Այսօր առավոտյան ադրբեջանցիները գողացել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ գտնվող Արավուս բնակավայրին պատկանող ոչխարները։ Panorama.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն ասաց, որ ոչխարները եղել են արոտավայրում։ «Այս պահին չեմ կարող կոնկրետ թիվ ասել, պետք է հաշվենք, երեկոյան կիմանանք»,- նշեց նա։ Հարցին՝ ինչպե՞ս է եղել դեպքը, հնչե՞լ են կրակոցներ. «Ոչ»։ «Չեմ կարող ասել, թե ինպես է եղել դեպքը»,- ասաց Ղուլունցը։ Նա նշեց, որ տեղում ԱԱԾ, պաշտպանության նախարարության աշխատակիցներն են, զբաղվում են այս հարցով։ Ղուլունցն ասաց, որ մեկ տարի է երևի նման դեպք չի գրանցվել։ Պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ն դեռևս որևէ մեկնաբանությամբ հանդես չեն եկել։ ՊՆ խոսնակը հեռախոսազանգերին չի արձագանքում։