն սպասում։ Պաշտոնական Երևանը հավաստիացնում է, որ առկա են գործող պայմանագրեր, և համապատասխան գերատեսչությունները ինտենսիվ ու ամենօրյա աշխատանք են տանում ռուսական կողմի հետ՝ ի հայտ եկած հարցերը գործընկերային մթնոլորտում քննարկելու և պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ։


Գազի կրկնակի թանկացում


Չնայած կառավարության հանգստացնող հայտարարություններին, անկախ վերլուծաբանները զգուշացնում են վերահաս վտանգների մասին։


Ըստ Արամյանի՝ չնայած կառավարության հավաստիացումներին գործող պայմանագրերի մասին, սահմանի վրա գազի գնի հնարավոր կրկնապատկումը (օրինակ՝ 177 դոլարից հասնելով 350 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, ինչը դեռ զիջում է բորսայական 400-600 դոլար միջակայքին), ուղիղ համեմատականով կկրկնապատկի վերջնական սակագինը թե՛ բնակչության, թե՛ տնտեսվարողների համար։


«Եթե նախկինում գազ ներմուծելու համար մեր երկրից արտահոսում էր 570 միլիոն դոլար, ապա այժմ այդ թիվը կհասնի ավելի քան 1 մլդր դոլարի»,- նշել է տնտեսագետը։ Նա հավելել է, որ միայն գազի սակագնի չշուկայական սուբսիդավորումը պետությանը կարժենա առնվազն կես միլիարդ դոլարի տարեկան կորուստ։


Անդրադառնալով Եվրամիության կողմից առաջարկվող օժանդակության փաթեթներին՝ Արամյանն դրանք որակել է ծավալվող վնասների համեմատությամբ անբավարար։ Նա հիշեցրել է, որ հայտարարված 270 միլիոն եվրոյի փաթեթը նախատեսված է 3-4 տարվա համար, որի զգալի մասը տեխնիկական աջակցություն է, իսկ կանխիկ հատկացումը կազմում է ընդամենը 50 միլիոն։


Հարված սպառողներին և արտադրողներին


Ըստ փորձագետի, էներգակիրների թանկացումը կգործարկի տնտեսական շղթայական ռեակցիա՝ առաջին հերթին սպառման կրճատման միջոցով։ Կոմունալ վճարումների կրկնապատկումը կստիպի քաղաքացիներին նույն եկամուտների պայմաններում կրճատել ծախսերն այլ ոլորտներում, ինչը կհարվածի տեղական ապրանքների պահանջարկին։


Զուգահեռաբար, կտրուկ կաճեն բիզնեսի արտադրական ծախսերը։ Որպես ռիսկային գոտի՝ Արամյանը մատնանշել է ջերմոցային տնտեսությունները, որոնք էներգակիրների թանկացման պարագայում կկորցնեն մրցունակությունը և շուկայից կարտամղվեն կենտրոնասիական՝ մասնավորապես ուզբեկական և տաջիկական ավելի էժան գյուղմթերքի (լոլիկ, ձմերուկ և այլն) կողմից։ Արդյունքում՝ շատ տնտեսվարողներ ստիպված կլինեն դադարեցնել գործունեությունը:


Էներգետիկ անվտանգություն և «տանելիության» գինը


Վարդան Արամյանն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել երկրի էներգետիկ համակարգի խոցելիության վրա։ Հայաստանում էլեկտրաէներգիայի շուրջ 30%-ն արտադրվում է գազով աշխատող ջերմային էլեկտրակայաններում, որոնցից առնվազն կեսի համար հումք է ծառայում ռուսական վառելիքը, մյուս կեսը` իրանական գազը։


Տնտեսագետը քննադատաբար է մոտեցել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այն դիրքորոշմանը, թե գնաճի հնարավոր հարվածը տնտեսության համար «տանելի» կլինի։ Նա նախազգուշացրել է, որ հետևանքների ծանրությունը կախված է նրանից՝ արդյոք ճնշումը կլինի միանգամի՞ց, թե՞ հաջորդական։


«Երբ մարդը կաթված է ստանում և գամվում մահճակալին, իրավիճակը գուցե «տանելի է»՝ նա դեռևս ողջ է, բայց չի կարողանում շարժվել, իսկ ապաքինվելուց հետո էլ նրա օրգանիզմն այլևս նախկինը չի լինի,- նշել է տնտեսագետը՝ եզրափակելով,- Ուստի, մենք պետք է հստակ հասկանանք, թե արդյոք դա արժե՞ այն քաղաքական գինը, որը մենք այսօր վճարելու ենք»։

Լուսանկարը` FT
Հաջորդ նորություն next
 Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն
18.06.2026
Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն