The Independent. 2մլն թուրք հայ տատիկ է ունեցել, բայց նրանք դեռ ժխտում են ցեղասպանությունը
Բրիտանական հեղինակավոր The Independent պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադառնում է թուրք քաղաքացիների ծագումնաբանական տվյալների բացահայտմանը և վերջիններիս բուռն արձագանքի պատճառներին:
Լրագրող Ռոբերտ Ֆիսկը հոդվածում գրում է, որ միայն Թուրքիայում է, որ քաղաքացու ինքնությունն ազգային անվտանգության խնդիր է, այդ պատճառով էլ բնակչության մատենավարությունը գաղտնի էր պահվում մինչ օրս:
«Մինչև սուլթան Էրդողանի՝ հեղաշրջման փորձից հետո հաստատած ինքնակալությունը, հազարավոր թուրքեր, թեև նեղ շրջանակներում, ազատ խոսում էին իրենց ազգակցական կապերի մասին: Իրենք գիտեին, որ հայերի զանգվածային սպանությունների և բռնաբարությունների ժամանակ քրիստոնյա ընտանիքներից շատերը փրկություն էին գտնում իսլամ ընդունելով: Տասնյակ հազարավոր հայուհիների ամուսնացրել են թուրքերի և քրդերի հետ:
Թուրքերի մեծամասնությունն իրականում հայերի սերունդներ են, համենայն դեպս ծնողներից մեկի գծով: Նրանց մի մասի նախնիներն էլ հույներ են: Արեևլյան Անատոլիայի շրջանում, ինչպես նաև Ստամբուլում, Իզմիրում, Էրզրումում, Վանում և Այնթապում և դեպի Սիրիա տանող մահվան ճանապարհին հազարավոր անգերեզման ուրվականներ են պտտվում՝ ապացուցելու հայոց ներկայությունը թուրքական պատմության մեջ: Ըստ մատենագրական տվյալների՝ նրանցից շատերի ժառանգները այժմ ողջ են», - գրում է Ռոբերտ Ֆիսկը:
Ինչպես նա նշում է, տասնյակ հազարավոր հայ որբեր մահմեդական դպրոցներ են ուղարկվել և իրենց թուրք են համարել, ստիպված են եղել խոսել թուրքերեն և փոխել անունները:
«Հնարավոր է, որ երկու մլն թուրք հայուհի տատիկ է ունեցել, սակայն նրանք դեռ շարունակում են հավատալ, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել», - եզրափակում է Ֆիսկը:
Թարգմանությունը` tert.am-ի: