13.03.2026
Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել. Կառավարությունն ու ԱԺ-ն կարող են դիմել ՍԴ
19.09.2024
Կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել. Կառավարությունն ու ԱԺ-ն կարող են դիմել ՍԴ

Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովը կարող են կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու որոշում կայացնելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան, եթե կուսակցությունը գործունեության ընթացքում թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում: 1. եթե կուսակցությունը օրենքով չթույլատրված կամ օրենքով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետում չի փոխանցել պետական բյուջե կամ նվիրատուին, 2. դիտավորությամբ խախտել է իր տարեկան հաշվետվությունը սահմանված ժամկետում և կարգով հրապարակելու կամ լիազոր մարմնին ներկայացնելու կարգը, 3. դիտավորությամբ խախտել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու կարգը, և վերոնշյալ արարքներից որևէ մեկը կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, որից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գրավոր նախազգուշացվել է կուսակցության գործունեությունը կասեցնելու հնարավորության մասին, սակայն նախազգուշացվելուց հետո 30-օրյա ժամկետում չի վերացրել խախտումը, ապա նման արարքը համարվում է օրենքի կոպիտ խախտում: Եթե գրավոր նախազգուշացվելուց հետո 30-օրյա ժամկետում կուսակցությունը շարունակում է չվերացնել խախտումը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Ազգային ժողովին և Կառավարությանը՝ կուսակցության գործունեությունը կասեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հարցով: Առերևույթ օրենքի կոպիտ խախտում թույլ տված կուսակցությունները 6-ն են՝ «Հայոց համազգային շարժում» կուսակցություն, «Հայք» լիբերալ կուսակցություն, «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցություն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն, «Համախմբում» կուսակցություն, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն: Նշվածը հաշվի առնելով՝ Արդարադատության նախարարությունը իրազեկում և հորդորում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր կուսակցություններին՝ այսուհետ ապահովել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված իրենց պարտականությունների իրականացումը, այդ թվում՝ սահմանված ժամկետներում հրապարակել և լիազոր մարմին ներկայացնել կուսակցության տարեկան հաշվետվությունները, իսկ հնարավոր խախտում թույլ տված կուսակցություններին՝ հնարավոր սեղմ ժամկետում վերացնել թույլ տրված խախտումները, մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով հրապարակել և Լիազոր մարմին ներկայացնել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվությունը, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրել տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահանջը ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից: