ՀՀ երկրորդ նախագհահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։
Գանք սկզբից․
Հունիսի 14-ին նախագահ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ նա եռօրյա այցով մեկնում է Հայաստանից: Գրասենյակը, լավ իմանալով այս իշխանության գործելաոճը, ընդգծել էր․ «Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով: Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից»։
Նույն օրվա ավարտին նախագահ Քոչարյանի գրասենյակը հայտնեց, որ նախագահի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվել է։ «Մանր բռնապետն իր եվրոպացի տերերի կողմից այդքան գովաբանված «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի»։ Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է (եթե, իհարկե, բախտը բերի փախչել)»,- ասվում էր հաղորդագրության մեջ։
Հայաստանի քննչական մարմինները մամուլին հայտնել էին, որ Ռոբերտ Քոչարյանի սահմանային ելքը իրենց կառույցներում քննվող որևէ վարույթի շրջանակներում չի սահմանափակվել։ Ստացվում է՝ դա արվել է կոնկրետ մեկի ապօրինի հրահանգով։
Երկու օր անց՝ հունիսի 16-ին, պարզվում է, որ դատախազությունը քրեական մեղադրանք է ներկայացրել երկրորդ նախագահին։ Լավ, իսկ ինչի՞ մասին է խոսքը։
Եվ այսպես, ՀՀ 2-րդ նախագահին մեղադրում են պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ, այն բանի համար, իբր «2004թ․ լինելով Հանրապետության նախագահ, ունենալով շահադիտական դրդումներ, պետական գույքը ցածր գնով իր որդուն օտարելու համար, հանձնարարել է Կառավարության անդամներին ընդունելու մի որոշում, որով ուսումնական հաստատություն հանդիսացող «Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող՝ ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճյուղի 7/1 հասցեում գտնվող 29,033 քառ․ մետր հողատարածքը և դրա վրա առկա 1705քմ շինությունը օտարվել է «Կինետիկ» ՍՊԸ ընկերությանը մոտ 12մլն․ դրամով, այն դեպքում, երբ այդ գույքը 2006 թվականին գնահատվել է 1.1 մլրդ դրամ»։ Ընդ որում, պնդում են, որ այդ գույքը օտարման ենթակա չէր, քանի որ պատկանել է ուսումնական հաստատությանը, իսկ Կրթության մասին օրենքը նախատեսում էր, որ ուսումնական հաստատության գույքը օտարելիս պետք է օգտագործվի բացառապես ուսումնական նպատակներով»։
Նաև, նշում են, որ այնուհետև «Կինետիկ» ՍՊԸ ընկերության 50% բաժնեմասը ձեռք է բերել Սեդրակ Քոչարյանին պատկանող «Սթրիմ Ֆորս» ՍՊ ընկերությունը և դրանով էլ, իբրև, հիմնավորում են փողերի լվացումը` առ այն որ, վերջ ի վերջո, էժան գնով ձեռք բերված գույքը փաստացի անցել է Ռ. Քոչարյանին փոխկապակցված ընկերությանը։
Ըստ մեղադրանքի, արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս և առաջացել են ծանր հետևանքներ, քանի որ կոպիտ կերպով խախտվել է գույքի մասնավորեցման գործընթացը, սահմանափակվել է այդ գործընթացին այլ անձանց մասնակցության հնարավորությունը, կոռուպցիոն սխեմայով պետական սեփականության ֆոնդից 12մլն դրամով հանվել է 192մլն կադաստրային արժեքով և 1․1 մլրդ դրամ շուկայական արժեքով գույք, իսկ մարզադպրոցն էլ զրկվել է իր գույքը ուսումնական նպատակներով տնօրինելու իր իրավունքից։
Լավ, իսկ ո՞րն է նախագահ Քոչարյանի մասնակցությունը այստեղ․ այն, որ նա իր ստորագրությամբ վավերացրել է Կառավարության որոշումը, և որ գույքի մի մասը, վերջ ի վերջո, անցել է նրա որդուն պատկանող ընկերությանը։
Սա հենց մեղադրանքի ամբողջ զավեշտն է։ Այսպես,
1995թ․ խմբագրության Սահմանադրության 86-րդ հոդվածի համաձայն՝ «Կառավարության որոշումները ստորագրում է վարչապետը, վավերացնում` Հանրապետության Նախագահը»: Սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն՝ «Կառավարությունը կառավարում է պետական սեփականությունը»։ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ «Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից»:
Չկա որևէ իրավական ակտ, որը Հանրապետության Նախագահին լիազորում էր, այսպես ասած, վետո դնել Կառավարության որոշումների վրա, չվավերացներ դրանք, կամ վավերացումից առաջ ստուգեր այդ որոշումների իրավաչափությունը։ Հայտնի չի որևէ դեպք (1995 թ. խմբագրությամբ Սահմանադրության ընթացքում, այսինքն` մինչև 2005 թվականը) երբ Հանրապետության Նախագահը չվավերացներ Կառավարության որևէ որոշում, որը Վարչապետը ստորագրել էր: Ավելին՝ պետական գույքի կառավարման լիազորությունը պատկանում է Կառավարությանը․ հետևաբար՝ այս առումով Հանրապետության նախագահը իրավասու չէր միջամտելու Կառավարության գործունեությանը։
Կառավարության (այսինքն՝ կոլեգիալ մարմնի՝ Վարչապետի և նախարարների) ընդունած որոշումները վավերացնելով՝ այդ որոշումների հետևանքների մասով Հանրապետության նախագահը որևէ պատասխանատվություն չի կարող կրել։
Այսինքն՝ հանցագործության մասին պնդումներն առարկայազուրկ են, իսկ Կառավարության որոշում վավերացնել գործողությունն ամբողջությամբ տեղավորվում է Հանրապետության Նախագահին տրված անձեռնմխելիության շրջանակներում, այսինքն՝ իրավապահ մարմիններն իրավասու չեն քննության առարկա դարձնել այդ գործողությունն ինքնուրույն:
Թեև նախագահ Քոչարյանի նկատմամբ նման քրգործ հարուցելն ինքնին զավեշտ է, բայց այդ քրգործն անտրամաբանական է, եթե անգամ նախագահ Քոչարյանի անունը չշրջանառվեր։ Կառավարության ընդունած որոշումը ոչ իրավաչափ համարելու հիմքերը ևս բացակայում են։ Ինչո՞ւ։
«Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը «Կրթության մասին» օրենքի կարգավորումների համատեքստում չի համարվում ուսումնական հաստատություն։ Ավելին, այդ ՊՈԱԿ-ի հիմնադրման որոշման մեջ ևս նշված է, որ դրա գործունեության հիմնական նպատակն ու առարկան ֆիզկուլտուրային-առողջարարական և սպորտային գործունեության իրականացումն է։ Հետևաբար՝ Կրթության մասին օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանափակումը տվյալ դեպքում չէր գործում։
Եթե նույնիսկ այդ ՊՈԱԿ-ը լիներ ուսումնական հաստատություն, ապա օտարվել է ոչ թե ՊՈԱԿ-ին պատկանող գույք, այլ պետական սեփականումթյուն հանդիսացող գույք, որն անհատույց օգտագործման էր տրված ՊՈԱԿ-ին (հետ էր վերցվել և օտարվել)։
ԵՎ վերջապես, Կառավարության որոշմամբ նշված էր, որ այդ գույքը ձեռք բերողը պետ է պահպանի մարզադպրոցի գործունեության պրոֆիլը, այսինքն՝ գույքը պիտի շարունակվեր օգտագործվել այն նույն նպատակներով, ինչ նպատակներով որ անհատույց օգտագործման էր տրված ՊՈԱԿ-ին։
Դատախազության պատճառաբանությունն առ այն, որ պետական գույքը ուղղակի վաճառքով այլ անձի հանձնելը խաթարել է մասնավորեցման գործընթացը, սահմանափակվել է այդ գործընթացին այլ անձանց մասնակցության հնարավորությունը, ևս անհիմն է, քանի որ ՀՀ կառավարության 2003թ․ հունիսի 13-ի թիվ 882-Ն որոշմամբ (որով սահմանվում էր պետ․ գույքի օտարման կարգն ու եղանակները), նախատեսված էր, որ պետ․ գույքի օտարումն իրականացվում է աճուրդով, մրցույթով կամ ուղղակի վաճառքի ձևով` սույն կարգի համաձայն ընդունված որոշման հիման վրա:
Այսինքն, 2004թ․ պետ․ գույքի օտարում ուղղակի վաճառքի ձևով նախատեսված է եղել (հիմա ևս նման հնարավորություն կա) ՀՀ օրենսդրությամբ, ուստի այն որևէ կերպ չի կարող դիտվել որպես ապօրինի գործողություն։
Ինչ վերաբերվում է վաճառքի գնին, ապա
Գույքի օտարման մասին կառավարության որոշմամբ և այդ որոշման նախագծի հիմնավորումներից ակնհայտ է, որ նախ վաճառվել է ոչ թե հողատարածքը (այն տրվել է վարձակալությամբ), այլ երրորդ աստիճանի վթարային համարվող շինություններ (ի դեպ, շինության վթարային լինելու եզրակացության մասով Դատախազությունը որևէ առարկություն չի ներկայացրել), ուստի բնական է, որ գույքի գնահատված արժեքը պիտի ցածր լիներ դրա կադաստրային արժեքից։
Վարձակալությամբ հանձնված հողամասը որպես սեփականություն անցել է ձեռք բերող ընկերությանը 2005թ․ ընդունված Հողային օրենսգրքի հիման վրա (պայմանով, որ Կազմակերպությունը այդ գույքը օտարելիս պարտավոր է լինելու վճարել դրա կադաստրային արժեքը)։ Ենթադրվում է (և դատախազությունը իր որոշումներում հաստատում է), որ կադաստրային արժեքը՝ 444,489,528 ՀՀԴ չափով վճարվել է մասնավորեցման ժամանակ՝ 2021 թվականին (ընդ որում հողի մի մասը շարունակում է մնալ վարձակալած):
Կառավարության որոշմամբ նախատեսված էր, որ գույք ձեռք բերողը պիտի 800․000 դոլարին համարժեք դրամի ներդրում կատարեր 1-ին տարում՝ 200 000, երկրորդում՝ 300 000, երրորդում՝ 300 000, հետևաբար գույքի արժեքը 2006 թվականի հուլիսի դրությամբ՝ հաշվի առնելով շինությունների վերակառուցված լինելը, և վարձակալած հողի նկատմամբ Հողային օրենսգրքի հիման վրա սեփականության իրավունք ձեռք բերելը, կարող էր գնահատվել 1,1 մլրդ։
Ինչ վերաբերում է գույքի ձեռք բերման մասով Սեդրակ Քոչարյանի առնչությանը։ Նախ պետք է նշել, որ գույքը ձեռք բերող ընկերության հիմնադիրը հանդիսացել է Թենիսի ֆեդերացիայի Նախագահ Հարություն Փամբուկյանը, որ ցանկանալով երկրորդ կյանք տալ թենիսի մարզադպրոցին, դիմել է Կառավարությանը համապատասխան ներդրումային ծրագրով (այդ փաստը մատնանշված է նաև Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ), իսկ Կառավարությունն էլ, գնահատելով որ այդ պահին դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում, հավանություն է տվել ներդրումային ծրագրին, որն, ի դեպ կյանքի է կոչվել, և ներկայում ունենք միջազգային չափանիշներին համապատասխանող թենիսի մարզադպրոց։
Ինչ վերաբերվում է Սեդրակ Քոչարյանին պատկանող ընկերության կողմից 2009 թ․ «Կինետիկ» ՍՊԸ ընկերության 50% բաժնեմասի ձեռքբերմանը, ապա այն պայմանավորված է եղել նրանով, որ Մարզադպրոցը 2008 թվականի ճգնաժամից հետո ունեցել է ֆինանսական խնդիրներ, և փնտրել է համապատասխան ներդրողներ։ Որպես նման ներդրող հանդես է եկել Ս. Քոչարյանին պատկանող «Սթրիմ Ֆորս» ընկերությունը (ընդ որում՝ Հարություն Փամբուկյանը և Սեդրակ Քոչարյանը նաև մինչև այդ միմյանց ճանաչել են), որն ի դեպ բանկային փոխանցման միջոցով ձեռք է բերել բաժնետոմսերը բավականին տպավորիչ արժեքով՝ 1 մլրդ դրամ գումարով։
Փաստորեն, դրանով իսկ ևս հերքվում է Դատախազության այն վարկածը որ ի սկզբանե գույքի այս օտարման դրդապատճառն այն էր, որ Հանրապետության Նախագահի որդուն չնչին գումարի դիմաց անցնի բարձր շուկայական արժեք ունեցող պետական սեփականություն հանդիսացող գույք։
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ
Դատախազությունը, առանց ուսումնասիրելու ՊՈԱԿ-ի՝ ուսումնական հաստատություն լինել-չլինելու հանգամանքները (Կրթության մասին օրենքի իմաստով), օտարվող գույքը վերջինիս սեփականությունը լինել-չլինելու հանգամանքները, նույնիսկ ենթադրության մակարդակում չունենալով տեղեկատվություն՝ ինչ գործողությամբ է Հանրապետության Նախագահը չարաշահել իր լիազորությունները, և միմիայն ունենալով տեղեկատվություն, որ այդ գույքը ձեռք բերող ընկերության բաժնետոմսերի մի մասը այն ձեռք բերելուց 5 տարի անձ ձեռք է բերել Սեդրակ Քոչարյանին պատկանող ընկերությունը (այն էլ զգալի գումար վճարելով), շտապում է մեղադրանք առաջադրել Ռ. Քոչարյանին, որն որևէ լիազորություն գույքի օտարման մասով չուներ։ Ավելին, մեղադրանքն էլ առաջադրվել է քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածներով, որոնց վաղեմության ժամկետը լրացած է։
Շեշտենք․ եթե մենք՝ որպես լրատվական-վերլուծական կայք, հանրամատչելի աղբյուրներից կարողանում ենք այս ամենը վեր հանել, իրավապահները, վստահաբար, պարտավոր էին դա անել՝ մինչև քրեական հետապնդում հարուցելը:
Ստացվում է՝ Ռոբերտ Քոչարյանին տասնյակ տարիներ մեղադրել են աշխարհի բոլոր մեքերի մեջ, բայց գործնական փուլում կա՛մ մեղադրանք են հարուցում հակասահմանադրական հոդվածով կամ էլ՝ հազիվ կարողանում են գտնել 22 տարի առաջվա կառավարության որոշում և մեղադրում են այն վավերացնելու մեջ։ Դա էլ այն դեպքում, երբ 22 տարի առաջվա նախագահը, համաձայն Սահմանադրության, կառավարության որոշումները չվավերացնելու իրավասություն չուներ։
Աղբյուր՝ Yerkir.am